Ապրիլ 25, 2024
exclusive
5452 դիտում

Չեմպիոնների Լիգա. «Բ»-ի առեղծվածը


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` https://i.kinja-img.com

Լուսանկարը` http://img.uefa.com

Լուսանկարը` http://img.uefa.com

Լուսանկարը` http://img.uefa.com


Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները: Պայթյուններ, մարմնական վնասվածքներ, գեղեցիկ եւ դիտարժան ֆուտբոլ, կարմիր քարտ, չիրացված 11-մետրանոցներ եւ, իհարկե, գոլեր՝ տարբեր ճաշակի:

Mediamax Sport-ը վերլուծել է բոլոր չորս հանդիպումներն ու առանձնացրել կարեւորագույն իրադարձությունները:  Հատկանշական է, որ «Բ»-ով սկսվող բոլոր երեք թիմերը՝ «Բարսելոնան», «Բավարիան» եւ «Բորուսիան» պարտվեցին եւ շատ դժվարացրին պայքարը շարունակելու հնարավորությունը։

«Յուվենթուս» - «Բարսելոնա».  3:0

Լուսանկարը` https://i.kinja-img.com


Այս խաղն իսկական մղձավանջ էր կատալոնացիների համար: Այսպիսի անզոր «Բարսելոնա» չէինք տեսել նույնիսկ «ՊՍԺ»-ի դեմ ՉԼ-ի 1/8 եզրափակչի առաջին խաղում: Սա ավելի շատ մարզիչների պայքար կարելի է անվանել, որտեղ իրեն փառահեղ դրսեւորեց թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: Վերջինս, ի տարբերություն Էնրիկեի, չփորձեց ինչ-որ նոր բան հորինել, այլ, հստակ գնահատելով իր թիմի հնարավորությունները, օգտագործեց դրանց ուժեղ կողմերը:

«Յուվենթուսի» հարձակման քառյակը՝ ի դեմս Իգուաինի, Դիբալայի, Կուադրադոյի եւ Մանջուկիչի, պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց:

«Բարսելոնայի» խաղում առկա խնդիրներն արդեն մտահոգվելու տեղիք են տալիս: Լուիս Էնրիկեն արդեն մի քանի անգամ պատասխանատու խաղերում ընդունում է որոշումներ՝ կապված տակտիկայի եւ մեկնարկային կազմի հետ, որոնք, մեղմ ասած, անհասկանալի են: Ամեն դեպքում,  հաշվի առնելով նախորդ փուլում «ՊՍԺ»-ի հետ դիմակայությունը՝ կարելի է սպասել «Յուվենթուսի» դեմ պատասխան խաղին:

«Բորուսիա Դ.» - «Մոնակո» 2:3

Լուսանկարը` http://img.uefa.com


Այս խաղում տեղի ունեցավ գրեթե այն, ինչին սպասում էր ողջ ֆուտբոլային աշխարհը՝ գոլային հրավառություն: Երկու թիմերն էլ դավանում են հարձակողական ֆուտբոլ եւ իսկական ներկայացում տվեցին: Ֆրանսիական թիմի ցուցադրած խաղն ուղղակի բավականություն է պատճառում: Երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապեն այս խաղում եւս փայլեց իր յուրահատուկ տեխնիկայով եւ գոլային հոտառությամբ:

Դորտմունդի «Բորուսիան», չնայած կադրային խնդիրներին, կարողացավ արժանի մրցակցություն ցուցաբերել եւ մինչև վերջ կռիվ տվեց ֆրանսիացիների հետ:

«Աթլետիկո Մադրիդ» - «Լեսթեր» 1:0

Լուսանկարը` http://img.uefa.com


Տակտիկակական տեսանկյունից այս խաղն ամենամեծ հետաքրքրությունն էր առաջացնում: Երկու թիմերն էլ դավանում են հակագրոհների մարտավարությանը՝ օգտագործելով միևնույն 4-4-2 սխեման: Սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան հենց հանդիպման մեկնարկային րոպեներից:

Մադրիդցիները տիրեցին գնդակին եւ մինչև հանդիպման վերջնամասը չթուլացրին ճնշումը մրցակցի դարպասին: Չնայած բազում փորձերին՝ «Աթլետիկոյի» ֆուտբոլիստներին միայն մեկ անգամ հաջողվեց գրավել «Լեսթերի» դարպասը՝ այն էլ 11 մ հարվածով:

Անգլիական ակումբի համար խաղի վերջնական հաշիվն անկասկած պետք է գոհացուցիչ լինի: Ամբողջ խաղի ընթացքում Քրեյգ Շեքսպիրի ֆուտբոլիստները դարպասին ոչ մի հարված չկարողացան կատարել: Փոխարենը կարողացան լավ պաշտպանվել: Արդյունքում 0:1 հաշվով պարտություն, որը պատասխան խաղում հաջորդ փուլ դուրս գալու հույսեր է տալիս «աղվեսներին»:

«Բավարիա» - «Ռեալ Մադրիդ». 1:2

Լուսանկարը` http://img.uefa.com


Զինեդին Զիդանի թիմն այս խաղում օրինակելի ֆուտբոլ ցուցադրեց՝ առանց որեւէ ավելորդությունների, չարդարացված ռիսկերի եւ նորամուծությունների: Կամային հաղթանակ «Բավարիայի» նկատմամբ՝ այն էլ մրցակցի հարկի տակ, արժանի է միայն գովասանքի: Մադրիդի «Ռեալի» ցուցադրած ֆուտբոլը վերլուծության կարիք չունի:

Զիդանի սաները մրցակցին թելադրեցին իրենց կամքը, աստիճանաբար մեծացրին ճնշումն ու հասան դրական արդյունքի: Իսկ եթե չլիներ Մանուել Նոյերի ֆանտաստիկ խաղը, ապա «արքայական» ակումբի ֆուտբոլիստները կարող էին հենց առաջին հանդիպման արդյունքներով վճռել այս դիմակայության ելքը:

Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա Կառլո Անչելոտին սխալվեց երկու դրվագներում՝ մեկնարկային կազմի ընտրության ու սխալ եւ ուշացրած փոփոխություններում: Ճիշտ է, իտալացի մասնագետը խաղի նախօրեին զրկվել էր թիմի լավագույն ռմբարկուից, սակայն ինչքան էլ որ Լեւվանդովսկին լավը լինի, «Բավարիան» ունի այնպիսի պահեստային նստարան, որով կարելի է ինչ-որ կերպ կոմպենսացնել լեհ գոլահարի բացակայությունը:

Ֆրանկ Ռիբերին ակնհայտորեն ձախողեց հանդիպումը: Շատ անհասկանալի էր նրա մեկնարկային կազմում հայտնվելը, առավել եւս, որ ֆրանսիացին իր եզրում գրեթե չէր մնում: Ամենայն հավանականությամբ, դա Անչելոտիից ստացված առաջադրանք էր՝ հնարավորության դեպքում տեղափոխվել կենտրոն:

Բացի այդ, Կոմանի եւ Դուգլաս Կոստայի պես արագավազ ու տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներն առաջին րոպեներից մնացել էին պահեստայինների նստարանին:

Ամփոփում

Բոլոր 4 խաղերում էլ ինտրիգը պահպանվում է: Այո, այո, նույնիսկ «Յուվենթուսի» 3 գնդակի առավելությունը 100%-ով ոչինչ չի երաշխավորում: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է:

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին