Ապրիլ 20, 2024
exclusive
41255 դիտում

Սպորտային Գյումրին. Ավանդապահ քաղաքի ֆուտբոլիստուհիները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գյումրին սպորտային է իր ողջ էությամբ, քաղաքում զբոսնելիս այնպիսի տպավորություն է, որ ամեն 3-րդը շտապում է մարզումների:

Հայաստանի առաջնությունում «Շիրակի» հաջողություններից ու քաղաքում Ակադեմիայի կառուցումից հետո, աշխուժացել է նաեւ ֆուտբոլային կյանքը:

Տղաներին զուգահեռ իրենց ֆուտբոլային հմտություններն են հղկում նաեւ աղջիկները: Mediamax Sport-ը ներկա է եղել Ակադեմիայում «Տրիբունա» ակումբի մարզմանը, հետեւել աղջիկների հագեցած պարապմունքներին ու զրուցել նրանց հետ:

Կանանց ֆուտբոլը զարգացնող ակումբը

2013 թվականից «Տրիբունա» ակումբ հասարարական կազմակերպությունը զբաղվում է կանանց ֆուտբոլի զարգացմամբ ու մասսայականացմամբ: Այն 2 թիմ է հիմնել՝ «Գյումրի-1» ու «Գյումրի-2», որոնք էլ հանդես են գալիս Հայաստանի կանանց առաջնությունում: 2015-ին թիմը նախ Բ խմբում է հաղթող դարձել, մեկ տարի անց էլ՝ նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թիմի առջեւ միշտ հաղթելու ու չեմպիոն դառնալու նպատակներ են դրված դեռ այն ժամանակից, երբ նոր էինք ստեղծվել, ու չէին հավատում, որ կարող ենք լուրջ հայտ ներկայացնել: 2 տարվա մեջ ապացուցել ենք մեր ուժն ու չեմպիոն դարձել: Գյումրեցիներին չի սազում ցածր տեղեր զբաղեցնել, մենք էլ այդ սկզբունքով ենք առաջնորդվում:

Իր ակումբի հաջողություններով այսպես է հպարտանում ՀԿ-ի նախագահ Սենիկ Առաքելյանը: Նա դեռ 2012-ից է սկսել մարզել աղջիկներին Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության կենտրոնում: Հետո ընդլայնել է իր ծրագիրն ու կանանց ակումբ հիմնել: Հիմա արդեն 50 ֆուտբոլիստուհի է մարզվում թիմում:

Գյումրին ամենավանդապահ քաղաքներից է, շատ մեծ դժվարություններ ենք ունեցել կարծրատիպերի ու մենթալիտետի հետ կապված: Բայց եթե ամուր կոլեկտիվ ունես ու ընտանիքի պես ջերմ մթնոլորտ, ամեն ինչ էլ հաղթահարվում է: Ծնողներն էլ մեր աշխատանքին ծանոթանալուց հետո մեծ սիրով են երեխաներին ուղարկում ակումբ, մեր ջերմ երկրպագուներն են դարձել, իրենք էլ հանդիպումներին ներկա են լինում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կանանց ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար «Տրիբունան» տարատեսակ միջոցառումներ է կազմակերպում: Այս տարվա դպրոցական ամենամյա մրցաշարը նվիրված է եղել ապրիլյան պատերազմի հերոսներին: Շիրակի մարզի 32 դպրոցների շուրջ 300 աղջիկներ են մասնակցել: Լավագույններին էլ ակումբն ընդգրկել է իր կազմում:

Հիմնականում խնդիրները ֆինանսի հետ են կապված: Հանդերձանքի, գույքի, ինչպես նաեւ վնասվածքների պատճառով առաջացած բժշկական հետազոտությունների համար գումար է պետք լինում: ՀՖՖ-ն աջակցում է, բայց դա բավական չէ, պետք է կանանց ֆուտբոլը պրոպագանդել, հետաքրքրությունը մեծացնել, բարձրացնել առաջնության մակարդակը, ինչու ոչ՝ նաեւ ինտերնետ հեռարձակում իրականացնել, որպեսզի հովանավորներ գտնվեն:

«Տրիբունան» համագործակցում է ՀՖՖ-ի կանանց ֆուտբոլի բաժնի հետ ու առաջարկություններով հանդես գալիս, շատ դեպքերում դրանք օժանդակություն են ստանում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամերիկահայ մարզչի տեխնիկական պարապմունքները

Մինչ Առաքելյանի հետ ակտիվորեն քննարկում ու խոսում  ենք կանանց ֆուտբոլի խնդիրների ու զարգացման հեռանկարների մասին, աղջիկները մարզվում են ԱՄՆ-ից ժամանած մարզիչ Կարեն Արաբյանի գլխավորությամբ: Նա տեխնիկական պատրաստվածության հատուկ մարզումներ է մշակել՝ կարճ ժամանակում անհրաժեշտ հմտություններին տիրապետելու համար:

Արաբյանի հայրը ծնվել է Լիբանանում, այնուհետեւ տեղափոխվել է ԱՄՆ ու այնտեղ պրոֆեսիոնալ մարզիչ է աշխատում: Նրանից էլ որդին ժառանգել է ֆուտբոլի նկատմամաբ սերը:

Ես ԱՄՆ-ում եմ ծնվել ու մեծացել, տեղի հայկական դպրոցում եմ սովորել: Երբ ընդամենը 3 տարեկան էի, հայրս ինձ տանը մարզում էր, ամեն տեղ գնդակը վարելով էի գնում: Այս տարվա փետրվարին եմ ժամանել Երեւան, մեկ ամիս անց արդեն Գյումրիում էի ու մարզվում էի  «Շիրակի» հետ: Նաեւ «Թումոյում» եմ աշխատում: Հիմա աղջիկներին եմ մարզում, շատ մեծ հաճույք եմ ստանում այս աշխատանքից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տեխնիկական մարզումների արդյունքում ֆուտբոլիստուհիներն ավելի լավ կվերահսկեն գնդակն ու չեն կորցնի այն: Մարզումները հիմնականում շաբաթը 3-4 օր են լինում, բայց ամառային արձակուրդների հաշվին հանգստյան օրերը նվազագույնի են հասցվել:

Աղջիկները շատ համեստ են, ուզում են սովորել, ուշադիր են ու արագ են ընկալում ամեն ինչ: Ուրախ եմ, որ օգնում եմ նրանց կայանալ ֆուտբոլում, ժամանակը լավ անցկացնել ու առողջ լինել: Եթե այսպես շարունակենք, Գյումրիից 2-3 աղջիկներ կընդգրկվեն Հայաստանի հավաքականում:

Մխիթարյանի խորհուրդներն ու աղջիկների նպատակները

Ֆուտբոլային դաշտում մարզումներ անցկացնող բոլոր աղջիկներն էլ տարբեր են, սակայն նրանց միավորում է ֆուտբոլի նկատմամբ մեծ սերն ու մի օր հայտնի ստադիոններում խաղալու երազանքը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վանաձորից 17- ամյա Աննա Սոսյանը ֆուտբոլով լուրջ զբաղվում է արդեն 3 տարի: Մանկուց է ցանկացել հայտնի ֆուտբոլիստուհի դառնալ, նախ աթլետիկայով ու սամբոյով է մարզվել: Սակայն նա թիմային աշխատանքն է նախընտրում ու չի ընդունում, երբ սպորտում աղջիկների ու տղաների միջեւ տարբերություն են դնում:

Ինձ անընդհատ ասում էին, որ ֆուտբոլն աղջկա սպորտաձեւ չէ, բայց այդ ամենն ինձ ավելի էր ոգեւորում ու օգնում, որ զբաղվեմ այս սպորտով:  Ֆուտբոլում սովորում ենք թիմային աշխատանք կատարել, ինչը շատ է պետք գալիս նաեւ առօրյա կայնքում: Բացի այդ էլ առողջ ապրելակերպ ենք վարում ու գեղեցիկ կառուցվածք ունենում:

Իր սիրելի ֆուտբոլիստի՝ Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպումն ավելի մեծացրեց սպորտով զբաղվելու ցանկությունը: Այս ամսվա սկզբին են «Տրիբունայի» աղջիկները ծանոթացել իրենց կուռքի հետ ու նրանից շատ բան սովորել:

Այդ օրն իմ երազանքը կատարվեց, վերջապես հանդիպեցի Մխիթարյանին: Նրա մասին շատ եմ կարդացել ու ծանոթ եմ այն դժվարություններին, որ նա է հաղթահարել: Մխիթարյանի խորհուրդներից ամենակարեւորն ինձ համար այն էր, որ եթե ինչ-որ արդյունքի ես ուզում հասնել, պետք է շատ աշխատես: Այդ հանդիպումից ավելի եմ ոգեշնչվել ու կշարունակեմ գնալ իմ նպատակի հետեւից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իր սիրելի դարպասապահների՝ Մանուել Նոյերի ու Ջանլուիջի Բուֆֆոնի պես հուսալի ու հայտնի է ուզում դառնալ 17-ամյա Մայա Ցոլակյանը: Սկզբում նա չի էլ իմացել դարպասապահի աշխատանքն իրենից ինչ է ներկայացնում, մարզիչներն են նրան կանգնեցրել այդ դիրքում:

Ֆուտբոլը շատ եմ սիրում, մանկուց եմ այն ընտրել: Հայաստանում դեռ քիչ աղջիկներ են զբաղվում: Ես դարպասապահ լինելուց բացի նաեւ թիմի ավագն եմ: Շատ դժվար է գնդակներ հետ մղելը, թիմի արդյունքի կեսը դրանից է կախված: Հիմա արդեն դարպասում շատ հանգիստ եմ զգում ինձ: Գիտեմ, որ շատ եմ օգուտ տալիս:

Ծնողները սկզբում դեմ են եղել ու մեծ դժվարությամբ Մայային թողել ֆուտբոլով զբաղվել, այդ հարցում նրան մարզիչներն են օգնել: Մինչդեռ հիմա ամեն կերպ աջակցում են նրան ու հաջողություններ ակնկալում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆուտբոլը ոչ միայն չի խանգարում գեղեցիկ կառուցվածք ունենալ, մի բան էլ ավելի է գեղեցկացնում՝ ճկուն, սլացիկ ու գեղեցիկ է դարձնում: Խորհուրդ եմ տալիս աղջիկներին անպայման զբաղվել:

Ասում է Վիկա Ասատրյանը, նա ֆուտբոլ ոչ միայն խաղում է, այլ նաեւ պարտադիր հետեւում հեռուստացույցով: Սիրելի խաղացողներն էլ Մխիթարյանը, Անտուան Գրիզմանն ու Քրիշտիանու Ռոնալդուն են, որոնք թեեւ շատ տարբեր են, բայց իրենց գործի իսկական վարպետներն են:

Կանանց ֆուտբոլի զարգացման հույսերով

Թեեւ աղջիկները ֆուտբոլի շուրջն են համախմբել, սակայն ակումբում միայն նրանց ֆիզիկական կրթությամբ չեն զբաղվում: Նրանք համակարգչային կրթություն են ստանում «Թումոյում», անգլերենի դասընթացների մասնակցում, դաստիարակչական բնույթի սեմինարների  հաճախում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Չենք փորձում նրանց միայն ֆուտբոլիստ դարձնել, կրթում ենք, խորհուրդներ տալիս ու օժանդակում: Գուցե այս 50-ից միայն 10-ը ֆուտբոլիստ կդառնան, մնացածն էլ այստեղից գիտելիքներ կտանեն:

Սենիկ Առաքելյանը հույս ունի, որ մի օր կանանց ֆուտբոլը մեր երկրում առաջընթաց կարձանագրի, կկարողանան հանդես գալ կանանց Չեմպիոնների Լիգայում ու մեկնել արտասահմանան խաղերի:

Վերջերս մեր ուժերով աղջիկներին տարել էինք Թբիլիսի, որտեղ հանդիպում անցկացրին: Մեր մրցակիցները պատրաստվում են մասնակցել ՉԼ-ին, նույնիսկ մեր դարպասապահին են ուզում հրավիրել, լավ տպավորություն է թողել:  Փորձում ենք հանարվորության դեպքում գոնե հարեւան թիմերի հետ խաղեր անցկացնել ու հետարքրությունն աղջիկների մոտ պահել:

Գյումրիի մասին մեր նախորդ հրապարակումները՝

Սպորտային Գյումրին. Ծանրամարտ

Սպորտային Գյումրին. Օլիմպիական չեմպիոնի «ոչ օլիմպիական» դպրոցը

Սպորտային Գյումրին. Ֆուտբոլի ակադեմիայի ուրախ մարզումները

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին