Ապրիլ 26, 2024
exclusive
5987 դիտում

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վերջին չորս հանդիպումը


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` AS Monaco

Լուսանկարը` Atetico de Madrid

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` FC Porto

Լուսանկարը` Juventus

Լուսանկարը` Leicester City FC

Լուսանկարը` Manchester City

Լուսանկարը` Sevilla FC


Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վերջին չորս խաղերը կայանալու են այս շաբաթ: Արդեն մարտի 17-ին կանցկացվի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որից հետո էլ ավելի կսրվի դեպի հաղթանակ տանող պայքարը:

Mediamax Sport-ն առաջարկում է ծանոթանալ այսօր ու վաղը կայանալիք հանդիպումներին:

Մարտին 14-ին ականատես ենք լինելու «Յուվենթուս»-«Պորտու» եւ «Լեսթեր»-«Սեւիլիա» դիմակայություններին:

Լուսանկարը` Juventus


«Յուվեն» չորս տարի է ՉԼ-ի 1/8 եզրափակչում սեփական հարկի տակ պարտություն չի կրել, իսկ Իտալիայի առաջնությունում հաղթական շարքը շարունակվում է 31 հանդիպում:

Չնայած այսպիսի վիճակագրությանն ու առաջին խաղում տոնած հաղթանակին (2:0), իտալացիները խոստովանել են, որ դաշտ են դուրս գալու, ասես հաշիվը 0:0 է:

Մասիմիլիանո Ալլեգրի, «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ

«Պորտուն» իրեն հիանալի է դրսեւորելու, նրանք գիտեն, թե ինչպես է պետք խաղալ: Մենք մեկ նպատակ ունենք՝ դուրս գալ քառորդ եզրափակիչ: Դրա համար պետք է պարզապես լավ խաղ ցուցադրենք ու ձգտենք առավելագույնին:

Շատերն են սպասում իտալական ակումբի հաղթանակին, բացի «Պորտուի» երկրպագուներից: Նրանք հավատում են, որ ինչպես մի շաբաթ առաջ «Բարսելոնան» հրաշք գործեց, այնպես էլ իրենց թիմը կարող է ռեւանշի հասնել ու հաղթանակ գրանցել:

Նունու Էշպիրիտու, «Պորտուի» գլխավոր մարզիչ

Մենք մրցելու ենք մեծագույն թիմի դեմ: Բայց իմ տղաները ցանկանում են բարձր կարգ ցույց տալ, եւ մեր կազմը թույլ է տալիս ստեղծագործական մոտենալ հանդիպմանը: Մենք ծրագիր ունենք, սակայն չեմ պատմի դրա մասին, դուք կտեսնենք խաղի ժամանակ: Սպասվում է երկար ու կամային պայքար, ինչին մենք մեծ մոտիվացիայով ենք պատրաստվում:

Լուսանկարը` Leicester City FC


Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերը» «Սեւիլիայի» դեմ խաղում հանդես է գալու նորանշանակ գլխավոր մարզիչ Քրեյգ Շեքսպիրի ղեկավարությամբ: Անգլիական մամուլը գրում է, որ Շեքսպիրը կազմի առումով փոփոխությունների չի գնա: Խաղադաշտում կտեսնենք այն նույն ֆուտբոլիստներին, որոնց նա վստահել է նախորդ երկու հանդիպումներում՝ «Լիվերպուլի» եւ «Հալ Սիթիի» դեմ: 

Քրեյգ Շեքսպիր, «Լեսթերի» գլխավոր մարզիչ

Մեզնից հաղթանակ են սպասում: Հույս ունեմ, որ հյուրընկալվելիս կկարողանանք գոլի հեղինակ դառնալ, ինչը մեզ լավ հնարավորություն կտա: «Սեւիլիայի» կազմում բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, սակայն մենք կարող ենք առաջ շարժվել: Ինչո՞ւ ոչ: Թիմը հանդես է գալիս Չեմպիոնների Լիգայում ու ամեն խաղի ձգտում է լավ արդյունք ցույց տալ: Այս անգամ եւս մենք վճռականություն ու մարտական բարձր ոգի ենք ցույց տալու:
 
Իսպանացիները, ովքեր առաջին խաղում հաղթեցին 2:1 հաշվով, փորձելու են սեփական հարկի տակ ուրախացնել երկրպագուներին: Թիմը ձգտելու է հասնել հաղթանակի՝ թույլ չտալով «Լեսթերին» գրավել սեփական դարպասը: Հակառակ դեպքում՝ նրանց գործը կարող է բարդանալ:

Խորխե Սամպաոլի, «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ

Ոչ միայն ինձ, այլեւ ողջ թիմի համար լավագույն նվերը հաղթելն է (մարտի 13-ին Սամպաոլի ծննդյան օր է եղել): Մեր թիմի, ակումբի, ֆուտբոլիստների ու երկրպագուների համար պատմական փաստ է, եթե հայտնվենք ՉԼ-ի լավագույն ութ թիմերի շարքում:

Մենք հանդիպելու ենք շատ կատաղի թիմի հետ: «Լեսթերն» այն նույն «Լեսթերն» է, որը նախորդ տարի դարձավ Անգլիայի չեմպիոն՝ վճռական, պայքարող ու հաղթանակի ձգտող: Պետք է մեր բոլոր լավագույն որակները ցույց տանք, որպեսզի անցնենք նրանց: 

Լուսանկարը` Atetico de Madrid


Մարտի 16-ին «Ատլետիկոն» կմրցի «Բայերի», իսկ «Մոնակոն»՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ:

Գերմանիայում կայացած առաջին խաղում «Ատլետիկոն» «Բայերին» հաղթել է 4:2 հաշվով: Մասնագետները նշում են, որ այս անգամ եւս իսպանացիները կկարողանան ապահովել ՉԼ-ի քառորդ եզրափակչի ուղեգիր:

Նշվում է, որ Դիեգո Սիմիոնեն սեփական հարկի տակ կարող է ճիշտ նախապատրաստել իր տղաներին ու ոչ պակաս հետաքրքիր ֆուտբոլ ցուցադրել: «Բայերի» հաղթանակին հավատացողները շատ քիչ են, բուքմեյքերները նույնպես նրանց շանսերը ցածր են գնահատում:

Լուսանկարը` AS Monaco


«Մանչեսթեր Սիթին» եւս ֆրանսիա է մեկնում ֆավորիտի կարգավիճակով: Անգլիացիներին շաբաթներ առաջ հաջողվել է 5 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով 3-ը: Պետք է նկատել, որ Պեպ Գվարդիոլայի թիմը վերջին վեց արտագնա խաղերում միայն մեկում է հաղթանակի հասել:

Ֆրանսիական մամուլն էլ գրում է, որ իրենց թիմը կարող է հաղթել «Սիթիին», քանի որ ունի բոլոր անհրաժեշտ գործոնները: Առաջին խաղում եւս «Մոնակոն» բարձր կարգ է ցույց տվել ու պատրաստվում է մրցակցին կրկին անակնկալ մատուցել:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին