Ապրիլ 26, 2024
exclusive
9805 դիտում

«Բարսելոնայի» խաղային ճգնաժամի 5 պատճառները


Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FC barcelona

Լուսանկարը` FC barcelona

Լուսանկարը` FC barcelona

Լուսանկարը` FC barcelona

Լուսանկարը` UEFA


Կատալոնական «Բարսելոնայի» ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած խաղը, մեղմ ասած, չի գոհացնում թիմի երկրպագուներին։ Յոհան Կրոյֆի հիմնած եւ Պեպ Գվարդիոլայի կատարելագործած տոտալ ֆուտբոլը, որը դարձել էր կապտանռնագույնների այցեքարտը, վերջին շրջանում «сбой» է տալիս։

Mediamax Sport-ն առանձնացրել է կատալոնացիների մոտ առկա կարեւորագույն խնդիրները:

Անընդհատ փոփոխվող պաշտպանություն

Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» պաշտպանական գծում հաճախակի փոփոխություններ են տեղի ունենում, ինչն էլ բերում է ծանր հետեւանքների:

Լուսանկարը` Getty Images


Խաղակցվածության բացակայությունը հանգեցնում է անհամաձայնեցված գործողությունների: Եզրերում իսկական քաոս է: Ժորդի Ալբան արդեն կորցրել է երբեմնի սառնասրտությունն ու ադեկվատությունը, ինչի հետեւանքով էլ պարբերաբար սխալներ է թույլ տալիս պաշտպանվելիս: Լուկա Դինի հետ մրցակցությունը կարծես թե բացասական կերպով է անդրադարձել իսպանացու վրա:

Պաշտպանության աջ եզրում պատկերը գրեթե նույնն է: Ալեիշ Վիդալի նման խելացի եզրային պաշտպանը հազիվ էր ամրապնդվում հիմնական կազմում, բայց վնասվածք ստացավ ու բացակայելու է մրցաշրջանի մնացած հատվածում: Իսկ Սերժի Ռոբերտոյի խաղային դիրքը մինչեւ հիմա անհայտ է նույնիսկ Լուիս Էնրիկեի համար:

«Բարսելոնան» պաշտպանական գործողություններում թերանում է հետեւյալ դրվագներում՝ արհեստական խաղից դուրս իրավիճակ ստեղծելիս, օդային պայքարում եւ մրցակցի հակագրոհների ժամանակ: Բացի այդ, «Բարսելոնայի» պաշտպանությունը թույլ է տալիս մրցակցին հաճախակի վտանգավոր պահեր ստեղծել սեփական կիսադաշտում:

Կիսապաշտպանություն. երրորդն ավելորդ է

Ինիեստայի եւ Բուսկետսի կողքին ցանկացած ֆուտբոլիստ կարծես ավելորդ է երեւում: Անդրե Գոմեշը, Իվան Ռակիտիչը եւ Արդա Թուրանը չեն համապատասխանում աջ կենտրոնական կիսապաշտպանի դերին:

Լուսանկարը` FC barcelona


Բանն այն է, որ 4-3-3 սխեմայի 3 կենտրոնական կիսապաշտպաններն էլ պետք է կարողանան համապատասխան կերպով եւ՛ հարձակվել, եւ՛ պաշտպանվել: Իսկ վերոհիշյալ ֆուտբոլիստները պաշտպանական գործողություններում գրեթե անօգուտ են: «Բարսելոնան» այս դիրքն ուժեղացնելու համար պետք է ուշադրություն դարձնի Նգոլո Կանտեի, Մարկո Վերատիի, Արտուրո Վիդալի, Բլեզ Մատյուիդիի պես ֆուտբոլիստներին: Նրանք հիանալի կերպով կոորդինացնում են խաղը դաշտի կենտրոնում: Այսինքն՝ խլում են գնդակը, մշակում եւ սկսում թիմի գրոհը: Բացի այդ, կարողանում են չեզոքացնել մրցակցի հակագրոհները:
Իսկ այս պահին չունենալով նման ֆուտբոլիստ` Լուիս Էնրիկեն կարող է սխեմայի փոփոխություն կատարել՝ 3-րդ կիսապաշտպանին տեղափոխելով 10 համարի դիրք եւ խաղալ 4-2-3-1 սխեմայով, կամ էլ աղոթել, որ մրցակիցները քիչ ճնշում կգործադրեն դաշտի կենտրոնական հատվածում:

Պլան Բ-ի բացակայություն

«Բարսելոնան» միշտ հավատարիմ է իր խաղաոճին՝ գնդակին տիրել, ակտիվ եզրեր, անընդհատ տեղափոխություններ ու ակտիվ պրեսինգ: Սակայն երբեմն, իսկ այս մրցաշրջանում նույնիսկ հաճախակի, այսպիսի համակարգը իրեն չի արդարացնում: Այդ ժամանակ էլ ի հայտ են գալիս ստեղծագործական խնդիրներ:

Կարճ ու անհամապատասխան պահեստային խաղացողներ

Լուսանկարը` UEFA


Տեսնելով «Բարսելոնայի» պահեստային նստարանը՝ տպավորություն է ստեղծվում, որ այն պարզապես 7 ֆուտբոլիստից բաղկացած խումբ է: Չունենալով համարժեք փոխարինողներ՝ մեկնարկային կազմի ֆուտբոլիստները ժամանակի ընթացքում կորցնում են զգոնությունը: Մրցակցության բացակայությունը բերում է լճացման:

Ձախողված տրանսֆերներ

Վերջին երկու խնդիրները բխում են ամռանը կատարված անհամապատասխան տրանսֆերներից: Ըստ իսպանական մամուլի՝ ամռանը «Բարսելոնան» չի կարողացել (կամ չի ցանկացել) ձեռք բերել Լուիս Էնրիկեի պահանջած 6 ֆուտբոլիստներից եւ ոչ մեկին: Նրանք են՝ Էմերիկ Լապորտը, Մարկինյոսը, Դավիդ Ալաբան, Պոլ Պոգբան, Նոլիտոն եւ Քեւին Գամեյրոն: Նկատեք, որ թիմում առկա դիրքային խնդիրների առումով պարզապես գերազանց սելեկցիա էր արված: Բացի կենտրոնական պաշտպանի դիրքից, մնացած բոլոր դեպքերում «Բարսելոնայի» կատարած տրանսֆերներն իրենց չեն արդարացնում:

«Բարսելոնան» եւ Լուիս Էնրիկեն դեռ բավական ժամանակ ունեն իրավիճակը շտկելու համար: Այնուամենայնիվ, այսպիսի դեպքերում շատ հաճախ ամեն ինչ ավարտվում է մարզչի փոփոխությամբ:

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին