Ապրիլ 24, 2024
exclusive
19886 դիտում

Արոնյանի հետաքրքիր պարտիաները. Վերլուծում է Ռոբերտ Հովհաննիսյանը


Լուսանկարը` norwaychess.no


Ստավանգերում ընթացող մրցաշարում այսօր կայանալու է 7-րդ տուրը: Առաջատարները 4 միավորով Լեւոն Արոնյանն ու Հիկարու Նակամուրան են:

Մագնուս Կարլսենի նկատմամբ տոնած հաղթանակի մասին ողջ շախմատային աշխարհը խոսեց: Բոլորն էին ընդգծում Արոնյանի հրաշալի ոճն ու մի շարք նորությունները, որոնք նա ցուցադրեց հենց այդ պարտիայի ժամանակ:

Mediamax Sport-ի համար այդ, ինչպես նաեւ Վլադիմիր Կրամնիկի դեմ պարտիան վերլուծել է գրոսմայստեր, Աշխարհի թիմային առաջնության հաղթող Ռոբերտ Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արոնյան-Կարլսեն պարտիան շատ հրաշալի ստացվեց: Լեւոնն այստեղ նոր քայլ կատարեց՝ փիղ c2: Հիմնական նպատակն ուղղված էր սեւերի e5 քայլի դեմ, որին կհետեւեր cd:

Դրա համար Կարլսենը երկար մտածելուց հետո խաղաց նավակ d8, ինքն էլ էր գիտակցում, որ դա ամենապրինցիպիալ քայլը չէ, պարզապես ուզում էր Լեւոնին շեղել իր տնային պատրաստվածությունից:

Սրանից հետո Լեւոնը որոշեց գնալ վճռորոշ քայլի, զոհաբերեց որակ, ու Կարլսենի թագուհին հայտնվեց թակարդում: Նա շատ հետաքրքիր a3 քայլ խաղաց: Կարլսենը զինվոր զոհաբերեց, որպեսզի թագուհուն ազատի: Սա երեւի լավագույն որոշումը չէր, որովհետեւ դրանից հետո Լեւոնն առավելություն ստացավ՝ անցկացնելով կոմբինացիա, որի արդյունքում զոհաբերեց ֆիգուր՝ դրա տեղը ստանալով երեք զինվոր, եւ 26-րդ քայլին արդեն Կարլսենը լարվածությանը չդիմացավ ու թագուհի d3 խաղաց, այստեղից էլ նշմարվեց, որ դիրքը պարտված է:

31-րդ քայլին Մագնուսը դեռ ինչ-որ շանսեր ուներ, եթե նավակ f8 խաղար, բայց e5 արեց, ու Լեւոնը հստակ իրացրեց իր առջեւ դրված խնդիրը: Այլեւս ոչինչ չէր փրկի Կարլսենին:

Լուսանկարը` norwaychess.no


Շատ կարեւոր պարտիա էր նաեւ Արոնյան-Կրամնիկ դիմակայությունը: Այստեղ եւս Արոնյանը հետաքրքիր քայլեր կատարեց: Նա 13-րդ քայլին խաղաց շատ տարբերվող նավակ ac1: Կարծում եմ, Կրամնիկի առաջին սխալը թագուհի g4-ն էր, ինչին Լեւոնը պատասխանեց g3-ով ու սկսենց ճնշում գործադրել թագուհու վրա: Կրամնիկը եւս մի քանի վրիպումներ թույլ տվեց, եւ Արոնյանը ստացավ մեծ առավելություն, ինչից հետո խաղն արդեն նրա ձեռքում էր:

Սեւ խաղաքարերով Արոնյանը ոչ-ոքիներ է արել: Սպիտակները, կարծես, առավելություն չունեն, բայց ամեն դեպքում սպիտակն է ընտրում, թե պարտիան որ տարբերակով ընթանա: Սեւերի համար, մանավանդ այսպիսի բարձրակարգ շախմատիստների պայքարում, հաղթելը շատ բարդ է: Իմ կարծիքով, Լեւոնի այս ոչ-ոքիները շատ լավ արդյունք են:

Լուսանկարը` norwaychess.no


Ընդհանրապես, զգացվում է, որ նա շատ լավ է պատրաստվել, որովհետեւ հետաքրքիր ու նոր քայլեր է անում, ուժեղ տեխնիկա է ցուցադրում, առանց սխալի իրացնում է իր առավելությունը: Ամեն դեպքում, մինչեւ հիմա շատ ուժեղ խաղ է ցույց տալիս:

Կարլսենն է շատ թույլ, վաղուցվանից նա այսպիսի ելույթներ չի ունեցել: 6-րդ տուրից հետո ոչ մի պարտիայում չի հաղթել ու կիսում է վերջին տեղը: Իսկ ահա Հիկարու Նակամուրան լավ է գործում:

Մրցումը լավ է ընթանում, բայց դեռ ոչ մի բան պարզ չէ, որովհետեւ, կրկնեմ, Նակամուրան շատ ուժեղ է խաղում եւ Լեւոնի հետ կիսում է առաջին տեղը: Դեռ երեք տուր կա, այնպես որ, սպասենք մրցաշարի ավարտին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին