exclusive
6780 դիտում

Ով կհաղթի Պրեմիեր Լիգայում․ մեր կանխատեսումը


Լուսանկարը` http://soccersouls.com/


Օրերս եվրոպական գերհամակարգիչը կանխատեսել էր, թե որ թիմը կհաղթի այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ հիմնվելով թիմերի միջեւ խաղերի հնարավոր արդյունքների վրա։ Mediamax Sport-ը փորձել է հետ չմնալ համակարգչից եւ սեփական կանխագուշակումը կատարել՝ վերլուծելով որոշ առանցքային հանգամանքներ։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ՝ 21 տուրից հետո միանգամից 6 թիմ պայքարում է չեմպիոնության եւ լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար: Տեսնենք, թե ում կանխատեսումն ավելի ճշգրիտ կլինի՝ համակարգչինը, թե ֆուտբոլային մասնագետներինը։

«Մանչեսթեր Սիթի»՝ 6-րդ հորիզոնական

Լուսանկարը` fansided.com


«Մանչեսթեր Սիթիի» ցուցադրած անփառունակ խաղը հարցականի տակ է դնում թիմի մասնակցությունը ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանին: Գվարդիոլայի թիմում առկա խնդիրները շատ են՝ վնասվածքներ, կարգապահության բացակայություն, ֆուտբոլիստների ցածր խաղամակարդակ: Ամռանը ձեռք բերված ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան լիովին ընկալել Գվարդիոլայի ֆուտբոլային գաղափարները: Նոլիտոն, Լերոյ Սանեն, Իլկայ Գյունդողանը եւ Ջոն Սթոունզը խաղում են իրենց հնարավորություններից ակնհայտ ցածր մակարդակի վրա: Իսկ դարպասապահ Կլաուդիո Բրավոյի մասին խոսելն անգամ ավելորդ է: Այս հարցում Գվարդիոլան, անխոս, ձախողվեց: «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ ունի յուրաքանչյուր խաղային օղակում: Եվ այս բոլոր խնդիրները լուծելու համար կես տարին շատ քիչ է:

«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 5-րդ հորիզոնական, բայց ՉԼ-ի ուղեգիր

Լուսանկարը` newindianexpress.com


«Մանչեսթեր Յունայթեդը» ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր նվաճելու համար ունի երկու տարբերակ՝ հայտնվել ԱՊԼ-ի առաջին քառյակում կամ հաղթել Եվրոպա լիգայում: Եվ եթե առաջնությունում մրցակցությունը մեծ է, ապա նույնը չէինք ասի Եվրոպա լիգայի մասին: Հաշվի առնելով Ժոզե Մոուրինյոյի եվրագավաթային խաղերի մեծ փորձը՝ կարելի է եզրակազնել, որ պորտուգալացին նախապատվությունը կտա եվրագավաթային մրցաշարին: Բացի այդ, Եվրոպա լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» համար ամենաբարդ մրցակիցները կարող են լինել «Տոտենհեմը» եւ «Ռոման»: Սակայն այս երկու թիմերն էլ իրենց ներքին առաջնություններում պայքարում են չեմպիոնության համար եւ Եվրոպա լիգային այնքան էլ մեծ ուշադրություն չեն հատկացնում:

«Արսենալ»՝ 4-րդ հորիզոնական

Լուսանկարը` iacpublishinglabs.com


Ամենայն հավանականությամբ, սա կլինի Արսեն Վենգերի վերջին մրցաշրջանը «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս տարի բրիտանական մամուլում «Արսենալի» առաջատարներ Ալեքսիս Սանչեսի եւ Մեսութ Օզիլի պայմանագրերի երկարաձգման հարցն ավելի շատ է քննարկվում, քան թիմի ելույթները: Վենգերի թիմի ցուցադրած խաղում ինչպես միշտ բացակայում է կայունությունը:

«Տոտենհեմ»՝ 3-րդ հորիզոնական

Լուսանկարը` https://nbcprosoccertalk.files.wordpress.com


Մաուրիսիո Պոչետինոյի կատարած աշխատանքը, իհարկե, արժանի է հիացմունքի: Ունենալով Պրեմիեր լիգայի ամենաերիտասարդ եւ անփորձ կազմը՝ արգենտինացի մասնագետը կարողացել է ստեղծել մարտունակ թիմ, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ պայքարում է չեմպիոնության համար: Սակայն այս մրցաշրջանում  մրցակցության մակարդակը շատ բարձր է, եւ ակնհայտ է, որ փորձի պակասը զգացնել կտա: «Տոտենհեմն» այն թիմերից է, որոնք հաջողությամբ կարողանում են հետապնդել մրցակցին, սակայն ունեցածը պահպանելու ամենակարեւոր շրջանում ձախողվում են՝ մեծ ճնշման պատճառով: Բացառություն չի լինի նաեւ այս մրցաշրջանը:

«Լիվերպուլ»՝ 2-րդ հորիզոնական

Լուսանկարը` http://www.thisisanfield.com/


 «Լիվերպուլը» կարծես միակ ակումբն է, որը կարող է մինչեւ վերջ պայքար մղել «Չելսիի» հետ՝ չեմպիոնական բաղձալի գավաթը նվաճելու համար: Սակայն, երբեմն Յուրգեն Կլոպի թիմը կտրուկ կորցնում է կենտրոնացվածությունը, որն էլ բերում է խայտառակ պարտությունների, ինչպիսիք են «Բարնլիի» դեմ 0:2-ն ու «Բորնմուտի» դեմ 3:4-ը: Կլոպի ֆուտբոլային գաղափարները եւս կարող են չար կատակ խաղալ իր թիմի հետ: Չափազանց մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ խաղալը, անկասկած, մրցաշրջանի վերջին հատվածում ուժասպառ կանի ֆուտբոլիստներին, եւ այդժամ կսկսի «Լիվերպուլի» «ազատ անկումը»: Վերջին խաղերում երեւում է, որ Կլոպը սկսել է լրջորեն մտածել այս ուղղությամբ:  «Լիվերպուլի» խաղացողները յուրաքանչյուր խաղի վերջում զգալիորեն թուլացնում են տեմպը:

«Չելսի»՝ չեմպիոն

Լուսանկարը` http://www.thisisanfield.com/


Եկա, տեսա, փոխեցի: Իսկ կհաղթի, թե ոչ, պարզ կդառնա մի քանի ամսից: Սակայն Անտոնիո Կոնտեի «Չելսին» ամենամոտն է չեմպիոնական գավաթին: Իտալացի մասնագետը ճիշտ ժամանակին կարողացավ փոխել թիմի խաղային սխեման՝ սկիզբ դնելով փառահեղ վերելքին, որն էլ, ամենայն հավանականությամբ, կհասնի տրամաբանական ավարտին՝ չեմպիոնությանը: Մոտակա հետապնդողից ունենալով 7 միավորի առավելություն ՝ դժվար է պատկերացնել, որ այսօրվա «Չելսին» որեւէ մեկին կզիջի առաջին հորիզոնականը:

Այս պահին մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.

Լուսանկարը` imgur.com


Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին