exclusive
7246 դիտում

1 միլիարդ եվրո՝ ձմռանը խաղալու համար


Լուսանկարը` http://www.thetimes.co.uk


ՖԻՖԱ-ն առաջատար ակումբներին առաջարկում է 1 միլիարդ եվրո, որպեսզի նրանք համաձայնեն Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնությունն անցկացնել նոյեբեր-դեկտեմբեր ամիսներին: Եվրոպական առաջնությունները դեմ են․․․

Հենց այդ ժամանակ են Եվրոպայում խաղերը հաջորդում մեկը մյուսին՝ համալրելով ակումբների բյուջեները հեռուստատեսությունից եւ տոմսերի վաճառքից ստացված եկամուտներով: Բայց «կաշառքի» չափը այնքան բարձր է, որ մերժելն անհնար է: Թեկուզ դա սպառնում է տրանսֆերային պատուհանում հերթական պայթյունով:
Ինչի՞ համար է այդքան գումարը։

Քաթարում Մունդիալ անցկացնելու գաղափարը ի սկզբանե հարց էր առաջացնում՝ ե՞րբ խաղալ: Քաթարը 11.5 հազար քառ. կմ տարածքով անապատապատ երկիր է, որը նավթային աշտարակների եւ նավթագազային փողերով կառուցված երկնաքերերով հանգրվանել է Պարսից ծոցում: Ամռանն այստեղ գրանցվում է Ցելսիուսի սանդղակով ավելի քան 50 աստիճան տաքություն, եւ դժվար թե որեւէ մեկը այդ եղանակին մտածի ֆուտբոլ խաղալու մասին: 2010 թվականին Քաթարը ներկայացրեց Մունդիալ 2022-ի համար նախատեսված ստադիոնների նախագծերը, ըստ որոնց այնտեղ պետք է հսկայական օդորակիչներ լինեին: Այո, մրցաշարի մեկնարկից 12 տարի առաջ այդ ամենը հավանական էր թվում: Մնացել է 5 տարի… Ի՞նչ օդորակիչներ:

Սկզբում բոլորը հայացք սեւեռեցին հունվարի կողմ՝ այսինքն, երբ ազգային առաջնություններում ձմեռային արձակուրդ է: Բայց այդտեղ բարկացան արդեն բիզնեսմենները: 2022 թվականի փետրվարին ողջ աշխարհը պետք է հետեւի ձմեռային Օլիմպիադային, իսկ եթե մեկ ամիս առաջ այդ մարդիկ ֆուտբոլի աշխարհի առաջնություն դիտեն, ապա հեռուստատեսության վարկանիշները կտրուկ անկում կապրեն: Բայց դա ամենասարսափելին չէ: Եթե նման գերխոշոր մրցաշարերն անցկացվեն մեկ ամիս միջակայքով, ապա Nike-ի, Adidas-ի պես հովանավորները միլիարդներ պակաս կվատնեն գովազդների վրա:

Հաջորդ դիտարկվող օրերը՝ մայիսի 5 – հունիսի 4: Էլի շոգ է, բայց ոչ այդքան՝ +30-35: Բայց արդեն համաձայն չէր Քաթարը, քանի որ այն կհամընկներ Ռամադան սուրբ ամսվա հետ: Այդպիսով, կանգ առան նոյեմբերի 21-ի եւ դեկտեմբերի 18-ի միջակայքի վրա՝ +20՝ գիշերը, +25-30՝ ցերեկը: Մնաց միայն համաձայնության հասնել եվրոպական լիգաների հետ:

Լուսանկարը` http://www.hurriyetdailynews.com


Ինչպես են կիսելու գումարը

Նախորդ շաբաթ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Քաթարում էր, որտեղ մի քանի աղմկահարույց հայտարարություններ արեց: Օրինակ, որ ԱԱ 2026-ը, որին 48 թիմ է մասնակցելու, կարող են ընդունել միանգամից 2-3 երկրներ: Իսկ իսպանական AS պարբերականը իմացել է, որ խոսք է գնացել եվրոպական լիգաների ակումբներին «կաշառելու» մասին: Իբր, Ինֆանտինոն պատրաստ է 1 միլիարդ եվրո ծախսել որպես փոխհատուցում թիմերին՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ֆուտբոլիստներին Մունդիալ ուղարկելու համար:

1 միլիարդ եվրոն շատ մեծ գումար է: 2014-ի ԱԱ-ի ժամանակ այդ գումարը կազմել է 70 միլիոն: Այդ ժամանակ ամենաշատը վաստակել էր «Բավարիան»՝ 1.7 միլիոն: Իսկ 2022-ին միայն մեկ խաղացողի համար կվճարեն այդքան:

Ինչո՞ւ է դա վատ

Փոխհատուցումները բաշխելու մեխանիզմը, հավանաբար, դեռեւս չի էլ որոշվել: Բայց եթե կոպիտ հաշվենք, որ Քաթար է գնալու 32 հավաքական՝ 25-ական ֆուտբոլիստով, ապա ստացվում է 800 խաղացող: Ընդհանուր փոխհատուցումը մեկ միլիարդ եվրո է: Նշանակում է՝ ամեն խաղացողի համար 1.2 մլն եվրո: Այսինքն, 2023-ի ամառային տրանսֆերային պատուհանը կհամալրվի եւս 1 ավելորդ միլիարդով, ինչի արդյունքում կբարձրանան խաղացողների արժեքները:

Ակումբներն արդեն իսկ շատ են ծախսում տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հետաքննության համաձայն, 2016 թվականին դրա ընդհանուր արժեքը աճել է 14 տոկոսով եւ կազմել է 4.79 միլիարդ դոլար: Միայն չինական Սուպերլիգայի թիմերը վատնել են 451.3 մլն դոլար:

Լուսանկարը` https://dohanews.co


Որտեղի՞ց է ՖԻՖԱ-ն այդ մեկ միլիարդը վերցնելու՝ ոչ ոք չգիտի: Այդ կազմակերպության համար նման գումար գտնելը հեշտ գործ չէ: Բրազիլիայում կառույցը վաստակել է 4 միլիարդ, եւ Քաթարում դրանից զգալիորեն շատ չի լինի: Բայց, հնարավոր է, կազմակերպիչ երկիրն օգնի: Նրանց համար դա գումար չէ. Չէ՞ որ Մունդիալի կազմակերպման համար 200 միլիարդ դոլար են ծախսում:

 Էլ ի՞նչ խնդիրներ ունի Քաթարը

Քաթարում խիստ սահմանափակված է ալկոհոլի օգտագործումը: Օրինակ, գարեջուր գնելու համար պետք է հատուկ լիցենզիա ունենալ: Այն տրվում է միայն 21 տարին լրացած անձանց, ովքեր սահմանված ժամանակահատված անցկացրել են Քաթարում եւ ունեն նվազագույնը ամսական 1000 դոլար եկամուտ ու թույլտվություն գործատուից: Այնուամենայնիվ, կազմակերպիչները խոստացել են լուծել խնդիրն ու ալկոհոլ վաճառել հատուկ տարածքներում: Բայց ի՞նչ քանակով, որտե՞ղ, ի՞նչ պայմաններով՝ հայտնի չէ:

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին