Ապրիլ 17, 2024
exclusive
7643 դիտում

Ազգերի Լիգա. ԵԱ-ի ուղեգիր նվաճելու եւս մեկ հնարավորություն


Լուսանկարը` oceanofgames.com

Լուսանկարը` krone.at

Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` abc.net.au

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` thesun.co.uk

Լուսանկարը` Photolure


Միջազգային ֆուտբոլային կառույցները՝ ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն, նորարությունների կողմնակից են ու անընդհատ փոփոխություններ են մտցում միլիոնների համար սիրված խաղում:

Այն, որ ֆուտբոլն այլեւս հինը լինել չի կարող, արդեն համոզվել ենք: Աշխարհի առաջնությանը մասնակցելու են 46 թիմ, նոր ձեւաչափով անցկացվեց ԵՎՐՈ-2016-ը, այժմ էլ ընտրական մրցաշարին զուգահեռ ՈւԵՖԱ-ն 2018 թվականից շրջանառության մեջ է դնելու Ազգերի Լիգա-ն:

Mediamax Sport-ը ծանոթացել է մրցաշարի անցկացման կանոնակարգին ու մանրամասներին:

Սկիզբը տրվեց 2014-ին

2014-ին ՈւԵՖԱ-ի 38-րդ կոնգրեսի ժամանակ եվրոպական 54 ֆուտբոլային ասոցիացիաները միաձայն իրենց համաձայնությունը տվեցին Ազգերի լիգա մրցաշարի անցկացմանը:

«Սա շատ կարեւոր քայլ է Եվրոպայի ազգային հավաքականների համար: Հուսով ենք երկրպագուները կաջակցեն այս մրցաշարի անցկացմանը»,- 3 տարի առաջ հայտարարել է ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ Վոլֆգանգ Նիրսբախը:

Լուսանկարը` Photolure


Նոր մրցաշարը լրացուցիչ հնարավորություն կտա պայքարել ԵՎՐՈ-ի ուղեգրի համար: ՈւԵՖԱ-ում համոզված են, որ այն նաեւ կօգնի բարձրացնել ֆուտբոլի մակարդակն ու հեղինակությունը ազգային հավաքականների շրջանում: Այդկերպ փորձ կարվի շատ հետ չմնալ ակումբներից, որոնց խաղացանկն ավելի խիտ է ու ավելի շատ են իրենց վրա ուշադրություն սեւեռում:

Մրցաշարի ֆորմատը

Ազգերի Լիգան բաղկացած է լինելու 4 դիվիզոնից: Եվրոպական 55 հավաքականներ ձեւավորելու են A, B, C եւ D դիվիզիոնները՝ ըստ ՈւԵՖԱ-ի վարկանշային աղյուսակում իրենց զբաղեցրած տեղերի:

Ուժեղագույն 12 թիմերը լինելու են A դիվիզիոնում, իսկ 16 հետնապահները՝ վերջինում:  Դիվիզիոններն իրենց հերթին ունենալու են 4-ական խմբեր, որոնք բաղկացած են լինելու 3 կամ 4 հավաքակններից:

Լուսանկարը` eurosport.com


Այդ 4 դիվիզիոնների հաղթողները նվաճելու են Եվրոպայի առաջնության ուղեգրեր, իսկ վատագույն արդյունք գրանցած 4 թիմերը 2020-ի Ազգերի Լիգայում խաղալու են ամենաթույլ դիվիզոնում:

Խաղերի ժամանակացույցը

Ազգերի Լիգային խմբային հանդիպումները կայանալու են 2018 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսներին: Եզրափակիչ փուլն էլ նշանակված է 2019-ի գարնանը:

Դրան զուգահեռ անցկացվելու է Եվրոպայի առաջնության որակավորման փուլը: Այն մեկնարկելու է 2019-ի մարտին: Միակ փոփոխությունը լինելու է այն, որ սեպտեմբերի փոխարեն ԵԱ-ի խմբային փուլի խաղերի սկիզբը տրվելու է գարնանը: 

55 հավաքականները բաժանվելու են 10 խմբերի ու մրցելու են մեզ արդեն հայտնի եղանակով: Խմբերի լավագույն 2 թիմերը միանգամից ԵՎՐՈ-ի ուղեգրեր են ձեռք բերելու, մնացած 24 թիմերն Ազգերի Լիգայի շրջանակներում են միմյանց միջեւ վիճարկելու 4 ուղեգրերը:

Լուսանկարը` abc.net.au


Եթե խմբերի հաղթողներն արդեն ունենան ուղեգրեր, անցումային խաղերին կմասնակցեն Ազգերի լիգայում նրանց հաջորդող հավաքականները:

Եկամուտն ու երկրպագուները

Պետք է խոստովանել, որ նման փոփոխությունների հիմնական պատճառը ֆինանսական կողմն է եղել: Ինչպես եւ ընտրական հանդիպումների հեռարձակումներն են մեծ գումարներ ապահովում ՈւԵՖԱ-ին, նույնը լինելու է նաեւ Ազգերի Լիգայի դեպքում: Այդպիսով ՈւԵՖԱ-ն կարծում է, որ ազգային ասոցիացիաների եկամուտներն էլ ավելի կայուն կդառնան:

Ազգերի Լիգայի անցկացման արդյունքում սահմանափակվելու է ընկերական հանդիպումների քանակը: Դրանք լինելու են, սակայն ավելի քիչ:

Լուսանկարը` thesun.co.uk


Նոր մրցաշարի նախաձեռնողները համոզված են, որ այն մեծ հետաքրքրություն կառաջացնի երկրպագումների մոտ, ի տարբերություն ընկերական մրցավեճերի, երբ թիմերը հիմնականում խնայում են ուժերը, եւ այդքան էլ գեղեցիկ պայքար չի ստացվում: Նոր մրցաշարից այլ բան են սպասում՝ թեժ մրցակցություն, լարված հանդիպումներ ու սիրելի խաղացողներին ազգային թիմում ավելի շատ տեսնելու հնարավորություն:

Ազգերի լիգայի հաղթողները որոշվելու են կենտ տարիներին, այդպիսով ինչպես եւ ակումբային ֆուտբոլում է, ամեն մրցաշրջանում ազգային հավաքակններն ունենալու են իրենց չեմպիոնին՝ լինի դա ԵԱ-ի, ԱԱ-ի կամ էլ Ազգերի լիգայի հաղթող թիմ:

Հայաստանի շանսերը

Ազգերի Լիգայի մեկնարկը տրվելու է 2 տարուց ու դեռ չենք կարող ասել, թե Հայաստանի հավաքականը դիվիզիոններից որ մեկում կհայտնվի: Այդ ընթացքում բնականաբար շատ բան կարող է փոխվել: 2017 թվականի փետրվարի դրությամբ մեր ազգային հավաքականը 43-րդ տեղում է:

Մեր ընտրանին, ինչպես եւ մնացած հավաքականները, երկու ճակատով կպայքարի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու համար: Փաստորեն կմեծանա ուղեգիր նվաճելու հավանականությունը, ինչպես նաեւ ավելի շատ կլինեն մեր ֆուտբոլիստների մասնակցությամբ խաղերը:

Լուսանկարը` Photolure


Դժվար է ասել այդ ծանրաբեռնվածությանն ու հագեցած գրաֆիկին ինչպես կհարմարվի Հայաստանի հավաքականը: Մեր ընտրանին երբեք ԵԱ-ի կամ ԱԱ-ի եզրափակիչ մրցաշարում չի հայտնվել ու մեկ տարվա ընթացքում այդքան պաշտոնական հանդիպումներ չի անցկացրել:

Սակայն մյուս կողմից, հաշվի առնելով Եվրոպայի առաջնության մասնակիցների քանակն ու ուղեգիր նվաճելու 2 տարբերակները, մնում է հուսալ, որ այս անգամ, գոնե, Հայաստանի հավաքականը կօգտագործի ընձեռնված հնարավորությունը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին