Ապրիլ 20, 2024
exclusive
6471 դիտում

Սպորտի ամենակարող, մարդկանց միավորելու ու երջանկացնելու ուժը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` comicvine.gamespot.com

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` CNN

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` chessblog.com

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Sports Illustrated

Լուսանկարը` gqitalia.com

Լուսանկարը` gossipextram.com

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` si.com

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` thesource.com

Լուսանկարը` Photolure


Այսօր ամբողջ աշխարհում նշվում է որպես սպորտի միջազգային օր, ՄԱԿ-ն այն ամրագրել է 2013 թվականին: Սակայն սպորտն ամենօրյա աշխատանք է, 365-օրյա պայքար ու քրտնաջան մարզումներ:

Սպորտն ամեն ինչ է դարձել մարդկանց համար, հայտնի մարզիկները կարծրատիպեր են կոտրում, պայքարում հիվանդությունների բուժման ու արտահայտվում պատերազմների դեմ, նրանք միլիոնավոր բարեգործական հիմնադրամներ են տնօրինում ու օգնում կարիքավոր մարդկանց:

Սպորտը դուրս է եկել իր սովորական կաղապարներից, այն միլիոնների կյանքի իմաստն է, աշխատանքը, հոբբին ու կիրքը:

Mediamax Sport-ի համար իր գործունեության 4 տարիների ընթացքում սպորտը լուսաբանելը դարձել է ավելին, քան պարզապես աշխատանք կատարելը: Մենք թրծվել ենք սպորտային հարթակներում, վեր հանել ամենատարբեր խնդիրներ, տեսել հայ մարզիկների փայլուն հաղթանակներն ու անսպասելի ձախողումները:

Սովորել ենք լեզու գտնել հայ երկրպագուների հետ, աշխարհում ամենաբանիմացների հետ, չէ որ միայն նրանք հեշտությամբ կարող են որոշել որ ֆուտբլիստներին ընդգրկել հավաքականի հիմնական կազմում, ինչպիսի մարտավարություն ընտրել, ում ուղարկել Օլիմպիական խաղեր, երբ մրցավարին հայհոյել կամ էլ մարզչին թոշակի ուղարկել:

Սպորտային Հայաստանը

Մեր երկրում սիրում են սպորտ, համազգային համախմբումն ու բռնկումն իր գագաթնակետին մեկ անգամ չէ, որ հասել է: Մեր մեծերի պատմելով՝ այդպես է եղել «Արարատ-73-ի» հաղթարշավի ժամանակ, Տիգրան Պետրոսյանի «թագադրման», Օլիմպիական չեմպիոններ ունենալու օրերին:

Մեր սերունդն էլ այդ ցնծություններին ներկա լինելու բազմաթիվ առիթներ է ունեցել: Միայն 4 անգամ հայ շախմատիստներն են երկրպագուներին փողոց հանել ու ամենաիմաստուն խաղի մրցանակների նվաճումը միասին տոնել: Շախմատային Օլիմպիադայի եռակի ու Աշխարհի թիմային չեմպիոնները աներեւակայելի պահեր են պարգեւել հայերին:

Լուսանկարը` chessblog.com


Այնուհետեւ մարդկանց միավորելու հերթը Լեւոն Արոնյանինն էր: Մեկը մյուսի հետեւից հաղթանակներ գերմրցաշարերում, չեմպիոնական կոչման համար պայքար:

Ապա սկսվեց ֆուտբոլի վերելքը: Վարդան Մինասյանն ու իր տղաները ֆուտբոլային երազանք նվիրեցին երկրպագուներին, թեկուզ եւ այն երկար չտեւեց ու վերջնական նպատակին հասնել չստացվեց, սակայն այդ հաղթական անքուն գիշերները մեծապես նպաստեցին ֆուտբոլային մշակույթի ձեւավորմանը:

Լուսանկարը` PAN Photo


Պեկինյան Օլիմպիադայի բրոնզե մեդալները, լոնդոնյան խաղերում հունահռոմեականների փայլուն ելույթները, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների բոլոր մեդալները, հավաքականի հաղթանակները ազգովի համախմբվելու նորանոր առիթներ էին:

«Մետալուրգից» մինչեւ «Յունայթեդ» ուշի ուշով հետեւեցինք Հենրիխ Մխիթարյանի վերելքին, մեր օլիմպիականների հետ հասանք Ռիո ու վերադարձանք 4 մեդալով:

20 տարի անց Հայաստան 2-րդ Օլիմպիական ոսկին բերած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանին, Գոռ Մինասյանին ու Սիմոն Մարտիրոսյանին դիմավորեցին իսկական հերոսների պես:

Լուսանկարը` PAN Photo


Իրենց յուրաքանչյուր մեդալով ու նվաճմամբ հայ մարզիկները շարունակում են ցույց տալ սպորտի ամենազոր ուժը, մարդկանց միավորելու ու երջանկացնելու ուժը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուղերձ աշխարհին

Մարզիկները միշտ էլ օրինակ են եղել բազմահազար երկրպագուների համար: Նրանք ոգեշնչել են, օգնել այլ կերպ նայել դժվարություններին ու որ ամենակարեւորն է, երբեք չդադարել պայքարել: Սպորտում դա ոսկե կանոն է, դադարը ամեն ինչի վերջն է:

Տարիներ առաջ Մուհամեդ Ալին փորձում էր հասկացնել, որ անհնարինի սահմանները հենց մենք են որոշում ու նպատակին հասնելու համար պայքարել է պետք: Նրա կոչը մինչեւ հիմա էլ իր կարեւորությունը չի կորցրել:

Լուսանկարը` comicvine.gamespot.com


«Անհնարինն ընդամենը աղմկոտ բառ է, որի հետեւում թաքնվում են փոքր մարդիկ: Նրանց համար ավելի հեշտ է ապրել սովորական աշխարհում, քան ինչ-որ բան փոխելու ուժ գտնել: Անհնարինը փաստ չէ, այլ միայն կարծիք: Այն մարտահրավեր է, անհնարինը շանս է դրսեւորվելու: Անհնարինը հնարավոր է»:

Մայքլ Ջորդանը ցույց տվեց, որ անգամ լավագույնները կատարյալ չեն իրենց աշխատանքում, բայց գիտեն, ինչպես հայտնվել բարձրունքում: «Իմ կարիերայի ընթացքում մոտ 9000 նետումներ անհաջող եմ իրացրել, 300 հանդիպումներում պարտություն կրել: 26 անգամ ինձ վստահել են որոշիչ հարվածներ, ու ես վրիպել եմ: Ես կրկին ու կրկին ձախողվել եմ, հենց դրա համար էլ հաջողության եմ հասել»:

Աշխարհը փոխած կանանց ցանկում ընդգրկված Սերենա Ուիլյամսը բոլորից լավ գիտի սովորական աղքատ ընտանիքից միլիոնանոց կարողության ու լավագույն թենիսիստուհու կոչմանը հասնելու դժվարությունները: Իր բաց նամակում նա բոլոր կանանց կոչ արեց ավելի համարձակ լինել, տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալ ու չդադարել երազել:

Լուսանկարը` thesource.com


«Մարդիկ ինձ ամենահաջողակ կին մարզուհին են համարում: Սակայն Ռոժեր Ֆեդերերին, Թայգեր Վուդսին կամ Լեբրոն Ջեյմսին ասո՞ւմ են լավագույն տղամարդ մարզիկ: Երբեք ոչ մեկի թույլ չեմ տվել սահմանափակել ինձ ու իմ պոտենցիալը: Կանանց պետք է գնահատել նրանց նվաճումների համար, ոչ թե սեռի»:

Մարզիկներից շատերը կոտրել են մարդկային հնարավորությունների սահմաններն ու պատկերացումները: Պատմության մեջ միակ Օլիմպիական 23-ակի չեմպիոն Մայքլ Ֆելփսը, ամենաարագ վազորդ Ուսեյն Բոլտը, 35 տարեկանում իր 91-րդ տիտղոսը նվաճած Ռոժեր Ֆեդերերը, ու այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել, օգնում են մարդկանց նորովի բացահայտել իրենց:

Լուսանկարը` si.com


Լեո Մեսսին, Քրիշտիանու Ռոնալդուն, Նովակ Ջոկովիչն ամենավառ օրինակն են, թե ինչպես կարելի է ծնվել Ռոսարիոյի, Մադեյրայի, Բելգրադի սովորական ընտանիքներում, միլիոնների կարողություն կուտակել ու նույնքան էլ մարդկանց սրտերում տեղ գտնել:

«Կարծում եմ, որ սպորտի միջազգային օրվա սահմանումը մեզանից յուրաքանչյուրի համար լրացուցիչ մոտիվացիա կլինի սպորտի արժեքների՝ արդար խաղի, մրցակցի նկատմամբ հարգանքի ու թիմային ոգու պահպանման համար»,- խոստովանել է Ջոկովիչը:

Լուսանկարը` gqitalia.com


Ֆուտբոլային դաշտում ու մրցանակների համար հիմնական մրցակիցներ Մեսսին ու Ռոնալդուն սպորտից դուրս նույնատիպ արժեքների կրողն են: Երկուսն էլ դեմ են պատերազմներին, մշտապես կոչ են անում փրկել սիրիացի երեխաներին: Նրանց ու բազմաթիվ այլ հայտնի մարզիկների բարեգործական հիմնադրամներն ամբողջ աշխարհում տասնյակ պետություններին համազոր աշխատանք են կատարում:

Խաղադաշտում, ռինգում, բասկետբոլային հարթակում կամ լողավազանում նրանք բոլորն էլ մարզիկներ են, բայց խթանում են մարզվել, սովորել, չնահանջել, հավատալ ուժերին ու առաջ գնալ անկախ ամեն ինչից:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին