exclusive
6631 դիտում

Խենթ Մաքսը, կամ ո՞վ կփոխարինի Արսեն Վենգերին


Լուսանկարը` standard.co.uk


Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի գլխին գորշ ամպեր են կուտակվել: Օրեցօր ավելանում է Վենգերի հրաժարականը պահանջող երկրպագուների եւ մասնագետների թիվը:

Mediamax Sport-ը վերլուծել է ակումբի շուրջ ստեղծված իրավիճակն ու կանխագուշակել, թե ո՞վ կարող է «Արսենալին» վերադարձնել երբեմնի փառքն ու հզորությունը:

Արսեն Վենգեր. Անհաջողակի դրոշմով լեգենդար մարզիչ

Ցավալի է լսել, թե ինչպես են մի մարզչի անվանում անհաջողակ, ով 20 տարուց ավել աշխատում է թոփ ակումբում, դաստիարակել է բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստների եւ ֆուտբոլային սխրանք է իրագործել (2003-2004 թթ. մրցաշրջանում «Արսենալը» դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն՝ չպարտվելով եւ ոչ մի խաղում): Բայց, ինչպես ասում են, իրականությունից չես փախնի:

Արսեն Վենգերը դարձել է իր մեծության, գաղափարների, փառքի եւ անկարողության գերին: Վերջին 12 տարիների ընթացքում «Արսենալը» նվաճել է ընդամենը 4 տիտղոս՝ ՖԱ-ի 2 գավաթ եւ Անգլիայի 2 Սուպերգավաթ: Իսկ 2005-2014 թթ. ընկած ժամանակահատվածում՝ ոչ մի տիտղոս:

Դեժավյու. Վերջին տարիներին «Արսենալի» մղձավանջային «կայունությունը» վիճակագրությամբ

Դիտարկելով «Արսենալի» անցկացրած վերջին 5 մրցաշրջանները՝ կհասկանանք, որ Վենգերի թիմը տարվա յուրաքանչյուր ժամանակահատվածում գրանցում է նույն արդյունքները, ինչ նախորդ տարում:

Լուսանկարը` talksport.com


Ձախողված մեկնարկ

 2012-2013 թթ. - 0:0 «Սանդերլենդի» եւ «Սթոքի» դեմ խաղերում
 2013-2014 թթ. - Մրցաշրջանի մեկնարկային խաղում 1:3 հաշվով պարտություն «Ասթոն Վիլայից»
 2014-2015 թթ. - Պարտություն «Դորտմունդից»՝ 0:2 եւ 1:1 «Լեսթերի» դեմ
 2015-2016 թթ. – 0:2 հաշվով պարտություններ «Չելսիից» եւ «Վեսթ Հեմից»
 2016-2017 թթ. - Տնային պարտություն «Լիվերպուլից»  3:4 հաշվով:

Հուսադրող նշաններ սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին

 2012 - 2013 թթ. - «Լիվերպուլի» դեմ հաղթանակ 2:0
 2013 - 2014 թթ. -  «Տոտենհեմի» դեմ հաղթանակ 1:0, միջինը 2.7 միավոր մեկ խաղում
 2014 - 2015 թթ. - Հազվագյուտ շեղում օրինակից, միջինը 1.5 միավոր մեկ խաղում
 2015 - 2016 թթ. - Հաղթանակ «ՄՅՈՒ»-ի եւ «Բավարիայի» դեմ խաղերում 3:0 եւ 2:0
 2016 - 2017 թթ. - «Չելսիի» դեմ հաղթանակ 3:0, միջինը 2.7 միավոր մեկ խաղում

Սարսափելի արդյունավետություն նոյեմբերին

 2012 - 2013 թթ. - 1 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն
 2013 - 2014 թթ. - Անսպասելիորեն լավ՝ 3 հաղթանակ, 1 պարտություն
 2014 - 2015 թթ. - 2 հաղթանակ, 2 պարտություն
 2015 - 2016 թթ. - 2 ոչ-ոքի, 1 պարտություն
 2016 - 2017 թթ. - 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի

Վնասվածքների համաճարակ հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին

 2012 - 2013 թթ. - 13 վնասվածք
 2013 - 2014 թթ. -  7  վնասվածք
 2014 - 2015 թթ. - 19 վնասվածք
 2015 - 2016 թթ. - 14 վնասվածք
 2016 - 2017 թթ. - 6   վնասվածք

Վերակենդանացման հույսեր դեկտեմբերին

 2012 - 2013 թթ. - 4 հաղթանակ, 1 պարտություն՝ միջինը 2.4 միավոր մեկ խաղում
 2013 - 2014 թթ. - 3 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 1 պարտություն՝  2.4 միավոր մեկ խաղում
 2014 - 2015 թթ. - 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն՝ 2.2 միավոր մեկ խաղում
 2015 - 2016 թթ. - 4 հաղթանակ, 1 պարտություն՝ 2.4 միավոր մեկ խաղում
 2016 - 2017 թթ. - 3 հաղթանակ, 2 պարտություն՝ 1.8 միավոր մեկ խաղում

Ձախողում ՉԼ-ի 1/8 եզրափակչում եւ Անգլիայի լիգայի գավաթում

 2012 - 2013 թթ. - ՉԼ-ում՝ «Բավարիայից», գավաթում՝ «Բրեթֆորդից» դեկտեմբերին
 2013 - 2014 թթ. - ՉԼ-ում՝ «Բավարիայից», գավաթում՝ «Չելսիից» հոկտեմբերին
 2014 - 2015 թթ. - ՉԼ-ում՝ «Մոնակոյից», գավաթում՝ «Սաութհեմփթոնից» սեպտեմբերին
 2015 - 2016 թթ. - ՉԼ-ում՝ «Բարսելոնայից», գավաթում՝ «Շեֆիլդից» հոկտեմբերին
 2016 - 2017 թթ. - ՉԼ-ում՝ խաղ «Բավարիայի» հետ, գավաթում պարտվել է «Սաութհեմփթոնին» նոյեմբերին

Վատ արդյունքներ գարնանը, որոնք սպանում են չեմպիոնության հույսերը

 2012 - 2013 թթ. - Պարտություն «Տոտենհեմից» 1:2 հաշվով մարտի 3-ին
 2013 - 2014 թթ. - Պարտություն «Չելսիից» 0:6 հաշով եւ եւս երկու պարտություն
 2014 - 2015 թթ. - Բացառություն՝ 3 հաղթանակ եւ առաջխաղացում ՖԱ գավաթում
 2015 - 2016 թթ. - Ապրիլյան ոչ-ոքիներ «Վեսթ Հեմի», «Քրիստալ Փելասի» եւ «Սանդերլենդի» հետ
 2016 - 2017 թթ -

Մրշացրջանի վերջնամասում լավ արդյունքներ եւ տեղ Թոփ 4-ում

 2012 - 2013 թթ. - 6 հաղթանակ, 2 ոչ-ոքի, միջինը մեկ խաղում 2.5 միավոր
 2013 - 2014 թթ. - 5 հաղթանակ, 1 պարտություն, 2.5 միավոր մեկ խաղում, ՖԱ գավաթի հաղթող
 2014 - 2015 թթ. - 4 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն, ՖԱ գավաթի հաղթող
 2015 - 2016 թթ. - 4 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 միավոր մեկ խաղում
 2016 - 2017 թթ  -

Բրիտանական եւ իտալական մամուլում արդեն տեւական ժամանակ է ինչ լուրեր են շրջանառվում, որ Արսեն Վենգերի ժամանակը «Արսենալում» մոտենում է ավարտին: Իսկ ո՞վ է այն համարձակը, որը կարող է փոխարինել լեգենդար, բայց միեւնույն ժամանակ անհաջողակի պիտակով ֆրանսիացուն:

Մասիմիլիանո Ալեգրի. Խենթ Մաքսը

Լուսանկարը` forzajuve.ru


Ալեգրիի մարզչական կարիերան սկսվել է իտալական ֆուտբոլի հետնախորշից եւ աստիճանաբար հասել է մինչեւ էլիտա: 2010 թվականին ստանձնելով «Միլանի» ղեկը, Մասիմիլիանո Ալեգրին «ռոսոներների» հետ առաջին իսկ մրցաշրջանում դառնում է Ա Սերիայի չեմպիոն եւ Իտալիայի գավաթակիր:

2014 թվականի հունվարի 12-ի  «Սասուոլո» - «Միլան» հանդիպումն ավարտվում է Ալեգրիի սաների խայտառակ պարտությամբ, եւ միլանյան ակումբի ղեկավարությունը որոշում է հեռացնել իտալացի մասնագետին զբաղեցրած պաշտոնից:  

Հաջորդ մրցաշրջանի սկզբում անսպասելիորեն հրաժարական է տալիս Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: «Բյանկոներների» ղեկավարությունը խուճապահար որոշում է կայացնում՝ թիմ հրավիրել այդ պահին անգործ Մասիմիլիանո Ալեգրիին: Եվ հենց այդտեղից էլ սկսվում է նրա հաջողության ճանապարհը: Կատարելագործելով Կոնտեի ստեղծած «Յուվենթուսը»՝ Ալեգրին թուրինցիներին ուղղորդեց մինչեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Նա դարձավ իտալական ֆուտբոլի պատմության առաջին մարզիչը, ով երկու տարի անընդմեջ «Ոսկե դուբլ» ձեւակերպեց՝ հաղթելով երկրի առաջնությունն ու գավաթը (2014-2015 եւ 2015-2016 թթ.):

Ի՞նչ կարող է տալ Ալեգրին «Արսենալին»

Այն ամենը, ինչ հիմա պակասում է «Արսենալին»՝ խաղային կայունություն, բնավորություն, տակտիկական նորամուծություններ: Այս երեւույթները տեսանելի են Ալեգրիի ներկայիս թիմում: Իսկ ահա «Արսենալի» մոտ դրանք իսպառ բացակայում են: «Զինագործների» խաղը կանխատեսելի է, չկան նորարարություններ, ինչն էլ դարձնում է այն ավելի խոցելի:

Լուսանկարը` footballfox.net


Ալեգրին կարողանում է շատ լավ լեզու գտնել եւ կայացած, եւ ծագող աստղերի հետ: Բացի այդ, իտալացին շատ քիչ է դիմում չարդարացված ռիսկերի: Այսինքն, եթե անհրաժեշտ է պատրաստվել ուժեղ մրցակցի դեմ խաղին, ապա Ալեգրին սխեմայի փոփոխություն կատարում է տվյալ հանդիպումից մի քանի խաղ առաջ, այլ ոչ թե Վենգերի նման: Թարմ օրինակ, Արսենալի լավագույն խաղային սխեման 4-2-3-1-ն է եւ «Արսենալը» մրցաշրջանի մեծ հատվածը խաղում էր տվյալ սխեմայով: Իսկ «Չելսիի» դեմ խաղում Վենգերը որոշեց «փիլիսոփայել» եւ ընտրեց 4-3-3 դասավորությունը: Արդյունքում տուժեց եւ հարձակումը, եւ կիսապաշտպանությունը:

Մի կարեւոր հանգամանք եւս, Մասիմիլիանո Ալեգրին բավական երկար ժամանակ է, ինչ անգլերեն է սովորում: Պատահականությու՞ն է, չեմ կարծում: Ալեգրին անգլիական ֆուտբոլի հետ կապված իր պլաններն ունի:

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին