Ապրիլ 25, 2024
exclusive
7838 դիտում

Պեպ Գվարդիոլա. Ֆուտբոլի էքսցենտրիկ հեղափոխականը


Լուսանկարը` http://wemberley.com/


Ֆուտբոլային աշխարհին հայտնի է, որ Խոսեպ Գվարդիոլայի ֆուտբոլիստի եւ մարզչական կարիերայի վրա ուղղակիորեն ազդել է լեգենդար Յոհան Կրոյֆը: Սակայն քչերն են պատկերացնում, որ Գվարդիոլայի միտքն ու աշխատասիրությունը սահմաններ չունեն: Նրա մարզչական գաղափարների հիմքում ընկած է արտասովոր մտածելակերպը, ստեղծագործելու եւ նորը փնտրելու յուրահատուկ ջիղը:

Mediamax Sport-ը փորձել է այլ տեսանկյունից ներկայացնել պերֆեկցիոնիզմի դասական օրինակ հանդիսացող Պեպ Գվարդիոլայի ֆուտբոլային մտքերը, ինչպես նաեւ այն նորարարությունները, որոնք կատալոնացին բերել է Մառախլապատ Ալբիոն:

Տակտիկայի դասեր նարկոկարտելի սրտում

Գվարդիոլան 21-րդ դարի սկզբին հեռանալով «Բարսելոնայից», արդեն իսկ որոշել էր հարստացնել իր ֆուտբոլային գիտելիքները: Հայրենիքից հեռանալուց հետո, իտալական ու քաթարական ակումբներում «շրջելով», Գվարդիոլան 2005 թվականին հայտնվեց Մեքսիկայի Կուլյական քաղաքում: Վայր, որը դարձել էր տեղացի նարկոբարոն Խոակին Գուսմանի նարկոկարտելի կենտրոնը: Սակայն նույնիսկ երկրում տիրող ռազմական վիճակը չկանգնեցրեց Գվարդիոլային: Նրան այնտեղ չէին ճանաչում, այնպես որ, իսպանացին մեծ հաճույքով շրջում էր քաղաքով: Երբեմն այցելում «Միրո» անունը կրող նարնջագույն պատերով եւ նեղ սեղաններով երկհարկանի սրճարանը՝ վայելելու մեկ գավաթ գինի:

Այնուամենայնիվ, Գվարդիոլայի Մեքսիկա այցի նպատակը ոչ թե հաճույքներն էին՝ այլ իր վաղեմի ընկեր Խուան Մանուել Լիլյոյի թիմում խաղալն ու մարզչական գիտելիքներ ձեռք բերելը:

Լուսանկարը` http://worldfootballindex.com/


Լիլյոյի եւ Գվարդիոլայի ծանոթությունը տեղի է ունեցել 1996 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ «Բարսելոնան» հանդիպել էր Լիլյոյի գլխավորած «Ռեալ Օվյեդոյին»: Չնայած 0:4 հաշվով պարտությանը, Լիլյոն կարողացել էր իր գաղափարներով տպավորել Գվարդիոլային: Խաղից հետո հանդերձարանում տեղի ունեցած խոսակցությունն էլ սկիզբ դրեց նրանց ընկերությանը:

Վերադառնանք 2005 թվական: Լիլյոն նոր էր ստանձնել մեքսիկական «Դորադոս դե Սինաոլայի» ղեկն ու ինչպես արդեն նշեցի, Գվարդիոլային հրավիրել էր իր թիմ որպես խաղացող մարզիչ: Գրեթե 9 ամիս մնալով այնտեղ՝ Գվարդիոլան մարզչական գիտելիքների ահռելի պաշար կուտակեց: Նա ամեն օր նոթատետրը ձեռքին գնում էր մարզումների՝ երբեմն էլ ինքն էր անցկացնում դրանք:

«Դորադոս դե Սինաոլան» ֆինանսական առումով գտնվում էր անմխիթար վիճակում: Հասկանալով այդ ամենը, Գվարդիոլան ամեն երկրորդ օրը 3000 պեսո էր հատկացնում ակումբի ամենացածր վարձատրվող աշխատակիցների համար:

Խուան Մանուել Լիլյոն հայտնի է որպես 4-2-3-1 տակտիկական սխեմայի կատարելագործող: Իսկ Գվարդիոլան հայտնի էր որպես Յոհան Կրոյֆի եւ Մարսելո Բյելսայի գաղափարակիցը: Արդեն կարող եք պատկերացնել, թե ինչպիսի անքուն գիշերներ են անցկացրել տակտիկայի այս երկու գիգանտները՝ մրցակիցների խաղերը վերլուծելով: Այս ամենից զատ, Գվարդիոլան վերլուծական հոդվածներ էր գրում «El Pais» -ի համար եւ միաժամանակ պատրաստվում էր կարիերան ավարտելուն:

Գվարդիոլայի տակտիկական խելահեղ մտքերը «Մանչեսթեր Սիթիում»

Գվարդիոլայի մարզչական գաղափարները ձեւավորվել են իր խաղային պրակտիկայի, Յոհան Կրոյֆի, Մարսելո Բյելսայի եւ Խուան Մանուել Լիլյոյի սխեմաների ձուլման շնորհիվ: «Բարսելոնան» գլխավորելու տարիներին նա գրեթե միշտ օգտագործում էր 4-3-3 տակտիկական սխեման:

«Բավարիայում» աշխատելու ընթացքում Պեպը պարբերաբար փորձարկումների էր դիմում՝ անցնելով 3 պաշտպանով սխեմայի:
 Իսկ ահա «Մանչեսթեր Սիթիում» իրավիճակը լրիվ այլ է: Այստեղ Գվարդիոլան սկսել է փայլել իր մարզչական անսահման գաղափարների ողջ հմայքով: Երբ մրցաշրջանի մեկնարկային խաղերում «Ման Սիթիի» եզրային պաշտպանները հանդիպման ընթացքում տեղափոխվում էին դաշտի կենտրոն, բրիտանացի լրագրողների եւ վերլուծաբանների մոտ հիացմունքի աստիճանը հասնում էր գագաթնակետին: Նրանց կարծիքով՝ դա Պեպի անհատական հանձնարարությունն էր: Սակայն, դա միայն նրանց կարծիքով:

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» կիրառել է հնարավոր բոլոր տակտիկական սխեմաները՝ 4-2-3-1, 4-3-3, 4-4-2, 3-5-2 եւ այլն: Բայց վերջին երկու ամսվա խաղերը վերլուծելով կնկատենք, որ Պեպը սկսել է օգտագործել 20-րդ դարի ֆուտբոլը բնորոշող խաղային սխեմա: Ընդ որում, այն համատեղել է մեկ այլ դասավորության հետ: Ավելի կոնկրետ՝ 4-1-4-1-ից խաղի ընթացքում անցում դեպի 3-2-2-3-ի: Վերջինս անվանում են «Դուբլ W»:

Այսպիսի տեսք ունի Գվարդիոլայի կիրառած 4-1-4-1 սխեման «Մանչեսթեր Սիթիում»:

Լուսանկարը` https://cdn.tribuna.com/


Ուշադրություն դարձրեք եզրերում առաջացած երկու եռանկյունիներին: Յուրաքանչյուր եռանկյունի բաղկացած է պաշտպանից, կիսապաշտպանից եւ հարձակվողից: Երկու 10 համարների՝ Դե Բրույնեի եւ Սիլվայի առկայությունը թույլ է տալիս կառավարել խաղը դաշտի կենտրոնում ու գնդակներ մատակարարել արագաշարժ եզրերին:  

Այս դասավորությունը թույլ է տալիս կիրառել մի հնարք, որը Գվարդիոլան օգտագործում էր «Բարսելոնայում». եզրերից մեկում կարճ փոխանցումներ կատարելով հիպնոսացնել մրցակցին եւ հանկարծակի փոխել գրոհի եզրը:
Վերջերս կայացած «Մոնակոյի» դեմ խաղում Գվարդիոլայի մեկնարկային կազմն ուներ հետեւյալ տեսքը.

Լուսանկարը` https://pbs.twimg.com


Առաջին հայացքից թվում է, որ ամեն ինչ պարզ է՝ 4-1-4-1, սակայն հանդիպման մեկնարկից հետո նոմինալ ձախ պաշտպան Ֆերնանդինյոն տեղ զբաղեցրեց հենակետային կիսապաշտպանի գոտում՝ այդպիսով վերափոխելով թիմի սխեման 3-2-2-3-ի, կամ որ նույնն է «Դուբլ W-ի»:

Լուսանկարը` http://i.imgur.com/


Սխեմա, որը ստեղծել է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Հերբերտ Չեպմենը, երբ 1925-1934 թթ. գլխավորելով լոնդոնյան ակումբը 5 անգամ զինագործների հետ դարձել է երկրի չեմպիոն:

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» հրաժարվել է ակտիվ պրեսինգից՝ ավելի շատ կենտրոնանալով դիրքային պաշտպանության վրա: Պաշտպանությունից դեպի հարձակում դուրս գալը կատարվում է կենտրոնական պաշտպանի եւ կիսապաշտպանի միջոցով (տվյալ դեպքում՝ Սթոունզն ու Ֆերնանդինյոն): Կարճ ու արագ փոխանցումներ կատարելով գնդակը հասնում է մրցակցի կիսադաշտի միջնամաս, որտեղից էլ երկու փլեյմեյքերները՝ Դե Բրույնեն եւ Սիլվան կազմակերպում են գրոհի հետագա ընթացքն ու հարվածային դիրք դուրս բերում հարձակման եռյակից որեւէ մեկին:

Թերեւս, սա ֆուտբոլի էքսցենտրիկ հեղափոխականի խելահեղ մտքերի ամենաչնչին մասն էր: Հուսանք, որ Խոսեպ Գվարդիոլան դեռ երկար տարիներ կզարմացնի ֆուտբոլասերներին իր յուրահատուկ եւ արտասովոր մարզչական գաղափարներով:

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին