Ապրիլ 19, 2024
exclusive
6989 դիտում

«Լիվերպուլ». Ռոբին Հուդի հետքերով, կամ անկայունության խորհրդանիշ


Լուսանկարը` thecomeback.com

Լուսանկարը` footymad.net

Լուսանկարը` http://www.chelseanews24.com

Լուսանկարը` thepeoplesperson.com

Լուսանկարը` http://turnupng.com


Ժամանակակից ֆուտբոլում հաջողության հասնելու գլխավոր պայմաններից մեկը կայունությունն է: Երեւույթ, որը բացակայում է եվրոպական մի շարք թոփ ակումբների մոտ: Բացառություն չէ նաեւ անգլիական «Լիվերպուլը»: Այնուամենայնիվ, ի տարբերություն մնացածների՝ Յուրգեն Կլոպի թիմը կարողանում է դասեր քաղել իր սխալներից եւ դրանք հասցնել նվազագույնի: Mediamax Sport-ը վերլուծել է մերսիսայդյան ակումբի խաղն ու առանձնացրել խաղային դիրքերում առկա խնդիրները:

Լուսանկարը` footymad.net


Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» խաղում է 4-3-3 տակտիկական դասավորությամբ, ընդ որում` «կեղծ» 9 համարով: Բայց ամեն ինչի մասին հերթով:

Պաշտպանությունը

«Լիվերպուլը» խնդիներ ունի պաշտպանական գծի յուրաքանչյուր հատվածում: Դրա մասին վկայում են նախ թվերը՝ 27 խաղում 34 բաց թողած գնդակ, իսկ հետո արդեն՝ ֆուտբոլիստների պաշտպանական գործողությունները: Կենտրոնում իսկական քաոս է: Անընդհատ փոփոխվում է կենտրոնական պաշտպանների զույգը: Պարզ է, որ Կլոպն այս կերպ փորձում է կայունություն հաղորդել պաշտպանությանը, սակայն գերմանացի մասնագետի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստներով դա անելը գրեթե անհնար է: Անկասկած, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Կլոպը պետք է մտածի կենտրոնական պաշտպանի դիրքում թոփ մակարդակի ֆուտբոլիստ ձեռք բերելու ուղղությամբ: Ռագնար Կլավանի, Դեյան Լովրենի եւ Ժոել Մատիպի հետ ամուր պաշտպանություն ունենալու հույսերը հավասար են զրոյի: Եզրերում իրավիճակը համեմատաբար լավ է: Միլներն իր աշխատասիրության շնորհիվ արժանի է միայն գովասանքի: Նաթանիել Կլայնը եւս լավ խաղ է ցուցադրում, սակայն մրցակցության բացակայությունն երբեմն դառնում է զգոնության թուլացման պատճառ:

Լուսանկարը` thepeoplesperson.com


Կիսապաշտպանություն

«Լիվերպուլի» կիսապաշտպանության գծում եւս խնդիրները բազմազան են: Էմրե Ջանն ու Ժորժինյո Վեյնալդումը երիտասարդ եւ հեռանկարային ֆուտբոլիստներ են, սակայն չեն համապատասխանում «Լիվերպուլի» պես ակումբի ամբիցիաներին: Ճիշտ է, մերսիսայդցիները 20 տարուց ավելի է, ինչ չեն կարողանում չեմպիոն դառնալ, այնուամենայնիվ, չեն կորցնում թոփ ակումբի համբավը: Իսկ այդպիսի ակումբներում պետք է խաղան լավագույնները: Սթիվեն Ջերարդից հետո ավագի պարտականությունները ստանձնած Ջորդան Հենդերսոնն ակնհայտորեն չի համապատասխանում այդ դերին: Միգուցե այս մտքի հետ շատերը չհամաձայնեն, սակայն Հենդերսոնն այն ֆուտբոլիստը չէ, ով կարող է իր հետեւից տանել թիմին: Իսկ հանրահայտ «Залечь на дно в Брюгге» ֆիլմում հնչած արտահայտությունը՝ «Говном ты не был, но и до вершин не добрался» շատ լավ բնութագրում է Ջորդան Հենդերսոնի խաղը: Ճիշտ է, այս արտահայտության իսկական հասցեատերը «Տոտենհեմն» է, բայց այս դեպքում եւս ակտուալ է:

Լուսանկարը` http://www.chelseanews24.com


«Լիվերպուլի» կիսապաշտպանության միակ լուսավոր կետն Ադամ Լալանան է: Ֆուտբոլիստ, ով երբեք չի դադարում կատարելագործվել: Նրա յուրահատուկ խաղային որակների շնորհիվ է, որ Յուրգեն Կլոպը հեշտությամբ կարողանում է փոխել խաղային սխեման հենց հանդիպման ընթացքում: 4-3-3 դասավորության ժամանակ Լալանան խաղում է աջ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Երբ ավտոբուսային պաշտպանություն կիրառող թիմերի դեմ հարձակվելիս բարդություններ են առաջանում, եզրային հարձակվողները փոքր ինչ հետ են գալիս, իսկ Լալանան տեղափոխվում է ենթահարձակվողի դիրք: Այդպիսով, «Լիվերպուլի» սխեման վերափոխվում է 4-2-3-1-ի: Ավելի պարզ բացատրելու համար. պաշտպանվելիս «Լիվերպուլը» խաղում է 4-3-3, իսկ հարձակվելիս` 4-2-3-1, որը հնարավորություն է տալիս Լալանային եւ Կոուտինյոյին կառավարել թիմի խաղը:

Հարձակման գիծ

Եթե փորձենք ինչ-որ ձեւ բնութագրել Կլոպի «Լիվերպուլի» խաղը, ապա այն կարելի է անվանել գերմանական տիկի-տակա: Այսինքն՝ տիկի-տական գերմանացու աչքերով: «Լիվերպուլի» ցուցադրած խաղը նման է «Բարսելոնայի» խաղաոճին, սակայն մերսիսայդցիների մոտ անկայունությունը, ֆուտբոլիստների ցածր մակարդակն ու «գեգենպրեսինգը» աղավաղում են այն: Բացի այդ, Ռոբերտո Ֆիրմինոն չի համապատասխանում կեղծ 9 համարի դերին՝ հատկապես թույլ թիմերի դեմ խաղերում: Այսպիսի դեպքերում անօգուտ է նաեւ Մանեի արագությունը: Մարդաշատ տուգանային հրապարակում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է կենտրոնական հարձակվող, ով լավ կպայքարի երկրորդ հարկում եւ կկարողանա շեղել մրցակցի պաշտպանների ուշադրությունը: «Լիվերպուլի» դեպքում երկորդ հարկում արդյունավետ պայքարելու մասին խոսելն անգամ ավելորդ է, իսկ մրցակցի ուշադրությունը շեղելու առումով Ֆիրմինոն թերանում է: «Լիվերպուլը» նման է Ռոբին Հուդին․ ուժեղ մրցակիցներից միավորներ խլելով՝ այն բաժանում է թույլներին: Կլոպի թիմն ընթացիկ մրցաշրջանի թոփ 6 թիմերի դեմ խաղերում ամենաշատ միավորներն է վաստակել՝ 19: Իսկ աղյուսակի ստորին հատվածում գտնվող թիմերի դեմ խաղերում «Լիվերպուլը» բարդություններ է ունեցել: Դրա մասին են վկայում թիմի կրած 5 պարտություններն այնպիսի թիմերից, ինչպիսիք են՝ «Լեսթերը», «Հալլ Սիթին», «Բորնմութը», «Բարնլին» եւ «Սուոնսին»:

Լուսանկարը` http://turnupng.com


Այս պահին «Լիվերպուլի» գերխնդիրն է ամրապնդվել աղյուսակի առաջին եռյակում: Նպատակ, որն իրագործելը բավականին բարդ է՝ հաշվի առնելով Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում առկա խելահեղ պայքարը:

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին