Ապրիլ 16, 2024
exclusive
6797 դիտում

Երբ ամեն ինչ հնարավոր է կամ խելահեղ սիրո գիշեր Կատալոնիայում


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook


Երեկ երեկոյան ֆուտբոլային աշխարհը տարվա ամենահետաքրքիր ու լարված ներկայացման ականատես եղավ: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-ՊՍԺ պատասխան խաղը շատերի կարծիքով իսկական դրամա էր դառնալու կապտանռնագույնների համար, իսկ իրականում այն ամենաարագ ու անսպասելի էքշնն էր, որտեղ ամեն ինչ կար՝ արագություն, աներեւակայելի էմոցիաներ ու հավատ սեփական ուժերին:

Սա «Բարսելոնայի» վրեժն էր թերահավատներին ու իրեն ժամանակից շուտ ՉԼ-ից հեռացնողներին: Mediamax Sport-ը եւս անդրադարձել է ֆանտաստիկ հանդիպմանն ու հաղթանակը կերտողներին:

«Բարսելոնայի» պատմական երեկոն

Երեկվա դիմակայությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչու ենք մենք սիրում ֆուտբոլ ու անքուն գիշերներ անցկացնում 22 խաղացողի ու 1 գնդակի պայքարին ականատես լինելու համար: Նմանատիպ հանդիպումները մշտապես մնում են պատմության մեջ ու օգնում անգամ անհնարին թվացող իրավիճակներում հրաշք գործել:

Գուցե կանանց միջազգային օրը այսուհետ հիշվի, որպես օր, երբ կատալոնացիները հրաշք գործեցին:

Լուսանկարը` Facebook


Դեռ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Լուիս Էնրիկեն վստահ էր իր թիմի վրա ու համոզված, որ եթե իրենց 4 գնդակ են խփում, կպատասխանեն 6-ով: Ու լիովին իրավացի էր:

 «Բարսելոնան» դարձավ առաջին ակումբը, որին հաջողվեց նման հաշվով (0:4) պարտությունից հետո շարունակել պայքարը Չեմպիոնների Լիգայում: Թիմը շատ էր ցանկանում հաղթել, ու խաղադաշտում տեսանք դրա բոլոր դրսեւորումները:

Գուցե, եթե «Բարսելոնային» դիմակայեր Փարիզում հաղթած ՊՍԺ-ն, ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, սակայն երեկ միայն մեկ թիմ էր ցանկանում հաղթել, ու դա ՊՍԺ-ն չէր:  Ունայ Էմերիի թիմի խաղը շատ էր տարբերվում նախորդից, ֆուտբոլիստներն ասես միայն թվաբանությամբ էին զբաղվում դաշտում, փորձելով հասկանալ, թե որ հաշվի դեպքում իրենք կշարունակեն պայքարը, ու դա էլ եղավ նրանց ամենամեծ սխալը:

Հենց դրա հաշվին էլ խաղացին ու հաղթեցին կապտանռնագույնները. նրանք նվիրված էին, միասնական, քան վերջին ժամանակներում երբեւէ, նրանց ոչ միայն 1/4 եզրափակչում հայնտնվելն էր պետք: Դա հասկանում էր թիմի ամեն խաղացող, պաշտպանները հարձակվողներին հավասար առաջ էին նետվում, մասնակցում գրոհներին, նրանք ամբողջ խաղի ընթացքում մրցակցի կիսադաշտում շատ ավելի ժամանակ անցկացրին, քան սեփականում: Անգամ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն էր մտածում միայն հարձակման մասին: Վերջին գնդակը հենց նրա վաստակած տուգանային հարվածից հետո իրացվեց:

Խաղադաշտում իր ողջ վարպետությունն ու հմայքը չէր դադարում ցուցադրել հայտնի եռյակը՝ MSN-ն: Մեսսին, Սուարեսն ու Նեյմարը աներեւակայելի էին՝ 4 գոլ, գոլային փոխանցումներ ու վաստակած 11 մետրանոց:

Առավել քան երբեւէ իր սառնասրտությամբ աչքի ընկավ Նեյմարը՝ 90-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոցը, վրիպեր ու ամեն ինչ ապարդյուն կլիներ, մինչդեռ շոուն դեռ շարունակվելու էր:  Հաղթական հանդիպումը նաեւ պատմական դարձրեց «Բարսելոնայի» սան Սերխիո Ռոբերտոն, ով հանդիպման ավարտից 15 րոպե առաջ էր փոխարինման մտել:

ՊՍԺ-ն համարյա ոչնչով աչքի չընկավ, ողջ հանդիպման ընթացքում ընդամենը 4 հարված դեպի դարպասն ու Կավանիի գեղեցիկ գոլը, որը կատալոնական ծրագրերում չկարողացավ ոչինչ փոխել:

Լուսանկարը` Facebook


Խելահեղ գոլը, անմոռանալի հաղթանակն ու ֆուտբոլի հմայքը

Խաղից հետո շոկի ու էյֆորիայի մեջ էր ողջ ստադիոնը՝ երկրպագուներից ու ֆուտբոլիստներից սկսած: Զսպել հույզերն ու դրանք չարտահայտելն անհնարին կլիներ: Խաղից հետո էլ ֆուտբոլիստներն ու մարզիչն իրենց մեկնաբանություններում անկեղծ էին ու աներեւակայելի ուրախ:

Խերարդ Պիկե. Ես խաղադաշտում էի, երբ Անդրես Ինիեստան «Ստեմֆորդ Բրիջում» գրավեց «Չելսիի» դարպասը: Բայց այդ հանդիպումն այս մեկի հետ չի համեմատվի: Մի բան է 1 գնդակ խփելը, մեկ այլ 3-ը՝ 7 րոպեում: Մենք կարող ենք հրաշքի, պատմական իրադարձության մասին խոսել: Առաջիկա 9 ամիսների ընթացում հիվանդանոցները շատ մանկաբարձների ու բժիշկների պետք է աշխատանքի ընդունեն, քանի որ այս խաղից հետո շատերն են սիրով զբաղվելու:

Իվան Ռակիտիչ. Ամեն ինչ անհնարին էր թվում: Արդեն բավականին ժամանակ է անցել, բայց միեւնույն է շարունակում է անհնարին ու խելահեղ լինել: Մենք տեսել ենք, թե Սուպերբոլի ժամանակ ինչ կատարվեց («Նյու Ինգլենդը» 3:21 պարտվելիս կարողացել է հաղթել) ու չէինք կարող մեր հաջողությանը չհավատալ: Սպորտում ամեն ինչ հնարավոր է: «Բարսելոնան» լավագույն թիմն է, ու մենք պատրաստվում ենք առաջ գնալ:

Լուսանկարը` Facebook


Նեյմար. Իմ կյանքի լավագույն խաղն էր: Շատ երջանիկ եմ: Մինչեւ խաղն էլ գիտեինք, որ ցանկացած թիմի կարող ենք հաղթել: Մենք հավատում ենք իրար ու պատրաստ ենք ամեն ինչի:

Անդրես Ինյեստա. Գիտեինք, եթե գոլ խփենք, ՊՍԺ-ն կսկսի սխալվել: Նրանք գերպաշտպանողական խաղ ընտրեցին: Սերխիո Ռոբերտոյի գոլը խելագարություն էր: Դրանում էլ կայանում է ֆուտբոլի հմայքը:

Լուիս Էնրիկե. Չեմ կարծում, որ մեր թիմում որեւէ մեկը դադարել էր հավատալ հաջողությանը: Անգամ գոլ բաց թողնելուց հետո, վստահ էինք սեփական ուժերին: Տղամարդու պես ենք մեզ պահել, ինչից ես շատ գոհ եմ: Հաղթանակը նվիրում ենք բոլոր նրանց, ովքեր շարունակում էին 0:4 հաշվով պարտությունից հետո հավատալ մեզ:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին