Ապրիլ 25, 2024
exclusive
11698 դիտում

Լեւոն Պաչաջյանը Ստոքհոլմից ամփոփում է ԵԼ-ի եզրափակիչը


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` uefa.com


Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, որն այժմ «Södertälje»-ի կազմում հանդես է գալիս Շվեդիայի առաջնությունում, Mediamax Sport-ի համար վերլուծել է Ստոքհոլմում կայացած Եվրոպայի Լիգայի «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչ հանդիպումը:

Եզրափակիչ հանդիպում ընդունելը ցանկացած երկրի համար մեծ իրադարձություն է, եւ Շվեդիան էլ բացառություն չէր։ Խաղից երկու օր առաջ արդեն շատ մեծ էր անցուդարձը։ Իսկ հանդիպման մեկնարկից ժամեր առաջ երկրպագուները երգերով ու վանկարկումներով լցրին Ստոքհոլմի փողոցները: Ամեն ինչ շատ լավ անցավ:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Խոստովանենք, որ բոլոր հայերս սպասում էինք խաղին եւ Հենոյի խփած գոլին: Շատ լավ է, որ ամեն ինչ այսպես դասավորվեց։

Հանդիպումը դանդաղ էր ու զգացվում էր, որ թիմերը չեն ուզում ռիսկի դիմել, նախընտրել են խաղալ պաշտպանությունից։ Սխալների մեծ տոկոսը երեւի ավելորդ լարվածությունից էր գալիս։

Բայց հետո «Այաքսի» ֆուտբոլիստները սխալ թույլ տվեցին, ինչը բնորոշ է անփորձ եւ շատ երիտասարդ մարզիկներին։ Առաջին գոլը եզրային նետումի սխալ կատարումից ծնվեց:

Պոլ Պոգբայի խփած գոլը «Մանչեսթերին» առավելություն տվեց, որն էլ ավելի ամրապնդվեց Մխիթարյանի երկրորդ գոլից հետո։

Ապա, չնայած, ոչ բարձր տեմպին եւ տպավորիչ խաղին, ՄՅՈւ-ն հիմնականում կարողանում էր թելադրողի դերում հանդես գալ:

Անգլիացիները բարձր պրեսինգի շնորհիվ զրկում էին «Այաքսի» երիտասարդ ֆուտբոլիստներին ազատ գոտիներից եւ, գնդակ պահելով, չեզոքացնում էին վտանգը։ Դա էր պատճառը, որ չոր հաշվով հաղթեցին։ Վերջին տարիներին Ժոզե Մոուրինյոյի դավանած ֆուտբոլը, ճիշտ է, ինչ-որ տեղ ձանձրալի, բայց արդյունավետ է։

Լուսանկարը` uefa.com


Ինչպես արդեն ասացի, Մխիթարյանից լավ խաղ էինք սպասում: Հանդիպումը նրա համար շատ լավ դասավորվեց: Եվրոպայի Լիգայում գոլերի թիվը հասցրեց 6-ի, սա շատ լավ ցուցանիշ է: Հենոն շատ լավ է կարդում խաղը, հրաշալի դրիբլինգ ունի, վտանգավոր է մրցակիցների համար։

Վերջին տարիներին նրա ձեռքբերած ամենամեծ առավելությունը, կարծում եմ, տուգանային հրապարակում ճիշտ տեղում ճիշտ ժամանակին հայտնվելն է։ Սա շատ կարեւոր է գոլահարի համար։ Իսկ եզրափակումներն ուղղակի իդեալական են ստացվում:

Շատ ուրախալի է, որ հայ ֆուտբոլիստը կարողացավ նման բացառիկ հաջողության հասնել, ուրախանալու եւ հպարտանալու առիթ տվեց բոլորիս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին