Ապրիլ 20, 2024
exclusive
7472 դիտում

Թեժ մայիսը Լա Լիգայում. ո՞վ կդառնա չեմպիոն


Լուսանկարը` http://soccer123.net

Լուսանկարը` aliga.es

Լուսանկարը` fbcdn.net


Իսպանական Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական մրցավազքը գնալով թեժանում է: Վերջին Էլ Կլասիկոն, որում կատալոնացիները հաղթեցին 3:2 հաշվով, էականորեն նվազեցրեց մադրիդցիների շանսերը չեմպիոնական պայքարում:

Mediamax Sport-ը վերլուծել է երկու թիմերի շուրջ ստեղծված իրավիճակն ու խաղային գրաֆիկը՝ հասկանալու համար, թե ում շանսերն են ավելի մեծ չեմպիոնական պայքարում:

Էլ Կլասիկո

Գեղեցիկ եւ դիտարժան ֆուտբոլի ականատես եղանք «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում: Ֆանտաստիկ հանդիպում անցկացրին երկու թիմերի դարպասապահները՝ չնայած բաց թողած գոլերին: Խաղային առումով՝ «Ռեալը» բավական կանխատեսելի էր: Զիդանը կամ լավ չէր պատրաստել իր թիմին, կամ թերագնահատել էր կատալոնացիներին՝ հաշվի առնելով վերջին շրջանում նրանց ցուցադրած անշուք խաղը: Այնուամենայնիվ, պետք չէ նսեմացնել «արքայական» ակումբի ֆուտբոլիստների ցուցադրած խաղը, քանի որ նրանցից շատերը լավ հանդիպում անցկացրին: Ինչ վերաբերում է վիճելի դրվագներին ապա.

*Հանդիպման սկզբում «Ռեալը» պետք է ստանար 11 մ. հարվածի իրավունք, քանի որ Սամուել Ումտիտին ակնհայտորեն խախտեց կանոնները Ռոնալդուի նկատմամբ:

*Ռամոսի կարմիր քարտը լիովին արդարացված էր: Եթե չեմ սխալվում, մրցավարներն ունեն հստակ կարգադրություն, որը սահմանված է նաեւ կանոնակարգով. երկու ոտքով սահանկում կատարող ֆուտբոլիստը պետք է պատժվի կարմիր քարտով՝ անկախ նրանից՝ ստացել է վնասվածք մրցակիցը, թե ոչ:

* Թե ինչպես Կազեմիրոյին հաջողվեց խուսափել կարմիր քարտից, անհասկանալի է: Առաջին դեղինը ստանալուց հետո բրազիլացին եւս 3 անգամ խախտեց կանոնները, որից առնվազը մեկը զգուշացման արժանի խախտում էր:

«Բարսելոնան» առանց Նեյմարի փոխել էր տակտիկական սխեման՝ 4-4-2: Ալկասերն ու Ռակիտիչը խաղում էին եզրերում: Երբեմն էլ Ալկասերը գնում էր առաջ, իսկ Մեսսին նահանջում էր ենթահարձակվողի դիրք: Այդ ժամանակ սխեման վերափոխվում էր 4-3-1-2-ի: Մրցակցի անփութության շնորհիվ կատալոնացիները կարողացան անանկնկալ մատուցել եւ դրական արդյունքի հասնել:

Թիմերի խաղային գրաֆիկը

Էլ Կլասիկոյից հետո Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի վերնամասն ունի հետեւյալ տեսքը.

Լուսանկարը` fbcdn.net


Երկու թիմերն էլ ունեն 75-ական միավոր, սակայն մադրիդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել: Հավասար միավորների դեպքում առավելություն ունեն կատալոնացիները՝ անձնական խաղերի արդյունքում:

«Ռեալի» խաղային գրաֆիկը՝

26.04.17 «Դեպորտիվո» - «Ռեալ» 

29.04.17 «Ռեալ» - «Վալենսիա»

02.05.17 «Ռեալ» - «Աթլետիկո» ՉԼ կիսաեզրափակիչ առաջին հանդիպում

06.05.17 «Գրանադա» - «Ռեալ»

10.05.17 «Աթլետիկո» - «Ռեալ» ՉԼ կիսաեզրափակիչ պատասխան հանդիպում

14.05.17 «Ռեալ» - «Սեվիլիա»

21.05.17 «Մալագա» - «Ռեալ» Լա Լիգայի վերջին՝ 38-րդ տուր

«Սելտա» - «Ռեալ» հետաձգված հանդիպում, որի օրն ու ժամը դեռ պարզ չէ (նյութը գրելու պահին այն դեռեւս որոշվաշ չէր):

Ինչպես նկատում ենք, Մադրիդի «Ռեալի» համար առաջիկա մեկ ամիսը բավականին ծանրաբեռնված է: Այնքան ծանրաբեռնված, որ դեռևս որոշված չէ, թե երբ է կայանալու «Սելտայի» դեմ արտագնա հանդիպումը: Ըստ Լա Լիգայի կանոնակարգի՝ բոլոր հետաձգված հանդիպումները պետք է կայացած լինեն մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ: Առաջիկա 11 օրերի ընթացքում մադրիդցիները 4 հանդիպում ունեն անցկացնելու եւ, եթե Լա Լիգայի ղեկավարությունը զիջումների չգնա, ապա «Ռեալը» «Սելտայի» դեմ խաղը պետք է անցկացնի մինչև մայիսի 6-ը (այդ օրը կայանալու է Լա Լիգայի 36-րդ տուրը): Առանց այդ էլ մադրիդցիների գրաֆիկը շատ խիտ է, եթե դրան եւս մեկ խաղ ավելանա, ապա Զիդանի թիմը կհայտնվի, մեղմ ասած, աննախանձելի վիճակում: Ֆիզիկապես գրեթե անհնարին է տվյալ ժամանակահատվածում 5 խաղ անցկացնել՝ այն էլ արդյունավետ: Միակ օպտիմալ տարբերակը կարող է լինել այն, որ «Ռեալին» թույլ տան հետաձգված հանդիպումն անցկացնել նախավերջին և վերջին տուրերի միջեւ ընկած հատվածում՝ 14.05- 21.05:

Լուսանկարը` aliga.es


«Ռեալն» անելանելի վիճակում է հայտնվել: Ռամոսի որակազրկումն ու Բեյլի վնասվածքը զգալիորեն կթուլացնեն մադրիդցիներին: Գուցե հարկ լինի զոհաբերել մի մրցաշարը հանուն մյուսի: Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք Զիդանի թիմը կկարողանա հաղթահարել այս դժվարին ժամանակահատվածը՝ նվազագույն կորուստներ գրանցելով:

«Բարսելոնայի» խաղային գրաֆիկն այդչափ ծանրաբեռնված չէ

26.04.17 «Բարսելոնա» - «Օսասունա»

29.04.17 «Էսպանյոլ» - «Բարսելոնա»

06.05.17 «Բարսելոնա» - «Վիլյառեալ»

14.05.17 «Լաս Պալմաս» - «Բարսելոնա»

21.05.17 «Բարսելոնա» - «Էյբար»

5 խաղ, որից 3-ը տնային: Արտագնա կատալոնյան դերբի եւ երկու խաղ հետնապահների հետ:

Համաձայնեք, ի տարբերություն «Ռեալի», «Բարսելոնան» այս առումով առավելություն ունի: Եթե սրան էլ գումարենք այն, որ թիմը դուրս է մնացել ՉԼ-ից, ապա կարելի է հստակ ասել, որ Լուիս Էնրիկեի սաներն ավելի մեծ հնարավորություն ունեն Լա Լիգայի չեմպիոնական գավաթը նվաճելու համար:

Սակայն ֆուտբոլը հարուստ է անակնկալներով: Ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա, գուցե մադրիդցիներն իրոք ի վիճակի են հաղթահարելու անհաղթահարելի թվացող խոչընդոտները: Մի բան հստակ է՝ Լա Լիգայի վերջնամասը խոստանում է լինել թեժ, լարված եւ դիտարժան:

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին