exclusive
5764 դիտում

ՉԼ-ի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումներին ընդառաջ


Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` as.com

Լուսանկարը` Borussia Dortmund

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Bayern München

Լուսանկարը` FC Benfica

Լուսանկարը` SSC Napoli

Լուսանկարը` PSG


Երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերը կրկին ֆուտբոլասերներին գեղեցիկ հանդիպումներ են պարգեւելու: Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերը խոստանում են կրկին գոլառատ ու լարված լինել:
 
Մարտի 7

«Արսենալ»-«Բավարիա». Թիմերի առաջին խաղում գերմանացիները ոչ մի շանս չտվեցին Արսեն Վենգերի թիմին: Ընդամենը մեկ ընդունած եւ հինգ խփած գնդակ: Ահա այսպիսի գոլառատ տոն նրանք նվիրեցին իրենց երկրպագուներին:

Այսպիսի հաշվից հետո «Արսենալը» սեփական հարկի տակ փորձելու է անել անհնարինը, որպեսզի 6-րդ տարին անընդմեջ ՉԼ-ն չլքի 1/8 փուլից: Չնայած շատ մասնագետներ կարծում են, որ այդպիսի հրաշք այսօր Լոնդոնում տեղի չի ունենա, ու «Բավարիան» հեշտությամբ դուրս կգա հաջորդ փուլ:

Լուսանկարը` FC Bayern München


Արսեն Վենգեր, «Արսենալի» գլխավոր մարզիչ

Մենք միայն մեկ ընտրություն ունենք՝ հարձակվել: Մենք պետք է գրոհենք ու գոլեր խփենք: «Բավարիան» միշտ էլ ՉԼ-ի ֆավորիտներից է եղել, սակայն այս խաղին կշեռքի նժարին մեր պատիվն է դրված լինելու, ու մենք խաղալու ենք ողջ ուժով:

Կարլո Անչելոտի, «Բավարիայի» գլխավոր մարզիչ

Մենք հսկայական առավելություն ունենք, սակայն իմ տղաները պատրաստ են խաղին ու գիտեն, որ սկիզբը դժվար է լինելու: Նրանք ֆիզիկապես հիանալի են պատրաստված, պրոֆեսիոնալ են ու ճիշտ են մոտենում այս հանդիպմանը: Մենք ցանկանում ենք տեսնել հրաշալի խաղ, եւ սեփական ոճն ու վարպետությունը կօգնեն մեզ, որպեսզի հաղթանակ տանենք:

Լուսանկարը` as.com


«Նապոլին» սեփական հարկի տակ ընդունելու է Լիգայի գործող գավաթակիր «Ռեալին»: Մադրիդում կայացած առաջին խաղում արքայական ակումբի ֆուտբոլիստները հաղթանակ են տարել 3:1 հաշվով:

Այժմ իտալական ակումբը սեփական հարկի տակ փորձելու է կրճատել երկու գնդակի տարբերությունը: Ըստ տարբեր վերլուծաբանների՝ նրանց դա կհաջողվի, եթե ամբողջ թիմով անթերի կազմակերպեն պաշտպանությունը, ապա գրոհեն ու կարողանան ճիշտ օգտագործել եզրերը:

Մյուս կողմից էլ «Ռեալի» հրաշալի ֆուտբոլիստներն ու կազմակերպված խաղը թույլ է տալիս ենթադրել, որ նրանք ամենեւին էլ հեշտ ու հանգիստ չեն զիջելու իրենց դիրքերն ու սպասեն մրցակցի գրոհներին: Նրանք միշտ էլ նշում են, որ ՉԼ-ում պետք է որքան հնարավոր է լավ մասնակցեն:

Մաուրիցիո Սարրի, «Նապոլիի» գլխավոր մարզիչ

«Ռեալի» վրա ճնշումն ավելի մեծ է լինելու: Նրանք չեմպիոն են, աշխարհի ամենահարուստ ու ուժեղ ակումբը: Դրա համար պարտավոր են անցնել առաջ: Սակայն մեր երկրպագուները նույնպես Աշխարհի չեմպիոններ են, ու այսօր ողջ Եվրոպան դա կտեսնի:

Կարծում եմ, որ «Ռեալը» դուրս կգա հաջորդ փուլ, սակայն մենք կկարողանանք խնդիրներ առաջացնել նրանց համար, եւ դրանում մեզ կօգնեն մեր երկրպագուները:

Զինեդին Զիդան, «Ռեալի» գլխավոր մարզիչ

Մենք հանդիպելու ենք մի թիմի, որը քիչ է պարտվում, հատկապես, երբ խաղում է սեփական հարկի տակ: Որպես ֆուտբոլիստ ես շատ եմ այստեղ խաղացել ու գիտեմ, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում: «Նապոլիի» երկրպագուները կարողանում են շատ լավ աջակցել սեփական թիմին:

Կարծում եմ, որ մրցակիցն ակտիվ կմտնի խաղի մեջ, չէ՞ որ նրանք պարտավոր են գոլ խփել: Բայց մենք կներդնենք ողջ ուժերը, որպեսզի անցնենք հաջորդ փուլ, դա շատ կարեւոր է մեզ համար:

Լուսանկարը` Borussia Dortmund


Մարտի 8

«Սիգնալ Իդունա Պարկում» Դորտմունդի «Բորուսիան» փորձելու է առավելության հասնել «Բենֆիկայի» նկատմամբ, որին առաջին խաղում զիջել է 0:1 հաշվով: Չնայած այդ հանդիպման ողջ ընթացքում առավելությունը գերմանացիների կողմն էր ու անընդհատ իրենք էին գրոհում, սակայն խաղատախտակին այլ հաշիվ գրանցվեց:

Պատասխան խաղում էլ Թոմաս Տուխելը չի կարողանա հայտավորել թիմի առաջատարներից Մարկո Ռոյսին, Մարիո Գյոտցեին, Սեբաստյան Ռոդեին ու Սվեն Բենդերին:

«Բենֆիկան» շարունակում է պայքարը ոչ միայն ՉԼ-ում, այլեւ անպարտելի հանդիպումներ է անցկացնում Պորտուգալիայի առաջնությունում եւ Գավաթում:

Չնայած սրան՝ բուքմեյքերները կարծում են, որ դորտմունդցիները կարողանալու են հաղթանակի հասնել ու նվաճել քառորդ եզրափակչի ուղեգիր: Ըստ նրանց, Տուխելի թիմն առաջին խաղում պատահական է պարտվել ու մարտի 8-ին այլ արդյունք է ցույց տալու:

Լուսանկարը` PSG


ՊՍԺ-ից 0:4 ջախջախիչ հաշվով կրած պարտությունը «Բարսելանայի» վրա շատ ծանր է նստել: Բոլոր ֆուտբոլիստները, մարզիչներն ու երկրպագուները չէին էլ պատկերացնում, որ այդպիսի հաշիվ կգրանցվի:

Գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արդեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է թիմը: Կասկած չկա, որ նա ցանկանում է հաղթանակած հեռանալ, այդ պատճառով էլ վաղվա խաղին շատ լուրջ է պատրաստվում:

Չորս գնդակի տարբերությունը վերականգնելու համար նրան պետք է ֆուտբոլիստներին այնպես պատրաստել, որ ամբողջ ոգով ու նվիրվածությամբ խաղան: Իսկ որ «Բարսան» կարող է գոլառատ հանդիպումներ անցկացնել, դա հաստատ է:

Այստեղ միայն պետք է հաշվի առնել, կթողնի՞ ՊՍԺ-ն կատալոնացիներին այդքան անարգել ու ազատ գործել: Ֆրանսիացիներն, անշուշտ, անչափ գոհ են խաղից ու գրանցված արդյունքից, սակայն խոստովանում են, որ «Նոու Կամպում» այդքան էլ հեշտ չի լինելու: Սա է պատճառը, որ նրանք ամենեւին էլ պաշտպանական տակտիկա չեն ընտրելու, այլ փորձելու են կրկին իրենց բարձր կարգը ցույց տալ ու անցնել քառորդ փուլ:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին