Ապրիլ 25, 2024
exclusive
7303 դիտում

Նմանը չունեցող ընկերություն. Կասիլիասն ու Բուֆֆոնը


Լուսանկարը` headbandsandheartbreak.wordpress.com

Լուսանկարը` headbandsandheartbreak.wordpress.com

Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` givemesport.com

Լուսանկարը` AP

Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` mirror.co.uk


Ասում են հնարավոր չէ երկրպագել ու հիանալ երկու դարպասապահներով միաժամանակ: Գուցե, ես քիչ հանդիպող վիճակագրության թվում եմ, բայց ինձ մոտ դա ստացվում է:

Իկեր Կասիլիասն ու Ջանլուիջի Բուֆֆոնը տարբեր են, բայց նրանք իրենց մասնակցությամբ աներեւակայելի գույներ ու հմայք են հաղորդում ֆուտբոլին:

Աշխարհի երկու չեմպիոնները բացառիկ օրինակ են, թե ինչպես կարելի է մրցակցել իրար հետ դաշտում, բայց եւ հիանալի փոխհարաբերություններ ունենալ, հարգել իրար ու անհրաժեշտության դեպքում քաջալերանքի խոսքեր ասել:

Mediamax Sport-ի այսօրվա հերոսներն այդ մեծագույն դարպասապահներն են: Նման պահերի ու խաղացողների շնորհիվ է, որ ֆուտբոլը դառնում է ավելին քան խաղ, ու միավորում է միլիոնավոր մարդկանց աբողջ աշխարհում:

Ամեն ինչից վեր ընկերությունը

Այս երկու մեծագույն դարպասապահների ճանապարհներն առաջին անգամ հատվել են 2003 թվականին: Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում երկու հանդիպումների արդյունքում 4:3 հաշվով  Թուրինի «Յուվենթուսը» հաղթեց Մադրիդի «Ռեալին», ու հենց այդ ժամանակ է, որ աշխարհը ստացավ Բուֆֆոն-Կասիլիաս եզակի զույգը: Հանդիպումն ավարտվեց նրանց ջերմ գրկախառնություններով, ու 14 տարի շարունակ ֆուտբոլային աշխարհը վայելում է այդ հրաշալի ներկայացումները:

Երբ բոլոր աստղերին մեկ թիմում հավաքելու մղումով Ֆլորենտինո Պերեսը ցանկացավ «Ռեալում» տեսնել նաեւ Բուֆֆոնին, իտալացին մերժեց արքայական ակումբին: Նրա համար ընկերությունն ամեն ինչից վեր էր:

«Իհարկե, այդ առաջարկը հիանալի է, բայց ես ստիպված եմ հրաժարվել: Նախ շատ եմ սիրում «Յուվենթուսը», հետո էլ Իկերն իմ ընկերն է, իսկ ընկերների հետ այդպես չեն վարվում: Բացի այդ էլ նա հիանալի դարպասապահ է, ու ես Մադրիդին պետք չեմ»,- ասել էր իտալացին:

Լուսանկարը` mirror.co.uk


Իկերի պատասխանը չուշացավ, սակայն ոչ հրապարակային: Նա շնորհակալություն հայտնեց Բուֆֆոնին իրեն աջակցելու համար, ու երբեք չմոռացավ երախտապարտ լինել նրան:

Խաղադաշտը գրկախառնություններով լքողները

Դարպասապահների վերջին դիմակայությունը 2 շաբաթ առաջ էր: Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում միմյանց դեմ մրցեցին «Պորտուն» ու «Յուվենթուսը»: Առաջին անգամն էր, որ «Ռեալից» հեռանալուց հետո Կասիլիասը հանդիպեց արդեն 16 տարի «ծեր սենյորայի» գույները պաշտպանող Բուֆֆոնին: Նա հավատարիմ էր իր ակումբին, երբ այն հեռացվեց A սերիայից, երբ շատերն այդ ծանր պահին լքեցին «Յուվեն»: Բուֆֆոնը մնաց ամեն ինչ նորից սկսելու ու հաղթահարելու համար:

«Ռեալի» հետ ուրախ ու տխուր պահերը կիսել էր ցանկանում նաեւ Կասիլիասը, սակայն նրա ճակատագիրն այլ կերպ դասավորվեց, դարպասապահն արցունքն աչքերին հրաժեշտ տվեց «արքայական թիմին» ու ստիպված հեռացավ Պորտուգալիա:
Ակումբային դիմակայություններում առաջատարը Բուֆֆոնն է, այդ հանդիպումն էլ նրա թիմի օգտին ավարտվեց: Կասիլիասը փլեյ-օֆֆ փուլերում երբեք չի կարողացել անցնել «Յուվենթուսին»: Այդ հանդիպումներից ամենահիշարժանը 2015 թվականի ՉԼ-ի կիսաեզրափակչի դիմակայությունն էր, երբ «Ռեալը» չհաղթահարեց իտալական թիմի արգելքը:

Լուսանկարը` AP


Բուֆֆոն-Կասիլիաս ՝ 6:3, 2 ոչ-ոքի, գնդակների հարաբերությունը՝ 18:11

Սակայն հավաքականների մրցավեճերում հավասարը չունի Կասիլիասը: Ամենատպավորիչ հաղթանակներից մեկը ԵՎՐՈ-2008-ի 1/4 եզրափակչում էր, իսպանացիներն ուժեղ էին 11-մետրանոց հարվածաշարում ու սկիզբ դրեցին անպարտելի Ֆուրիա Ռոխային, որը 6 տարիների ընթացքում 3 տիտղոս նվաճեց: Իսկ ԵՎՐՈ-2012-ի եզրափակիչը (4:0) իսկական մղձավանջ էր Իտալիայի համար:

Կասիլիաս-Բուֆֆոն՝ 5:1, 2 ոչ-ոքի, գնդակների հարաբերությունը՝ 9:4

Նրանք միասին 13 տիտղոս ունեն, 599 միջազգային հանդիպում, իրենց ազգային հավաքականների կազմերում 39-ամյա Բուֆոնն ու 35-ամյա Կասիլիասը հավասար քանակությամբ՝ 167-ական խաղ են անցկացրել: Նրանք վաղուց ամբողջ աշխարհին ցույց են տվել, թե որքան հուսալի ձեռքեր ունեն:

Կարեւոր չէ, թե դարպասապահների մասնակցությամբ հանդիպումներն ինչ ելք են ունենում, ու դաշտը ով է հաղթանակած լքում: Իկերն ու Ջանլուիջին միշտ մոտենում են իրար, մի քանի րոպե զրուցում ու փոխանակվում շապիկներով: Տղաներն իրենց համեստ պահվածքով ամեն անգամ մինչեւ հոգու խորքը հուզում են երկրպագուներին ու ստիպում հիանալ իրենցով:

Երկու լավագույնները

Երբ 19-ամյա իտալացին 1990-ականների կեսերին առաջին քայլերն էր կատարում «Պարմայի» կազմում, Իկերը նրան հետեւում ու սովորում էր: Իկերի համար Բուֆֆոնն օրինակ էր, սակայն անգամ ենթադրել չէր կարող, թե միասին ինչպիսի ճանապարհ են անցնելու:

«Ես ուսումնասիրում էի նրա ոճն ու անհատականությունը: Այնուհետեւ սկսեցինք միասին մեծ բարձունքների հասնել ու իրար նման կարիերաներ կերտել: Կարծում եմ իտալական ֆուտբոլը Ջիջիի պես 2-րդ դարպասապահը չի ունենա: Նրան ճանաչում ու սիրում են ամբողջ աշխարհում, Բուֆֆոնը ֆուտբոլի մի մասն է: Մենք առողջ ու դրական մրցակցություն ենք ծավալում, իսկապես գնահատում ենք իրար ու միմյանց դեմ մեծ հաճույքով խաղում»,-ասել է Կասիլիասը:



Իր ընկերոջը գովելու առիթը բաց չի թողնում նաեւ Բուֆֆոնը: Հենց Կասիլիասին է նա համարում իր ժամանակաշրջանում լավագույնը. «Ամենաշատն ինձ դուր է գալիս այն, որ Իկերը շատ քիչ սխալներ է թույլ տալիս: Հազվադեպ է պատահում, որ թիմը նրա պատճառով է միավորներ կորցնում, բայց որքան անգամներ է հաղթել նրա շնորհիվ»:

Դարպասապահների վերջին դիմակայությունից առաջ UEFA-ի թվիթերյան էջը փորձեց հարցման միջոցով պարզել, թե ով է ավելի ուժեղ՝ Կասիլիա՞սը, թե՞ Բուֆֆոնը: Կասիլիասը կիսվեց այդ հղումով ու հարցրեց. «Ջիջի, դու ո՞ւմ ես լավագույնը համարում: Իմ կարծիքով դա դու ես»: Պատասխանը չուշացավ: «Ես չեմ ընտրի, երկուսս էլ լավագույնն ենք»:

Լուսանկարը` givemesport.com


Մրցակցության այս դարաշրջանում, երբ բոլորը ինքնափիառով ու ինքնագովազդով են զբաղվում, այս դարպասապահներն ասես այլ աշխարհից են: Նրանք գնահատում են ամենակարեւորը՝ մարդ լինելն ու միմյանց արժեւորելը: Կասիլիասն ու Բուֆֆոնը մեզ ցույց են տալիս, որ կյանքում հաղթանակներից ու լավագույնը լինելուց բացի շատ ավելի կարեւոր բաներ էլ կան:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին