Ապրիլ 25, 2024
exclusive
5925 դիտում

48 թիմ Մունդիալում. դրական ու բացասական կողմերը


Լուսանկարը` rsport.ru


Օրերս ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց Աշխարհի առաջնության ընթացակարգի փոփոխության մասին: Հեղափոխական որոշում, որն արդեն հիմա կարելի է համարել ամենաքննարկվածներից մեկը ֆուտբոլի պատմության ընթացքում: Ամբողջ ֆուտբոլային աշխարհը ցայտնոտի մեջ է: Ոմանք քննադատում են, ոմանք՝ ողջունում, սակայն ամենացավալին այն է, որ քչերն են բավականաչափ տեղեկացված նոր փոփոխությունների մասին: Մեդիամաքս Սպորտն առաջարկում է մանրամասն ծանոթանալ ֆուտբոլային ամենահեղինակավոր մրցաշարում սպասվող նորարարություններին եւ հետո միայն որոշել՝ քարկոծել ՖԻՖԱ-ի չինովնիկներին, թե ոչ:

Ի՞նչ որոշում է ընդունվել

Սկսած 2026 թվականից՝ ԱԱ-ի եզրափակիչ փուլի մասնակիցների թիվը ներկայիս 32-ի փոխարեն կդառնա 48: Խմբային փուլում լինելու է 16 խումբ՝ 3-ական հավաքականով: Առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը շարունակելու են պայքարը փլեյ-օֆֆում:

Ընդհանուր խաղերի թիվը 64-ից հասնելու է 80-ի, իսկ մրցաշարը տեւելու է 32 օր:

Տեղերը մայրցամաքների միջեւ բաժանվելու են հետեւյալ կերպ.

Եվրոպա - 16 (ներկայումս՝ 13)
Աֆրիկա - 9 (5)
Ասիա - 8.5 (4.5)
Հյուսիսային Ամերիկա - 6 (4.5)
ԿՈՆԿԱԿԱՖ - 6.5 (3.5)
Օվկիանիա - 1 (0.5)

Լուսանկարը` http://politrussia.com


Կազմակերպչական առումով հնարավոր են արդյո՞ք բարդություններ

Անգամ սովորական ֆուտբոլային հանդիպում կազմակերպելը երբեմն բարդություններ է առաջացնում: Այնուամենայնիվ, այս հարցին ՖԻՖԱ-ն խելամիտ է մոտեցել: Ըստ տեղեկությունների` 2026թ. չարաբաստիկ  ԱԱ-ն անցկացվելու է ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Կանադայում: Նմանատիպ մոտեցումն իսկապես կարող է արդյունավետ լինել: Խնդիրներ չի առաջանա մեկ երկրում 48 թիմի համար մարզաբազա եւ հյուրանոց գտնելու հարցում, երկրպագուների համար ամեն ինչ ավելի հասանելի կլինի եւ, որ ամենակարեւորն է, ֆուտբոլասերները կունենան ընտրության հնարավորություն: Նշված երեք երկրներում կգրանցվի զբոսազրջիկների քանակի աճ, ֆուտբոլով հետաքրքրվողների թիվն, անշուշտ, կավելանա: Եվ այս ամենը տեղի կունենա ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի պետություններում:

Կա՞ր արդյոք այլ տարբերակ

Այո, եւ ոչ թե մեկ, այլ երկու տարբերակ: ԱԱ-ի մասնակիցների թվի ավելացմանը միշտ դեմ է եղել ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը: Նա նույնիսկ ցանկանում էր Եվրոպայից վերցնել մի քանի տեղ ու դրանք բաժանել Աֆրիկայի եւ Ասիայի միջեւ: Իսկ ահա ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին դեռեւս 3 տարի առաջ առաջարկում էր մունդիալի մասնակիցների թիվը 32-ից հասցնել 40-ի: 8 նոր տեղերը նա ցանկանում էր բաշխել հետեւյալ կերպ՝ Աֆրիկա + 2, Ասիա + 2, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա + 2 , Օվկիանիա + 1, Եվրոպա + 1:
Այդ դեպքում եւս երկու տարբերակ կար.

1) 8 խումբ - 5-ական թիմով
2) 10 խումբ - 4-ական թիմով

ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահ Ջաննի Ինֆանտինոն բոլորովին վերջերս մեկ այլ ֆորմատ էր առաջարկում. մասնակիցների թիվը հասնում է 48-ի, որից 16-ն ավտոմատ կերպով անցնում են խմբային փուլ (հիմնվելով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի տվյալների վրա), իսկ մնացած 32-ը մրցաշարի մեկնարկից մեկ շաբաթ առաջ անցկացնում են անցումային խաղեր: Արդյունքում ԱԱ-ն եզրափակիչ փուլում մնում է 32 հավաքական:

Ինչի՞ համար են այս փոփոխությունները

Հարցի ամենացավալի կողմը: ՖԻՖԱ-ն առաջ է բերում փաստարկներ, որոնք, մեղմ ասած, տրամաբանական չեն: Ըստ Ջաննի Ինֆանիտինոյի, այս ամենն արվում է ոչ միայն փողի, այլեւ ֆուտբոլն ավելի մասսայական դարձնելու համար: Ըմմմ, մասսայական…

ԱԱ 2014-ն ամբողջ աշխարհում հեռուստացույցով դիտել է 3 մլրդ մարդ: Մի՞ թե, ըստ Ինֆանտինոյի, այս թիվը 2026-ին զգալի ավելանալու է:

Բացի այդ, մայրցամաքներից ավելի մեծ արտոնություններ են ստացել Աֆրիկան և Ասիան: Առաջին հայացքից տեսանելի է, որ այս երկու տեղերում կան ավելի շատ երկրներ, որտեղ ֆուտբոլն այդքան էլ զարգացած չէ՝ որքան Եվրոպայում, բայց...

Մի շարք վերլուծաբանների և մասնագետների կարծիքով, այս քայլով Ինֆանտինոն փորձում է փոխհատուցել իր օգտին քվեարկած ասոցիացիաներին: Իտալացին հենց Աֆրիկայի եւ Ասիայի կողմից ստացված մեծ աջակցության շնորհիվ է, որ հասավ ֆուտբոլը ղեկավարող բուրգի գագաթին: Եվ հիմա եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը:

Լուսանկարը` http://www.vivelohoy.com


Ֆինանսական առումով եւս այս ամենն ավելի տրամաբանական է երեւում: Համաձայն ՖԻՖԱ-ի իրականացրած հետազոտությունների, 2018 թվականի ԱԱ-ի շահույթը կազմելու է 5.5 մլրդ դոլար: Իսկ 2026 թվականին այս թիվը կարող է աճել առնվազն 20%-ով:

48 թիմով ԱԱ. Դիտարժա՞ն, թե՞ ձանձրալի

Ըստ նոր ձևաչափի, յուրաքանչյուր հավաքական խմբային փուլում անցկացնելու է 2-ական հանդիպում: Դրանից հետո շատ հավանական է, որ աղյուսակում քաոս տիրի՝ նույնանման ցուցանիշներ ունեցող թիմերի առկայությամբ: Դրա կանխարգելման համար քննարկվում են տարբերակներ, որոնցից մեկն էլ ոչ-ոքի արդյունքի չեղարկումն է: Այսինքն՝ ոչ-ոքի գրանցվելու դեպքում թիմերը կանցնեն 11 մ հարվածաշարի, ինչի արդյունքում էլ հաղթողը հավելյալ միավոր կստանա: Ֆուտբոլիստներն ու մարզիչները դեմ են նույնիսկ փլեյ-օֆֆ փուլում 11 մ հարվածներ իրացնելուն, իսկ այստեղ այդ պրոցեսը պետք է իրականացնեն խմբային փուլում:

Ընդհանրապես, շատերի համար 48 թիմով ԱԱ-ն ձանձրալի երեւույթ է, քանի որ Պանամայի, Կյուրասաոյի, Ուզբեկստանի եւ Բուրկինա Ֆասոյի պես հավաքականները տեղ չունեն այդպիսի մեծածավալ ներկայացման բեմահարթակում:

Մյուսների կարծիքով, նմանատիպ երկրների հավաքականների համար ԱԱ-ում անցկացրած թեկուզ 2 հանդիպումը մեծ փորձ կլինի, որի վրա էլ հենվելով՝ կարելի է երկրում բարձրացնել ֆուտբոլի մակարդակը:

Այս հարցում վիճելն իրոք անիմաստ է, քանզի երկու դեպքում էլ, միեւնույն է, լինելու են մեծաթիվ դժգոհություններ: Սա նույն դեպքն է, երբ փորձենք համեմատել, թե որ խաղը ֆուտբոլասերների համար ավելի ընդունելի կլինի՝ պայմանական Գերմանիա - Պանամա խաղը, որն ավարտվել է 8-0 հաշվով, թե Գերմանիա - Սլովակիա խաղը, որն ավարտվել է 0-0 : Չեզոք երկրպագուների համար, անկասկած, առաջին տարբերակն ավելի նախընտրելի է:

Լուսանկարը` ZN.ua


Ինչպե՞ս կազդի այս փոփոխությունը Հայաստանի հավաքականի վրա

Այս պահին տվյալ հարցին պատասխանելն անիմաստ է՝ միանգամից մի քանի պատճառներով: Նախ, դեռեւս 9 տարի ժամանակ կա, որի ընթացքում այս փոփոխությունները մեկ անգամ չէ, որ վերանայվելու եւ թրծվելու են: Բացի այդ, այս տարիների ընթացքում մեր հավաքականը եւս բազում փոփոխությունների է ենթարկվելու: Սերնդափոխություն է տեղի ունենալու, իսկ այժմյան երիտասարդների գրանցած արդունքները, կարելի է ասել, վստահություն չեն ներշնչում: Հուսանք, որ մինչեւ 2026 թվականը Հայաստանը կունենա կայուն ներքին ֆուտբոլային առաջնություն, ձեւավորված հավաքական, արտասահմանյան առաջատար ակումբներում փայլող ֆուտբոլիստներ եւ, իհարկե, երկրպագուների անսահման աջակցություն:

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին