exclusive
5414 դիտում

«Լեսթեր Սիթի». Շեքսպիրյան դրամա ֆուտբոլի տեսքով


Լուսանկարը` amazonaws.com

Լուսանկարը` http://www.telegraph.co.uk

Լուսանկարը` amazonaws.com

Լուսանկարը` amazonaws.com

Լուսանկարը` amazonaws.com


Տարեսկզբին անգլիական «Լեսթեր Սիթին», մեղմ ասած, գտնվում էր անմխիթար վիճակում: Պարտությունների շարք, անկայուն խաղ, խառնված դեմքեր եւ դեպքեր:

Պետք չէր լինել ֆուտբոլային փորձագետ հասկանալու համար, որ ակումբի պատմության լավագույն մարզիչ Կլաուդիո Ռանիերին կորցրել էր երբեմնի «կախարդական փայտիկը», որով ինչպես ինքն էր նշում, կառավարում էր իր թիմը: Այս ամենի տրամաբանական ավարտն էլ եղավ իտալացի մասնագետի հեռացումը:

Սակայն, այն ինչ եղավ հետո, զարմացրեց շատերին: Mediamax Sport-ը ներկայացնում է «Լեսթեր» ֆուտբոլային ակումբում տիրող իրավիճակն ու նորանշանակ գլխավոր մարզիչ Քրեյգ Շեքսպիրին, ով ստանձնել է աղվեսներին Պրեմիեր Լիգայում պահելու առաքելությունը:

Լուսանկարը` http://www.telegraph.co.uk


Ով է նա

Քրեյգ Շեքսպիրը ծնվել է 1963 թ. Բիրմինգեմ քաղաքում: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հասցրել է խաղալ «Ուոլսոլ», «Շեֆիլդ Ուենսդեյ» եւ «Վեսթ Բրոմվիչ» ակումբներում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով ավելի քան 500 հանդիպում:

Մարզչական կարիերան սկսել է 2006 թվականին: Կարճ ժամանակահատվածով գլխավորելով «Վեստ Բրոմվիչը»՝ Շեքսպիրը տեղափոխվում է «Լեսթեր» եւ մինչ 2017 թ. փետրվարի 27-ն աշխատում որպես գլխավոր մարզչի օգնական (2010-11 թթ. անցկացրել է «Հալլ Սիթիում» ):

Կլաուդիո Ռանիերիի հեռանալուց հետո, ակումբի ղեկավարությունը որոշում է կայացնում մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը թիմի ղեկը հանձնել Քրեյգ Շեքսպիրին: Դատելով «Լեսթերի» ցուցադրած արդյունքներից՝ չափազանց երկար եւ դժվար արտասանվող ազգանուն ունեցող սեփականատերը՝ Վիշայ Շրիվադանապրաբհան, ճիշտ որոշում է կայացրել:

Ինչ է տվել Շեքսպիրը «Լեսթերին»

Զուտ ֆուտբոլային տեսանկյունից ոչինչ, իսկ ահա հոգեբանորեն Շեքսպիրը կարողացել է ֆուտբոլիստներին հանգստություն եւ զգոնություն հաղորդել: Այլեւս չկան խուճապահար որոշումներ եւ սխալվելու վախից դրդված անիմաստ գործողություններ:

Բնականաբար Շեքսպիրի վրա այդքան էլ մեծ չէ ճնշումը: Եթե նույնիսկ նրան չհաջողվի թիմին պահել անգլիական ֆուտբոլի էլիտայում՝ աղետ չի լինի: Սակայն հանդուգն Շեքսպիրն իր հանրահայտ անվանակցին հարիր վստահությամբ առաջնորդում է «Լեսթերին» դեպի մրցաշարային աղյուսակի վերնամաս, որքան հնարավոր է շատ հեռանալով վտանգավոր գոտուց:

Խաղային սխեմա եւ տակտիկա

Լուսանկարը` amazonaws.com


Պարադոքսալ է, բայց Շեքսպիրը ոչ թե փոխեց թիմի խաղային սխեման, այլ վերադարձրեց չեմպիոնական տարում ակտուալ 4-4-2-ը: Ընթացիկ մրցաշրջանում Ռանիերին փորձում էր ամեն ինչ, բացի վերոհիշյալ սխեմայից: Հենց այդտեղից էլ ֆուտբոլիստների մոտ դժգոհություններ առաջացան: Իտալացու կարծիքով՝ 4-4-2 սխեման իրեն սպառել էր եւ մրցակիցներն արդեն կարողանում էին հակախաղ գտնել դրան:

Սակայն ինչպես ցույց է տալիս ժամանակը Ռանիերին սխալվում էր:

Շեքսպիրը, որպես գլխավոր մարզիչ առաջին հերթին փորձեց հաշվի առնել ֆուտբոլիստների ցանկությունները: Եթե Վարդին ուզում է վազել, թող վազի: Եթե Մահրեզն ուզում է ավելի շատ դրիբլինգի դիմել, թող լինի այդպես: Այս քայլով Շեքսպիրը կարողացավ բալանսի բերել թիմի խաղը, որի շնորհիվ «Լեսթերի» ֆուտբոլիստները վերակենդանացան:

Թվեր, փաստեր

Լուսանկարը` amazonaws.com


Քրեյգ Շեքսպիրի «Լեսթերի» գլխավոր մարզիչ նշանակվելու պահին թիմն անցկացրել էր 25 հանդիպում՝ 5 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 14 պարտություն, 24/43 խփած եւ բաց թողած գոլեր:

Շեքսպիրի նորամուտի խաղում «Լեսթերը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթում է «Լիվերպուլին» եւ սկիզբ դնում 6 խաղից բաղկացած հաղթական շարքին, որից 5-ը ԱՊԼ-ում:

Շեքսպիրը դարձավ առաջին անգլիացի մարզիչն, ով  ԱՊԼ-ում հաղթում է նորամուտի 4 անընդմեջ խաղերում:

Նա դարձավ երրորդ մարզիչն, ով ԱՊԼ-ում հաղթում է նորամուտի 5 խաղերում անընդմեջ: Նրանից առաջ նման արդյունքի էին հասել Կառլո Անչելոտին «Չելսիում» եւ Պեպ Գվարդիոլան՝ «Մանչեսթեր Սիթիում»:

Շեքսպիրը դարձավ երրորդ անգլիացի մարզիչն, ով  ղեկավարում է թիմը ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլում: Նրանից առաջ նման արդյունքի հասել էին Հարի Ռեդնափը «Տոտենհեմի» եւ Բոբի Ռոբսոնը՝ «Նյուքասլի» հետ:

Լուսանկարը` amazonaws.com



Եզրափակելով կարելի է նշել, որ Ուիլյամ Շեքսպիրի հայտնի ստեղծագործությունից թեւավոր խոսք դարձած արտահայտությունը. «Լինել թե չլինել», «Լեսթերում» ակտուալ չէ: Քրեյգ Շեքսպիրի մոտ այն հստակ է. «Լինել Անգլիայի Պրեմիեր լիգայում» եւ ինչու ոչ, նաեւ Չեմպիոնների լիգայում:

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին