Ապրիլ 24, 2024
exclusive
7055 դիտում

Չեմպիոնների լիգա. Հակադարձ խաղաոճերի պայքար


Լուսանկարը` fbcdn.net

Լուսանկարը` bleacherreport.net

Լուսանկարը` goal.com


Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի կենտրոնական գրասենյակում, տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Mediamax Sport-ն ամփոփել է այն ու վերլուծել, թե ինչ է մեզ սպասվում այս խաղերում:

Չեմպիոնների լիգա

«Ռեալ» - «Աթլետիկո». Մադրիդյան դերբի

Լուսանկարը` goal.com


Վերջին երեք տարիների ընթացքում սա երրորդ դեպքն է, երբ այս թիմերը միմյանց հետ մրցելու են ՉԼ-ում: Ճիշտ է, դրանք եղել են եզրափակչի խաղեր եւ երկու դեպքում էլ դրական արդյունքի են հասել արքայական ակումբի ֆուտբոլիստները: Անկասկած, «Աթլետիկոյի» համար սա շանս է ռեւանշի հասնելու համար: Այս անգամ, կարծում եմ, Սիմեոնեի թիմն ավելի մեծ շանսեր ունի:

Այլեւս կորցնելու ոչինչ չկա: Հնարավոր է, որ որպես «Աթելտիկոյի» գլխավոր մարզիչ այս մրցաշրջանը վերջինը լինի Դիեգո Սիմեոնեի համար, այնպես որ, արգենտինացի մասնգետն ավելի քան երբեւէ կցանկանա հաղթանակած հեռանալ մադրիդյան ակումբից: Խաղային առումով «Աթելտիկոն» խնդիրներ չունի: Լա լիգայում գրեթե ապահովել է տեղը թոփ 4-ում: Մնում է միայն կենտրոնանալ «Ռեալի» դեմ խաղերի վրա: «Աթլետիկոն» մի փոքր առավելություն ունի, քանի որ, երկրորդ հանդիպումն անցկացնելու է սեփական հարկի տակ:

Մադրիդի «Ռեալի» շուրջ սկանդալային խոսակցությունները չեն դադարում: «Բավարիայի» դեմ պատասխան խաղում տեղի ունեցածը բավական չէր, հիմա էլ լուրեր են շրջանառվում, որ այս վիճակահանությունը ծրագրված էր: Արդյո՞ք ճիշտ են այդ լուրերը, որքանո՞վ կապ ունի «Ռեալը» դրանց հետ, դեռ պարզ չէ:

Արքայական ակումբի գլխավոր նպատակն է դառնալ առաջին ակումբը, որը կարողացել է երկու տարի անընդմեջ հռչակվել Չեմպիոնների լիգայի չեմպիոն:
Զինեդին Զիդանի թիմն ունի անհրաժեշտ բոլոր որակներն այն իրականություն դարձնելու համար:  

«Մոնակո» - «Յուվենթուս». Հարձակողական եւ պաշտպանողական խաղաոճերի բախում

Լուսանկարը` bleacherreport.net


Այս խաղի վերաբերյալ որեւէ կանխագուշակում անելն անմտություն կլինի: «Մոնակոն»՝ իր հարձակողական ֆուտբոլով փայլում է թե՛ Լիգա 1-ում, թե՛ ՉԼ-ում: Իսկ «Յուվենթուսն»՝ ընդհակառակը, գերազանց խաղ է ցուցադրում պաշտպանությունում: Դրանում մեկ անգամ եւս համոզվեցինք «Բարսելոնայի» դեմ կայացած երկու խաղերում:

«Յուվենթուսն» այս մրցաշրջանում իդեալական ֆուտբոլ է ցուցադրում: Մասիմիլիանո Ալեգրին թիմը քայլ առ քայլ շարժվում է դեպի ՉԼ-ի բաղձալի գավաթը: Ներքին առաջնությունում չեմպիոնական պայքարի մրցակցության բացակայությունը թույլ է տալիս թուրինցիներին ողջ ուժերը կենտրոնացնել Չեմպիոնների լիգայի վրա:

Գովելով «Յուվենթուսի» պաշտպանական գիծը՝ պետք չէ նսեմացնել նաեւ հարձակման խելահեղ բռունցքը: Դիբալան, Մանջուկիչն եւ Իգուաինը ֆանտաստիկ մարզավիճակում են գտնվում, ինչը չի կարող չանհանգստացնել «Մոնակոյին»:
Մյուս կողմից՝ ի տարբերություն «Յուվենթուսի», ֆրանսիական ակումբի վրա ճնշումն այդքան էլ մեծ չէ: Լեոնարդո Ժարդիմի թիմը շատերին զարմացրեց՝ հայտնվելով ՉԼ-ի կիսաեզրափակչում: Իսկ հիմա պետք է մոռանալ ամեն ինչի մասին եւ պարզապես հաճույք ստանալ սեփական խաղից:

«Մոնակոյի» հարձակման գծի ֆուտբոլիստների արդյունավետությունն ապշեցնում է: Ռադամել Ֆալկաոն «Բորուսիայի» դեմ պատասխան խաղում գոլ խփելով՝ դարձավ յուրահատուկ ռեկորդի հեղինակ: Կոլումբացին շրջանցեց լեգենդար Գերդ Մյուլլերի արդյունավետության ռեկորդը: Ֆալկաոն եվրագավաթային 50 խաղերում դարձել է 45 գոլի հեղինակ:

Իսկ երիտասարդ Կիլիան Մբապեն դարձավ առաջին ֆուտբոլիստն, ով 18 տարեկանում ՉԼ-ի մեկ մրցաշրջանում 5 գոլ է խփել:

Եզրափակելով, կարելի է վստահ ասել, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի խաղերն անցնելու են համառ եւ անզիջում պայքարում: Հուսանք, որ արդյունավետության եւ գոլային հրավառության պակաս չի լինի:

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին