exclusive
28625 դիտում

Սպորտային Գյումրին. Ծանրամարտ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի սպորտային սիրտը խտացված է Գյումրիում: Ամեն տարի մեր ամենացուրտ քաղաքներից մեկի տասնյակ մարզիկներ նվաճում են միջազգային խոշոր հարթակներն ու վերադառնում մեդալներով:

Իրենց սպորտային քաղաքի գաղտնիքը նրանք երբեք չեն բացահայտում, ամեն ինչ գյումրեցիների թասիբին, հողին ու ջրին են վերագրում:

Mediamax Sport-ը կարճատեւ ուղեւորություն է կատարել «չեմպիոնների քաղաք» ու այցելել սպորտային ամենակարեւոր կենտրոնները՝ մարզիկներին գործի մեջ տեսնելու ու նրանց պայմաններին ծանոթանալու համար:

Մեր առաջին կանգառը 1977 թվականին հիմնադրված Գյումրու հերթափոխի ծանրամարտի դպրոցն է, որը 2006-ից կրում է Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անունը:

Հարազատ դպրոց վերադարձած Գեւորգ Դավթյանը

150 սան ունեցող մարզադպրոցը երբեք էլ անվանի ու տիտղոսակիր մարզիկների պակաս չի ունեցել: 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներից երկուսը հենց այստեղից են՝ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանն ու Գեւորգ Դավթյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի չեմպիոն ու ԱԱ-ի արծաթե մեդալակիր Դավթյանը կարիերան ավարտելուց մի քանի տարի անց նորից վերադարձել է ծանրամարտ՝ Հայաստանի պատանեկան հավաքականի մարզչի ու իր դպրոցի տնօրենի կարգավիճակով:

Իրեն մարզչի դերում երբեք չի պատկերացրել, թեեւ մարզվելու տարիներից էլ սիրել է երեխաներին հետեւել ու խորհուրներ տալ:

Ասես 2 տարբեր մասնագիտություններ լինեն մարզիկի ու մարզչի աշխատանքները: Իմ անձնական մարզիչը՝ Վահան Բիչախչյանը, ստիպեց ու նպաստեց, որ աշխատեմ պատանիների  հետ: Պատասխանատվությունը մանավանդ մրցումների ժամանակ շատ մեծ է, պետք է ուշադիր լինել, աղյուսակները լավ հաշվել, նուրբ ու դժվար գործ է, բայց ստացվում է ինձ մոտ:

Գեւորգը նվիրված ու սիրված ծանրորդից վերածվել է հոգատար ու պատասխանատու մարզչի, որն արդեն ուրախանում է իր դպրոցի սաների հաջողություններով ու նրանց մեծ ապագա կանխագուշակում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Յուրի Վարդանյան, Իսրայել Միլիտոսյան, Վարդան Միլիտոսյան. նրանց շնորհիվ են Գյումրիում սկսվել ծանրամարտի ավանդույթները: Հիմա էլ երեխաները մեկը մյուսի օրինակով են գալիս դահլիճ: Երբ ես Եվրոպայի չեմպիոն դարձա, մինչեւ վերադարձա, մեր դահլիճի երեխաները մոտ 50 տոկոսով ավելացել էին:

Մի 2-3 տարի հետո պատանիների նոր ու լավ սերունդ կտանք, նրանք միջազգային մրցումներում արդյունքներ ցույց կտան: Հիմա եղբորս որդին՝ Դավիթն է սկսել մարզվել, դեռ 13 տարեկան չկա, ես իրեն տեսնում եմ հավաքականում ու հույսեր կապում իր հետ:

Թեեւ մարզադպրոցն ամենալավ վիճակում չէ՝ հին գույք, սեփական միջոցներով արված վերանորոգում, սակայն այնտեղ հոգի կա, երեխաներն ու մարզիչներն անընդհատ ուզում են վերադառնալ այդքան հարազատ դարձած պատերի մեջ:

Ծանրամարտում թույլ մարդն անելիք չունի

Դպրոցի ամենահայտնի սաներից է Կարուշ Ղուկասյանը, ով այս տարվա Հայաստանի չեմպիոնն է, իսկ 2015-ին Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ:

Կարուշը խոստովանում է, որ ծանրամարտում թույլ մարդն անելիք չունի, այստեղ միայն հոգեպես ու ֆիզիկապես ուժեղների տեղն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին հայացքից կարող է թվալ, թե ծանր քաշ բարձրացնելն է դժվարությունը, բայց ամենեւին էլ այդպես չէ: Ծանրամարտում նախ պետք է հոգեբանորեն կոփված լինել, ուղեղդ լավ աշխատի, որպեսզի կարողանաս անշունչ առարկան ենթարկել քեզ:

Ծանրորդը 14 տարեկանում մտել է այս մարզադահլիճ ու այլեւս իր կյանքն առանց մարզումների չի պատկերացնում: Իր որոշմամբ է եկել ծանրամարտի ու արդեն 8 տարի է մարզվում է Վահան Բիչախչյանի գլխավորությամբ: Դպրոցն իր երկրորդ տունն է դարձել, նույնիսկ այստեղ ավելի ազատ է զգում, քան սեփական տանը:

Հարցնում եք, թե ինչո՞ւ է Գյումրին հայտնի մարզիկներ տալիս: Ես կարծում եմ, երբ մարդու գլխին շատ դժվարություններ են ընկնում, ինքն ավելի ուրիշ ձեւով է պատկերացնում կյանքը, ավելի է կոփվում, կամային ուժեղ հատկություններ է ձեռք բերում, գիտելիքներն են ավելանում: Գյումրիում ապրող յուրաքանչյուր մարդ տարբերվում է իր թասիբով, աշխատասիրությամբ, դրդումով: Միգուցե շատերը ձեզ այսպես պատասխանեն, բայց դա իրոք այդպես է:

Նա հիմա պատրաստվում է հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը: Փորձում է ուղղել սխալները, որպեսզի այնտեղ բարձրացնի իր ցանկացած կիլոգրամներն ու հայրենի երկրի ու քաղաքի համար նվաճի ցանկալի մեդալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դպրոցի 70-ամյա անփոխարինելի մարզիչը

Արդեն 30 տարի է սպորտային ռեժիմով է ապրում Վահան Բիչախչյանը: 1980-ական թթ. նա ԽՍՀՄ-ի պատանեկան հավաքականի մարզիչներից մեկն էր, 12 տարի տարբեր թիմերի հետ աշխատեց ու խորացավ այս մասնագիտության մեջ:

Բիչախչյանը սառն ու անշունչ ծանրաձողի նկատմամբ սեր է արթնացրել տասնյակ մարզիկների մոտ: 20-ից ավելի միջազգային կարգի սպորտի վարետներ, Եվրոպայի, Աշխարհի ու Օլիմպիական խաղերի մեդալակիրներ է պատրաստել:

Իր աշխատանքային երկարակեցության պատճառը մեկն է համարում, եթե որեւէ գործ սիրում ես ու ստացվում է արդյունքի հասնել՝ չես կարողանում դավաճանել այն:

Բիչախչյանների ընտքնիքում սպորտի նկատմամբ սերը փոխանցվում է հորից որդուն, նրանց արդեն 3-րդ սերունդն է խորացել սպորտային մասնագիտության մեջ:

Որդիս՝ Վարդանն  էլ էր ուզում ծանրամարտով  զբաղվել, բայց ես չթողեցի: Հայրը չի կարող եւ մարզել, եւ դաստիարակել երեխային: Նա, ինչպես եւ թոռս, ֆուտբոլն ընտրեցին: Վահանը խոստումնալից ֆուտբոլիստ է, նրա մեջ տաղանդ եմ տեսնում,  նպատակասլաց է, ռեժիմ պահող: Սպորտը նրա կյանքի իմաստն է, դա ինձ հետագա հաջողությունների հույս է ներշնչում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ոչ միայն թոռան, այլ իր սաներից յուրաքանչյուրի համար սրտացավ մարզիչը շատ մեծ ցանկություններ չունի, պայմաններից չի դժգոհում, դպրոցում ինչքան կարողանում են, կազմակերպում են ջեռուցումը, երեխաների լոգանքը: Սակայն շատ է ցանկանում, որ ժողովրդի վիճակը բարելավվի, քանի որ այն ուղղակիորեն կնպաստի նաեւ սպորտային արդյունքների բարձրացմանը:

Որպես մարզիչ 2 խնդրի հետ եմ առնչվում ՝ երեխաների սոցիալական վիճակն ու բանակի հարցը: Բոլորը չէ, որ պատանի տարիքում են դրսեւորում իրենց, նրանք ստիպված են լինում մեկնել ծառայության, իսկ վերադառնալուց հետո էլ չեն շարունակում: Սպորտը, մանավանդ ծանրամարտը, շատ մեծ կալորիաներ ու էներգիա են պահանջում: Ծանրորդներն օրական 25-30 տոննա ծանրաբեռնվածության են ենթարկվում, դրան պետք է կարողանալ դիմանալ:

Գյումրիում ժամանցի ու զվարճանքի վայրեր քիչ կան, կլիման էլ Արարատյան դաշտավայրի համեմատ խիստ է ու չոր, այդ պատճառով երեխաները փորձում են իրենց ողջ էներգիան սպորտի մեջ ներդնել ու դրսեւորել իրենց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր առջեւ մեծ նպատակներ ունենք դրված՝ Հայաստանի հավաքականին որքան հնարավոր է շատ մարզիկներ տալ ու միջազգային հարթակներում բարձր արդյունքների հասնել: Մեր սաները միշտ փորձում են առաջինը լինել, մարզումների ժամանակ դրա վրա շատ ենք աշխատում, որ սպորտում էլ, կյանքում էլ ձգտեն առաջատար դառնալ:

Մարզադպրոցի սաներից բոլորը չէ, որ հետագայում մարզիկ են դառնում, բայց առաջին հերթին կարգապահություն են սովորում, սպորտն օգնում է բացահայտել մարդու բնավարության ամենալավ գծերը, որոնք կյանքում էլ շատ են պետք գալիս:

Իսկ մեծ արդյունքների հասնելու համար պետք է պատրաստ լինել ինքնազոհողության գնալ ու շատ բաներից զրկվել: Հետագայում դա կենսակերպ է դառնում ու օգնում մեծ նվաճումներ ունենալ: Ես ամեն երեխայի միշտ ցույց եմ տալիս, որ նա ինձ պետք է: Երբեք չպետք է ասել, որ նրանից ծանրորդն դուրս չի գա: Ամեն ինչ մարդու բնավորությունն ու աշխատասիրությունն են որոշում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Յուրի Վարդանյանի անվան դպրոցում մարզումներն անցնում են գյումրեցիներին հատուկ հումորով ու կատակներով, ասում են իրենց մոտ երբեք ձանձրալի չի լինում:

Երիտասարդ ծանրորդներից իր գիտելիքներով ու բանիմացությամբ փորձում է հետ չմնալ նաեւ 70-ամյա մարզիչը: Ամենատարբեր թեմաներից են խոսում ու ցանկացած հարցի պատասխանը մարզիչը պետք է ունենա՝ Սոֆի Լորենից մինչեւ Անջելիա Ջոլի, կատակում է Բիչախչյանը:

Պատանի մարզիկների ձգտումները

Մարզադպրոցի ավելի փոքր սաների համար օրինակ են իրենց սիրելի ծանրորդները, որոնց լուսանկարները փակցված են ամենուր: Մարզիչ Գեւորգ Դավթյանն իր փորձով է օգտակար լինում նրանց, Կարուշ Ղուկասյանը ոգեշնչում է, որ մի օր իրենք էլ միջազգային հարթակներում հանդես կգան, անկրկնելի Վահան Բիչախչյանն էլ միշտ նրանց կողքին է իր խորհուրդներով ու գիտելիքներով:


9-ամյա Լեւոնն ու 10-ամյա Արսենը թեւ սկզբում այլ մարզաձեւերով են հետաքրքրվել, սակայն հայտնվել են ծանրամարտի դահլիճում ու այժմ անում են ամեն ինչ, որպեսզի մի օր հասնեն իրենց երազանքին՝ չեմպիոն դառնան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լեւոն.  Ես քիք բոքս էի պարապում, բայց հետո չուզեցի շարունակել: Հայրիկս ծանրորդ է եղել, նրան խնդրեցի, որ ինձ էլ բերի մարզումներին, եկա ու միանգամից սիրեցի: Հիմա արդեն 38 կգ կարողանում եմ բարձրացնել, մեր քաղաքում կազմակերպված մրցաշարի եմ մասնակցել, բայց չկարողացա մրցանակային տեղ գրավել: Մեր ծանրորդների ելույթներին հետեւում եմ, ճիշտ է, հիմա ընկեր Գեւորը (Գեւորգ Դավթյանը- հեղ.) չի պարապում, բայց ես իր ելույթներն եմ շատ սիրում:

Արսեն. Ուզում էի բռնցքամարտ պարապել, բայց ծնողներս չթողեցին, ես էլ որոշեցի գալ ծանրամարտի: Հիմա առավոտյան ենք մարզվում, քանի որ արձակուրդ է, բայց ընդհանրապես չեմ հոգնում ու դասերիս հետ էլ հասցնում եմ: Մեր մարզիչ Վահան Բիչախչյանը չի ջղայնանում, իսկ երբ սխալ ենք անում այդ ժամանակ ուղղում է:

Մեր ուրախ ու հետաքրքիր առավոտն ապահոված թիմին հրաժեշտ ենք տալիս ու շտապում այլ մարզադպրոցներ, որոնց պակասը Գյումրին չունի: Իսկ դրանց կանդրադառնանք արդեն մեր մյուս հոդվածներում:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին