exclusive
8435 դիտում

Հայաստանի հավաքական. Վստահելով առաջատարներին


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Մունդիալ 2018-ի որակավորման փուլի Հայաստան - Ղազախստան խաղն ավարտվեց մեր հավաքականի 2:0 հաշվով հաղթանակով: Հաղթանակ, որը նորից հույս արթնացրեց հայ երկրպագուների մոտ եւ փաստեց, որ պետք է հավատալ ոչ թե հրաշքներին, այլ սեփական ուժերին: Mediamax Sport-ը վերլուծել է մեր թիմի խաղն ու առանձնացրել կետեր, որոնց շնորհիվ էլ 6 տարվա «երաշտից» հետո Հայաստանի հավաքականին հաջողվեց պաշտոնական խաղերում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնել:

Մեկնարկային կազմն ու խաղային սխեման

Այս խաղից հետո վերջնականապես համոզվեցի, որ Հայաստանի հավաքականի համար լավագույն տարբերակը 4 պաշտպաններով խաղն է: Այս դեպքում պաշտպանական գիծն ավելի բալանսավորված ու զգոն է: Սխալները համեմատաբար քիչ են թե խաղային դրվագներում, թե արհեստական խաղից դուրս իրավիճակ ստեղծելիս: Բացի այդ, եզրային պաշտպաները գործում են ավելի ազատ` ունենալով ապահովագրություն ի դեմս եզրային կիսապաշտպանների:

Լուսանկարը` Photolure


Վերջին տարիներին մեր հավաքականը շատ անգամներ է խաղացել այսպիսի դասավորությամբ, սակայն գրեթե միշտ ինչ-որ բան չի հերիքել: Այս խաղում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ընտրել էր 4-1-4-1 տակտիկական դասավորությունը: Այն հնարավորություն տվեց մեր թիմի երկու գլխավոր փլեյմեյքերներին՝ Մարկոսին եւ Մխիթարյանին գործել ավելի ազատ եւ անկաշկանդ:

Առաջատարների դերը

Փաստացի այս խաղում հաղթանակը կերտեցին մեր թիմի առաջատարները՝ Մխիթարյանը, Օզբիլիսը, Մանուչարյանը: Վերջին երկուսը, ճիշտ ժամանակին դուրս գալով փոխարինման, կարողացան հավաքականի խաղին սրություն հաղորդել: Չնայած խաղային պրակտիկայի բացակայությանը՝ միեւնույն է, նրանք ապացուցեցին, որ կարող են վճռորոշ պահերին պատասխանատվությունը վերցնել իրենց վրա: Այս պարագայում Մխիթարյանի գործը փոքր-ինչ թեթեւանում է:
Առաջատարների մասին խոսելիս պետք է անպայման նշել Գեւորգ Ղազարյանին: Նա խաղի մեկնարկում ստացած վնասվածքից հետո ստիպված եղավ փոխարինվել, սակայն այս դրվագը եւս, կարծում եմ, հավելյալ ուժ հաղորդեց մեր տղաներին:
Ունենալով այսպիսի ֆուտբոլիստներ՝ Արթուր Պետրոսյանը փորձում է լավագույն համադրությունը գտնել: Պետք չէ մոռանալ, որ մարզիչը կարող է ուղղակիորեն ազդել հանդիպման ելքի վրա իր կատարած փոփոխություններով, ինչին էլ ականատես եղանք այս խաղում: 

Չնայած այս ամենին, կային ֆուտբոլիստներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չկարողացան իրենց լավագույնս դրսեւորել: Զարմանալիորեն անարդյունավետ էր Արթուր Սարկիսովը: Բացի մեկ-երկու արագացումներից, ոչնչով աչքի չընկավ: Միգուցե դա մրցակցի բավականաչափ պաշտպանողական տակտիկայի հետեւանքն էր, որ Սարկիսովը չկարողացավ իր արագության շնորհիվ վտանգավոր պահեր ստեղծել:

Լուսանկարը` Photolure


Չտպավորեց նաեւ երիտասարդ Տիգրան Բարսեղյանը: Սակայն, արդարության համար նշեմ, որ նրա պասիվ խաղի համար կար երկու պատճառ՝ մեծ ճնշումն ու խորթ խաղային դիրքը: Հանդիպման հենց մեկնարկում Գեւորգ Ղազարյանի փոխարեն խաղադաշտ դուրս գալն անակնկալ էր նրա համար: Բարսեղյանը կենտրոնական կիսապաշտպան է, ուստի նրա համար դժվար էր եզրում արդյունավետ կերպով գրոհել: Փոխարենը նա բավականին լավ հանդես եկավ պաշտպանական գործողություններում:

Աղյուսակ, մրցակիցներ եւ ԱԱ 2018-ում հայտնվելու շանսեր

Այս պահին մեր խմբի աղյուսակն ունի հետեւյալ տեսքը․

Լեհաստան - 13 միավոր
Չեռնոգորիա - 7 միավոր
Դանիա - 7 միավոր
Ռումինիա - 6 միավոր
Հայաստան - 6 միավոր
Ղազախստան - 2 միավոր

Առջեւում դեռ 5 հանդիպում կա, որից 2-ն անցկացնելու ենք սեփական հարկի տակ՝ Դանիայի եւ Լեհաստանի դեմ: Լեհերի հետ հանդիպումը նախավերջինն է լինելու մեր հավաքականի համար այս նախընտրական փուլում եւ, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ նրանք արդեն իսկ ապահոված կլինեն առաջին հորիզոնականը: Իսկ դա նշանակում է, որ խմբի ամենաուժեղ հավաքականի հետ այդքան էլ բարդ հանդիպում չի սպասվում: Դե, իսկ մնացածների հետ պայքարել կարելի է եւ պետք է: 

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին