Ապրիլ 19, 2024
exclusive
5732 դիտում

ՉԼ. Հետաքրքիր ու դիտարժան խաղերի սպասումով


Լուսանկարը` Borussia Dortmund

Լուսանկարը` AS MONACO

Լուսանկարը` Atletico de Madrid

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Bayern Munchen

Լուսանկարը` Juventus

Լուսանկարը` Real Madrid C.F.

Լուսանկարը` Leicester City FC


Ընդամենը երկու օր, եւ մենք կիմանանք, թե որ թիմերն են նվաճել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի ուղեգրեր:

Առանձնացրել ենք այսօր ու վաղը սպասվող հետաքրքիր դիմակայությունները եւ առաջարկում ենք ծանոթանալ դրանց:

«Լեսթեր»-«Ատլետիկո»

Մադրիդում տանտերերը Գրիզմանի իրացրած 11-մետրանոց հարվածի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տարան:

Շատերի կարծիքով հետ բերել մեկ գնդակը, այն էլ սեփական հարկի տակ, Անգլիայի գործող չեմպիոնների ուժերի սահմաններում է: Սակայն «Ատլետիկոն», ի տարբերություն մրցակցի, երկար տարիներ հանդես է գալիս ՉԼ-ում եւ գիտի, թե ինչպես պետք է խաղալ ու իրեն հատուկ ոճով ճիշտ կառուցել պաշտպանությունը:

Լուսանկարը` Atletico de Madrid


Դիեգո Սիմեոնե, «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ

Վերջին տարիներին իմ թիմը բոլոր այն մրցաշարերում, որտեղ հանդես է գալիս, պայքարում է մինչեւ վերջ: Համոզված եմ, որ ստադիոնում հիանալի մթնոլորտ է լինելու, «Լեսթերը» տանը հիանալի է խաղում: Որպեսզի մենք ճնշենք մրցակցին, պետք է այնպես անենք, որ անընդհատ տիրենք գնդակին:

Քրեյգ Շեքսպիր, «Լեսթերի» գլխավոր մարզիչ

Ֆուտբոլում հենց այնպես չեն հաղթում: Իմ տղաները պետք է դաշտ դուրս գան ու խաղան մտածելով, որպեսզի փոքրիկ վրիպակների պատճառով չպարտվեն: 90 րոպե մենք չենք հետեւելու մրցակցին, որովհետեւ մեզ գոլ խփել է պետք: Մենք ֆավորիտ չենք, սակայն դրանից մենք չենք կոմպլեքսավորվում:

Լուսանկարը` Real Madrid C.F.


 «Ռեալ»-«Բավարիա»

Մեկ շաբաթ առաջ Ռոնալդուի դուբլի շնորհիվ Արքայական ակումբը Մյունխենում 2:1 հաշվով հաղթեց «Բավարիային»: Պատասխան հանդիպման ֆավորիտը կրկին մադրիդցիներն են, որոնք վերջին 5 խաղում պարտություն չունեն: Զինեդին Զիդանը կարողացել է այնպես կառուցել թիմը, որը թե Իսպանիայի առաջնությունում, թե Չեմպիոնների Լիգայում հաղթելու մեծ շանսեր ունի:

Կարլո Անչելոտտիի նշանակումից հետո «Բավարիան» Գերմանիայի առաջնությունում շարունակում է լինել միանձնյա առաջատար: Մյունխենում նրանից սպասում էին, որ թիմին կկարողանա դարձնել ՉԼ-ի գավաթակիր, մի բան, որը Պեպ Գվարդիոլային այդպես են անել չհաջողվեց: Դրա համար այսօր նրա թիմը պարտավոր է անել անհնարինը, որպեսզի իրավունք ստանա դուրս գալ կիսաեզրափակիչ:

Զինեդին Զիդան, «Ռեալի» գլխավոր մարզիչ

Մյունխենցիները բոլոր դիրքերում էլ հիանալի ֆուտբոլիստներ ունեն: «Բավարիան» շատ ուժեղ է, սակայն թույլ կողմեր էլ ունի: Մենք խաղալու ենք մեր ֆուտբոլը, գիտեմ, որ դժվար է լինելու, սակայն պետք է իդեալական գործենք: Շատ ենք ցանկանում հաղթել:

Կարլո Անչելոտտի, «Բավարիայի» գլխավոր մարզիչ

Մեր շանսերն ավելի քիչ են, բայց դրանք դեռ կան: Ժերոմ Բոատենգի ու Մաթս Հյումելսի մասնակցության հարցը դեռ վերջնական չենք որոշել, սակայն կարծում եմ, որ նրանք կարող են խաղադաշտ դուրս գալ: Ռոբերտ Լեւանդովսկին արդեն լավ է զգում ու մարզվում է ընդհանուր խմբի հետ: Մենք պետք է լավագույն որակները ցույց տանք, որպեսզի անցնենք առաջ:

Լուսանկարը` Juventus


«Բարսելոնա»-«Յուվենթուս»

Չորեքշաբթի օրը կատալոնացիները հյուրընկալելու են Իտալիայի չեմպիոններին: Լուիս Էնրիկեի թիմը մեկ շաբաթ առաջ 0:3 հաշվով պարտություն կրեց եւ գրեթե կորցրեց հաջորդ փուլ դուրս գալու շանսերը:

Այն, որ «Բարսայի» կուլիսներում անհամաձայություններ կան, հայտնի դարձան դեռ ամիսներ առաջ: Իսպանական մամուլը գրում է, որ ֆուտբոլիստների ու գլխավոր մարզչի միջեւ տարաձայնություններ կան: Որոշ ժամանակ անց Էնրիկեն հայտարարեց, որ մրցաշրջանի վերջին լքելու է թիմը:

ՊՍԺ-ին անհավանական հաշվով հաղթելուց ու ՉԼ-ում պայքարը շարունակելուց հետո երկրպագուները կարծեցին, թե ամեն ինչ հարթվել է, ու իրենց թիմը կկարողանա ուրախացնել նրանց: Սակայն դժգույն ու անհուսալի խաղը շարունակվում է:

Ի տարբերություն «Բարսելոնայի», «Յուվեն» Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ երկրորդ շնչառություն է բացել ու հիանալի հանդիպումներ է անցկացնում Չեմպիոնների Լիգայում: Իտալացիները, որոնք միշտ աչքի են ընկել պաշտպանողական խաղով, հրաշալի են գործում հարձակման գծում: Ճիշտ համագործակցելով միմյանց հետ՝ նրանք շարժվում են առաջ: Նման ոգեւորությամբ ժամանել են նաեւ Իսպանիա, ու կրկին ձգտելու են հաղթել կապտանռնագույններին:

Լուսանկարը` AS MONACO


«Մոնակո»-«Բորուսիա»

Դորտմունդում այս դիմակայության առաջին հանդիպման մեկնարկից առաջ «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն եղավ: Ֆուտբոլիստներից տուժեց միայն Մարկ Բարտրան, որն այսօր շարունակում է վերականգնվել: Հանդիպումը կայացավ մեկ օր անց:

Թոմաս Տուխելի սաները պարտվեցին 2:3 հաշվով, ու շատերի կարծիքով թիմը հոգեբանորեն պատրաստ չէր մտել խաղադաշտ: Այդպես է մտածում նաեւ Տուխելը, որը բողոքել է նաեւ ՈւԵՖԱ-ից՝ նշելով, որ առանց իրենք կարծիքը հաշվի առնելու են հանդիպումը հետաձգել մեկ օրով:

Ամեն դեպքում, վաղվա խաղում «Բորուսիան» ֆավորիտ չի համարվում, փոխարենը «Մոնակոն» լավ շանսեր ունի հաջողություն գրանցելու՝ մանավանդ, որ խաղալու է հարազատ մարզադաշտում:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին