Ապրիլ 24, 2024
exclusive
7476 դիտում

Կա միայն մեկ Զլատան. Խելահեղ շվեդի եզակիությունը


Լուսանկարը` nwikedinho.sportsblog.com

Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` facebook

Լուսանկարը` squawka.com

Լուսանկարը` givemesport.com

Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` mirror.co.uk


Անգամ 35 տարեկանում Իբրահիմովիչը չի կորցնում ֆուտբոլային հմայքը, շարունակում է բարձրակարգ խաղ ցույց տալ ու լռեցնել իր ուժերին չհավատացողներին:

Շատերը կարող են չսիրել Զլատանին, չհիանալ նրա խաղով կամ նյարդայնանալ մեծամտությունից, բայց անուշադրության մատնել նրան ու հետին պլան մղել, չի ստացվի երբեք:

Երբ Իբրահիմովիչի հասակակից շատ ֆուտբոլիստներ վաղուց արդեն խամրել են ու ֆուտբոլային վերլուծաբանի կամ էլ մարզչի դերում են հանդես գալիս, նա եվրոպական ֆուտբոլային դաշտերում շարունակում է հրաշքներ գործել ու հիացնել բոլորին:

 

Mediamax Sport-ն ուսումնասիրել է խելահեղ շվեդին ու բացահայտում է նրա երկարակեցության ու տաղանդի գաղտնիքները:

Իբրամարզումները

Անգլիայի Պրեմիեր Լիգա Իբրահիմովիչի մուտքը շատ հեշտ ստացվեց: Ինչպես ինքը՝ ֆուտբոլիստն է խոստովանել, նա Անգլիան գրավեց ընդամենը 3 ամսում:

Իբրահիմովիչի հետ պայմանագրի կնքումը շատ մասնագետներ մեծագույն սխալ համարեցին: Ֆուտբոլի համար ծեր, աստղային հիվանդությամբ տառապող ու Անգլիայում խաղալու փորձ չունեցող Իբրահիմովիչին քչերն էին հավատում, բայց ոչ Ժոզե Մոուրինյոն, որը միշտ էլ սիրում է ռիսկի դիմել:

Մինչ Իբրահիմովիչի շուրջ քննարկումները բուռն կերպով ընթանում էին, նա 5 շաբաթ շարունակ չէր դադարում մարզվել անհատական ծրագրով: ԶԼՄ-ը կարծում էին, որ նա ԵՎՐՈ-ից հետո հանգստանում է, մինչդեռ Իբրան իր անհատական ֆիզիոթերապեւտ Դարիո Ֆորտի հետ աշխատում էր:

Լուսանկարը` mirror.co.uk


Նրանք միմյանց դեռ «Միլանից» են ճանաչում ու անբաժանելի ընկերներ են դարձել: Ֆորտի մեթոդների մասին շատ բան հայտնի չէ, սակայն նա ուսումնասիրել է Իբրահիմովիչի օրգանիզն ու նրա համար հատուկ մարզումներ մշակել, որոնց արդյունավետության շնորհիվ նրա խաղը երկար տարիներ է չի խամրում:

Իբրահիմովիչն ԱՊԼ-ի ամենաարդյունավետ ռմբարկուների ցանկում է, ում տարիքը 32-ից բարձր է: Երիտասարդ խաղացողների հետ էլ Իբրահիմովիչը պակաս մրցակցություն չի ծավալում, իր հաշվին արդեն 24 գոլ ունի գրանցած: Նա նաեւ «հետֆերգյուսոնական դարաշրջանի» միակ ֆուտբոլիստն է, որին հաջողվել է մեկ մրցաշրջանում անցնել 20 գոլերի սահմանը: Վերջին անգամ նման բան հաջողվել էր Ռոբին վան Պերսիին:

 

«Ես անսովոր մարմին ունեմ, ասես կենդանի լինեմ»,- խոստովանել է շվեդը:

Իբրավիճակագրությունը

ՄՅՈւ նա տեղափոխվել է ՊՍԺ-ից, որտեղ ակումբի հետ փայլուն մրցաշրջան է անցկացրել: ՊՍԺ-ն Ֆրանսիայի չեմպիոն է դարձել ու 31 միավորով առաջ անցել մոտակա մրցակցից: Ֆրանսիայում շվեդ ֆուտբոլիստը հանդես գալու 4 տարիների ընթացքում ոչ ավել, ոչ պակաս 122 գնդակ է  հեղինակել, որոնցից 30-ը հենց առաջին մրցաշրջանում է խփել՝ 2012-2013 թթ:

Լուսանկարը` facebook


Սակայն իր արդյունավետությունն ու խաղային որակները Իբրահիմովիչը մեկ ակումբում չէ, որ ցուցադրել է: Նա խաղացել է 6 առաջնությունների 8 ակումբներում:

2004-ից սկսած միայն մեկ անգամ՝ «Յուվենթուսում» չի հաջողվել գոլերը քանակը հասցնել երկնիշ թվի: Դրան հաջորդած 11 մրցաշրջաններում Իբրահիմովիչը 10-ից պակաս գնդակ չի խփել, իսկ այդպիսի ցուցանիշներով ոչ  բոլորը կարող են գլուխ գովել, դե, իհարկե, Ռոնալդուին ու Մեսսիին չհաշված:

 

«Դա այն է, ինչ ես կարող եմ անել: Ու շարունակելու եմ անել: Նախորդ տարի 27 անգամ եմ աչքի ընկել, իմ ցուցանիշներն ամեն տարի էլ, գրեթե, նույնն են մնում»,-եւս մեկ անգամ գլուխ է գովել Իբրահիմովիչը:

Իբրաբրենդը

Անցած տարվա հունիսին Իբրահիմովիչը ներկայացրեց իր նոր սպորտային բրենդը՝ A-Z («amateur to Zlatan»):

«Սկսնակից մինչեւ Զլատան» կարգախոսով բրենդը մասնագիտացված է մարզումային հագուստի արտադրության վրա: Այն վառ դիզայն ունի, իսկ գները բավականին մատչելի են:



«Թանկարժեք հագուստն ու խաղակոշիկները երբեք էլ ձեզ մարզիկ չեն դարձնի: Որպեսզի անցնես ամբողջ ճանապարհն ինչպես ես, պետք է մարզվես: Դա իմ փիլիսոփայությունն է: Այս բրենդը ձեզ համար է, մարտիկներ: Բոլոր նրանց համար, ովքեր գիտեն, որ ամեն ինչ խաղից 7 մլն րոպե առաջ է որոշվում, այլ ոչ թե խաղի ժամանակ: Հենց այդ ընթացքում ես դու ավելի արագ, ուժեղ ու փառահեղ դառնում»,- իր հագուստն այսպես է ներկայացրել շվեդը:

Իբրահիմովիչի բրենդի շնորհանդեսը կայացել է նորաձեւության մայրաքաղաք Փարիզում, երբ դեռ չէր տեղափոխվել ՄՅՈւ, բայց ուշադրությունը նրա նկատմամբ չափազանց մեծ էր:

Հայ-իբրայական հարաբերությունները

Բոլորը գիտեն, որ Զլատանը կամակոր է, ինքնահավան, մեծամիտ ու այդքան էլ հեշտ չէ նրա հետ ընկերանալ: Բայց ոչ Հենրիխ Մխիթարյանի համար, նա հիանալի փոխհարաբերություններ ունի շվեդ ֆուտբոլիստի հետ:

Տղաները հեշտությամբ են լեզու գտել ոչ միայն խաղադաշտում, նրանք հանդիպում են նաեւ մարզումներից հետո: Անգլիական թերթերն անգամ գրում են, որ ֆուտբոլիստներն իրենց սիրելի ռեստորանն ունեն՝ Ben Brasil-ը, որտեղ մի քանի անգամ ճաշել են:

 

ԶԼՄ-ով էլ Մխիթարյանն ու Իբրահիմովիչը հարմար առիթը բաց չեն թողնում միմյանց հասցեին լավ խոսքեր ասել:

Լուսանկարը` squawka.com


«Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչը սիրում է Աստված լինել, սակայն նա Աստված չէ: Նա անհավանական բաներ է անում դաշտում ու միայն գովասանքի է արժանի: Կարիք չկա ասել, որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, որովհետեւ դա բոլորին հայտնի է»,- խոստովանել է Մխիթարյանը: 

«Հենրիխը բարձրակարգ ֆուտբոլիստ է, հուսով եմ, որ նույն ձեւով կշարունակի խաղալ: Ես ամեն օր տեսնում եմ նրա մարզումները: Նա բոլորին ցույց տվեց, թե ով է ինքն ու ինչի է ընդունակ»,- հայ ֆուտբոլիստին էլ գովել է Զլատանը:

Իբրայաասացվածքներ

Իբրահիմովիչն ամենավտանգավոր հարձակվողներից մեկն է համարում, սակայն ոչ պակաս սուր ու խայթող է նաեւ նրա լեզուն: Շվեդի մասին գրելն ու նրա աղմկահարույց մտքերին չանդրադառնալը, աններելի կլիներ:

Իր կարիերայի ընթացքում Իբրակադաբրան, ինչպես հաճախ անվանում են նրան, շատ հետաքրքիր մտքերով է առանձնացել:

Լուսանկարը` givemesport.com


ԱԱ-2014-ը բաց թողնելը. Առանց ինձ առաջնությունը լիարժեք չի լինելու, այնպես որ կարող եք այն ընդհանրապես չդիտել:

Մոուրինյոյի մասին. Նա այն մարդն է, ում համար պատրաստ եմ մեռնել: Մոուրինյոն հրաշալի է: Երբ առաջին անգամ հանդիպել է կնոջս, ինձնից աննկատ հետեւյալն է ասել. «Հելենա, այս կյանքում միայն մեկ առաքելություն ունես՝ Զլատանի մասին հոգ տանելը, նրա քունը պահպանելն ու երջանիկ դարձնելը»:

Կնոջ ծննդյան նվերը. Ի՞նչ եմ պատրաստվում նրան նվիրել: Ոչինչ: Չէ որ նա ինձ ունի:

Փարիզ տեղափոխությունը. Եթե հարմար բնակարան չգտնենք, ես պարզապես մի ամբողջ հյուրանոց կգնեմ:

Բալոտելին ասում էր, որ ինձնից լավն է: Սկզբում կարծում էի, որ կատակում է, բայց նա իսկապես այդպես էր կարծում:

Մեսսին 4 Ոսկե գնդակ ունի, ու կարծում եք, որ դրանով նա գերազանցում է ինձ: Սակայն ես կարող եմ ավտոմատից շոկոլադ գնել առանց աթոռին կանգնելու:

Էրիկ Կանտոնան  «Մանչեսթերի» թագավորն էր, սակայն ես նրա Աստվածն եմ դառնալու:

Ինձ ոչ մեկի հետ չեմ կարող համեմատել: Կա միայն մեկ Զլատան:

11 դիրքերում էլ պատրաստ եմ խաղալ, որովհետեւ լավագույն ֆուտբոլիստը դա պետք է կարողանա անել:

Ո՞ւմ էր նվիրված «Բարի գալուստ տուն, Աստծո որդի» պաստառը: Մաքսվելի՞ն, թե՞ վան դեր Վիլին: Իհարկե ոչ, այն իմ մասին էր:

ՊՍԺ-ում խաղալու ժամանակ Իբրահիմովիչը մասնակցել է Bleacher Report հատուկ նախագծին ու առանձնացրել Twitter-ում իր մասին գրած ամենազվարճալի կատակները:

Լուսանկարը` mirror.co.uk


Զլատանի ստեղնաշարի վրա հարցական նշանը բացակայում է, քանի որ նա գիտի բոլոր հարցերի պատասխանները:

Զլատանն ամեն առավոտ ինքն է արթացնում իր զարթուցիչը:
 
Մինչ Ցուկերբերգը կստեղծեր Facebook-ը, Զլատանն արդեն նրան ավելացրել էր իր ընկերների ցանկում:

Երբ  Զլատանը ձեր տուն է գալիս, հյուրը դուք եք:

Մի անգամ Զլատանն անցել է ստի դետեկտորով, սարքն ամեն ինչ խոստովանել է:

Ինչեր էլ ասվեն ու որքան կատակներ էլ հնչեն Զլատանի մասին, նա իր օրինակով ցույց է տալիս, որ կարելի է մի քիչ խենթ, ինքնասիրահարված ու մեծամիտ լինել, բայց շարունակել նվիրված լինել սիրելի գործին ու անդադար արարել:


Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին