exclusive
8815 դիտում

«Բու» կամ առաջին լեռնահեծանվային պարկի կառուցման հետքերով


Լուսանկարը` CHAI KHANA

Լուսանկարը` Vaude ֆիլմ

Լուսանկարը` CHAI KHANA

Լուսանկարը` Էմմա Պետրոսյան

Լուսանկարը` CHAI KHANA

Լուսանկարը` Էմմա Պետրոսյան

Լուսանկարը` Էմմա Պետրոսյան

Լուսանկարը` Էմմա Պետրոսյան

Լուսանկարը` Էմմա Պետրոսյան

Լուսանկարը` CHAI KHANA


Լեռնային երկիր համարվող Հայաստանը զբոսաշրջիկներին գրավելու բազմաթիվ հետաքրքիր վայրեր ունի: Սակայն այդ պոտենցիալը մեր կողմից գրեթե չի օգտագործվում:

Աշխարհում մեծ տարածում ունեցող լեռնային հեծանվասպորտի սիրահարները կարողանում են հավաքվել տարբեր սարերում, անցկացնել մրցաշարեր ու որոշել հաղթողներին:

Հայաստանում հեծանվային սպորտի սիրահարներն այդքան էլ շատ չեն, մանավանդ, լեռնային հեծանվասպորտի:

Սակայն բացառություն է կազմում մեր այսօրվա հերոսը՝ Էմմա Պետրոսյանը: Mediamax Sport-ը նրա հետ զրուցել է լեռնահեծանվային սպորտի զարգացման ու Վանաձորում «Բու» պարկի կառուցման մասին:

Լուսանկարը` Vaude ֆիլմ


Լեռնահեծանվային պարկի կառուցման գաղափարը

Էմմա Պետրոսյանն ավարտել է ԵՊՀ-ի տուրիզմի եւ սերվիսի բաժինը: Լինելով հեծանվորդ՝ Էմման անընդհատ բախվում է ոլորտում առկա խնդիրների հետ: Մի քանի տարի առաջ նա նկարահանվել է Հայաստանի էկոտուրիզմի ներուժի եւ լեռնահեծանվային արահետների մասին պատմող կարճամետրաժ ֆիլմում, որի ընթացքում Գերմանիայից եւ Ավստրիայից ժամանած աղջիկների հետ է ծանոթացել:

«Շատ հետաքրքիր էր նրանց հետ աշխատելը: Զրույցներից մեկի ժամանակ ինձ առաջարկեցին, ինչու ոչ՝ նաեւ ոգեշնչեցին, որ Հայաստանում պետք է կառուցել լեռնահեծանվային պարկ (Mountain Bike Park): Հետո ընկերոջս հետ սկսեցինք ավելի շատ ժամանակ տրամադրել այս գործին, ուսումնասիրություններ արեցինք: Չնայած ապրում ենք Երեւանում, բայց սարերի մարդիկ ենք, սիրում ենք ակտիվ տուրիզմը եւ ցանկանում ենք դրանով վարակել նաեւ այլ մարդկանց»,- նշում է Էմման:

Լուսանկարը` Էմմա Պետրոսյան


Երիտասարդները լեռնահեծանվային պարկի կառուցման համար ընտրել են Վանաձորը: Մեր զրուցակիցը նշում է, որ Հայաստանի ռելիեֆը թույլ է տալիս ցանկացած վայրում էլ նման պարկ կառուցել, սակայն, ցավոք, ինչպես նկատում է նա, շատ տեղեր կամ արգելված գոտի են համարվում կամ էլ դարձել են աղբանոցներ:

«Ամռանը Վանաձորում մասնակցում էի «Էկոլաբի» կազմակերպած մի ծրագրի, եւ կազմակերպիչներից մեկն առաջարկեց այցելել իրենց կրթական ամառանոցի տարածքը: Շատերը չգիտեն այդ հրաշալի վայրի մասին, շատ գեղեցիկ անտառներ են՝ Փամբակ լեռան լանջին, այստեղ է հոսում Վանաձոր գետը, իսկ մի քիչ հեռու Փամբակի երկրորդ գագաթն է՝ Մայմեխը: Մենք մի հրաշք բնություն ունեցող ու մոռացված տարածք գտանք, որը ճիշտ օգտագործելու դեպքում մեծ ապագա կունենա»,- շարունակում է հեծանվորդը:

Լուսանկարը` CHAI KHANA


«Բուն», ֆինանսական խնդիրներն ու կամավորները
 
«Էկոլաբ» հիմնդրամի աջակցությամբ սկսվել է երթուղու կառուցումը: Աշխատանքները շարունակվելու են նաեւ այս տարի, որոնք իրականացնում են կամավորներ ինչպես Վանաձորից, այնպես էլ Երեւանից:

«Շատ տեղեր ենք դիմել ֆինասավորման համար: Ցավոք, բայց մեր երկրում սպորտն ու տուրիզմն իրար հետ չեն կապվում, պետական կամ էլ մասնավոր հատվածը ակտիվ սպորտը նախընտրող արտասահմանցիների համար ոչինչ չի առաջարկում:  Մենք մեր հույսին ենք միայն, ամեն ինչ անում ենք կամավորության սկզբունքներով, սակայն ֆինանսական կողմը մնում է բաց: Պետք է խոստովանեմ, որ ունենք նաեւ շատ լավ ու հետաքրքիր ընկերներ, ովքեր օգնում են մեզ: Չնայած խնդիրներին, լավատես ենք ու մեր երազանքի հետեւից ենք գնում»,- նշում է Էմման:

Լուսանկարը` Էմմա Պետրոսյան


Հեծանվապարկը կոչվելու է «Բու»: Էմման նշում է, որ բուն իմաստության թռչուն է, գիշերային անտառների տիրակալը: «Էկոլաբի» ամառանոցի տանիքում էլ բուեր են եղել թաքնված, ու իրենց տան անունը դրել են Բու այլտ (այլընտրանքային տուն). «Մենք այնտեղ ենք ընդունելու հյուրերին, ինքներս էլ այնտեղ ենք Բուն դրել: Բացի այդ էլ օտարերկրացիների համար եւս հեշտ կլինի արտասանել ու հիշել»:

«Բու» հեծանվային պարկում նախատեսվում է ունենալ հատուկ արահետներ ու երթուղիներ, որտեղ մարդիկ կվայելեն հեծանիվ վարելը, հանգիստն ու բնությունը: Հեծանվասպորտում կան քրոս քանթրի, էնդուրո եւ դաունհիլ տեսակները: Հայաստանում, ինչպես փաստում է Էմման, հիմնականում քրոս քանթրին է տարածված: 

«Ցավոք, մարդիկ հեծանիվ են առնում ու պահում տանը, կամ էլ օգտագործում որպես փոխադրամիջոց: Շատ հեծանվորդներ գնում են արշավների, խորոված անում ու հետ գալիս: Մեր պարկում պետք է լինեն առողջ ապրելակերպ նախընտրողները, մարդիկ, ովքեր կհասկանան, թե ինչքան կարեւոր է հեծանվասպորտով զբաղվելը, այն էլ լեռներում: Մենք ցանկանում ենք հեծանվասպորտի աշխարհի առաջնություններ ցուցադրել, դիտումներ կազմակերպել ու համախմբել բոլորին: Ճիշտ ինֆորմացիա տրամադրելու շնորհիվ կկարողանանք մարդկանց հրավիրել Վանաձոր»,- ավելացնում է նա:

Լուսանկարը` CHAI KHANA


2020-ը, ոգեւորվածությունն ու երազանքի հասնելու մեծ ցանկությունը

Երիտասարդները 2017-ին նախատեսում են կապեր հաստատել տարբեր կազմակերպությունների հետ ու նախաձեռնությունը լայն թափով տարածել: Որոշել են նաեւ օնլայն դրամահավաք կազմակերպել ու սկզբնական գումարով բացել պարկը:

«Վանաձորում շատ լավ երեխաներ կան, ովքեր միացել են մեզ: Մեզ միանալ կարող են բոլոր ցանկացողները, ովքեր սիրում են բնությունը, սպորտը եւ ցանկանում են օգտակար լինել այս գաղափարի իրագործմանը: Սկզբում շատ էի ոգեւորված, կարծում էի՝ ում դիմեմ փող կտրամադրի, քանի որ գաղափարն իրոք լավն է ու նման պարկի կարիքը կա Հայաստանում: Բայց արի ու տես, որ շատ ՀԿ-ներ պահպանողական են, չեն փորձում ավելի ազատ ու հետաքրքիր մտածել»:

Լուսանկարը` CHAI KHANA


Էմման շարունակում է կապեր հաստատել արտասահմանցի հեծանվորդների հետ, ովքեր սոցիալական ցանցերում իրենց ակտիվությամբ կարող են օգուտ տալ Վանաձորում կառուցվելիք պարկին:

«Մեր թիմում շատ լավ դաունհիլ հեծանվորդ ունենք՝ Կանադայից Ռուբեն Դերսահակյանը: Իր փորձով նա շատ է օգնում մեզ: Նաեւ Ռումինիայից մի աղջիկ կա, ում հետ նույնպես ակտիվ կապ ենք պահում: Սկիզբն է դժվար, կարծում եմ, հետո ինքնըստինքյան գործն առաջ կգնա, ու սպորտը կսկսի զարգանալ: Ակտիվ ենք նաեւ սոցիալական կայքերում, որտեղ նաեւ շատ արտասահմանցի հետեւողներ ունենք»,- շարունակում է նա:

Էմման հույս ունի, որ 2020 թվականին Վանաձորի լեռնահեծանվային սպորտի պարկն ամբողջովին պատրաստ կլինի: Այն իր մեջ կներառի երթուղիների ցանց, հեծանվային վարձույթի եւ սպասարկման կենտրոն, սննդի եւ կեցության հարմարություն:

Լուսանկարը` Էմմա Պետրոսյան


«Սա բիզնես չԷ: Պետք է հեծանիվ սիրես ու ինքդ վարես, որ մարդիկ գան քեզ մոտ: Շատ ուրախ կլինեմ, որ էլի մարդիկ լինեն մեզ պես, գժի պես սիրեն հեծանվասպորտն ու ցանկանան պարկեր սարքել այլ մարզերում: Սա միայն օգուտ կտա մեր երկրին: Օրինակ, արտասահմանից անծանոթ մարդիկ են նամակ գրում, որ պարկը բացվելուն պես կգան մեզ մոտ: Սա, իսկապես, ոգեւորում է: Մեծ հույս ունենք, որ ամեն ինչ կհաջողվի ու կկարողանանք գործը գլուխ բերել»,- եզրափակում է մեր զրուցակիցը:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին