Ապրիլ 24, 2024
exclusive
6652 դիտում

Հանգստյան օրերի ամենասպասված դիմակայությունը. «Յունայթեդ»-«Լիվերպուլ»


Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` squawka.com

Լուսանկարը` skysport.com

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` Sky Sports

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` irishmirror.ie


Անգլիայի ֆուտբոլի առաջնության բոլոր խաղերն էլ յուրահատուկ են, այն ոգին ու մրցակցությունը, որը կա Մառախլապատ Ալբիոնում, դժվար է այլ առաջնություններում տեսնել:

Սակայն կիրակնօրյա հանդիպմանը «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը», նրանց մարզիչներն ու երկրպագուները առանձնակի կերպով են պատրաստվում:

 

Կարմիր մարզաշապիկներ կրող այս թիմերի դիմակայությունը միշտ էլ անկախ մրցաշարային աղյուսակում նրանց զբաղեցրած տեղից յուրահատուկ է լինում: Իսկ Յուրգեն Կլոպի ու Ժոզե Մոուրինյոի գործոնն առավել մեծ ինտրիգ է հաղորդում հանդիպմանը:

 

Անպես որ կիրակի երեկոյան բոլոր ծրագրերը երկրորդ պլան են մղվելու: Ֆուտբոլային մեծ երեկո է սպասվում, որին անդրադարձել է նաեւ Mediamax Sport-ը:

Լուսանկարը` dailymail.co.uk

 

Մարզիչները՝ Կլոպ ու Մոուրինյո


Անգլիայում առաջնության 2-րդ ու 6-րդ տեղերում ընթացող թիմերի 2017-ի առաջին դիմակայությունն, անկասկած, գլխավորն է լինելու: Միասին 38 չեմպիոնական տիտղոսներ ունեցող «Յունայթեդի» ու «Լիվերպուլի» հանդիպումները երկու ակումբների համար էլ չափազանց սկզբունքային են:

 

Ավելորդ է ասել, թե որքան կարեւոր է ոչ միայն գեղեցիկ խաղ ցուցադրելը, այլեւ խաղադաշտը հաղթանակած լքելը:

 

«Լիվերպուլում» Յուրգեն Կլոպի «իշխանության» օրոք շատ բան փոխվեց, նա նոր շունչ հաղորդեց թիմին ու վերադարձրեց հավատը: Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» 8-րդ տեղում ավարտեց ելույթը, սակայն հիմա թիմի գործերը որքան հնարավոր է լավ են դասավորվում: Այն ընդամենը 5 միավորն է զիջում առաջատար «Չելսիին»:

Լուսանկարը` mirror.co.uk

 

Գերմանացի մարզիչը 1,5 տարի է, ինչ աշխատում է Անգլիայում, սակայն արդեն հասցրել է հաստատվել այստեղ: «Լիվերպուլը» վերադառնում է», վերջերս հաճախ են սկսել ասել երկրպագուները:

 

Մոուրինյոի հետ դեմ առ դեմ հանդիպումներում Կլոպը շատ ավելի լավ վիճակագրություն ունի, նա 3 հաղթանակ է տարել, 2 ոչ-ոքի արդյունք ապահովել ու միայն մեկ պարտություն կրել, այն էլ Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

 

Կլոպին Անգլիայում սիրում են ու ավելի քիչ քննադատում, քան Մոուրինյոյին ու Պեպ Գվարդիոլային: Նրանց իսպանական դիմակայությունը տեղափոխվել է նաեւ Անգլիա: Իրենց գերակումբների հետ անհավանական արդյունքերի հասած մարզիչներից նմանատիպ ելույթներ են ակնկալում նաեւ Պրեմիեր Լիգայում: Սակայն միանգամից դրան հասնելն այդքան էլ հեշտ չէ:

 

Լուսանկարը` Sky Sports

 

2004-2007 թթ. «Չելսիում» աշխատելուց  3 տարի անց Մորուրինյոն վերադարձավ Անգլիա՝ նոր տիտղոսներ ու փորձ կուտակած: Սակայն այլ փիլիսոփայություն ու ավանդույթներ ունեցող ՄՅՈւ-ում նրա համար ամեն ինչ սպասվածից բարդ դասավորվեց: Պորտուգալացուն քննադատում էին անդադար ու բոլորն անխտիր:

 

Բայց պատահական չէ, որ նա 21-րդ դարի լավագույն մարզիչներից մեկն է համարվում ու տարբեր ակումբների հետ է կարողացել աշխատել: Մորուրինյոյի մոգությունն աշխատեց նաեւ «Յունայթեդում»: Թիմը չի պարտվում արդեն 15 խաղ շարունակ, իսկ առաջնությունում 6 անընդմեջ հաղթանակներից հետո միացել է նաեւ չեմպիոնության պայքարին: Նման անպարտելի շարք ակումբը չէր ունեցել 2009-ից սկսած, իսկ Մոուրինյոն Անգլիայում նման ցուցանիշ գրանցել էր 2006-ին:

Լուսանկարը` mirror.co.uk

 

Սակայն ամենաշատը երկրպագուներին ուրախացնում են ոչ միայն հաղթանակները. նրանք կրկին տեսնում են իրենց «Յունայթեդը», նույն խաղային ձեռագիրն ու ակունքներին վերադարձը: Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո մանկունյան ակումբն առաջին անգամն է նման գրավիչ ու համարձակ ֆուտբոլ ցուցադրում:

 

Թիմերի հնարավորությունները

Վերջին 3 ամիսների ընթացքում թիմերի խաղում որոշակի փոփոխություններ են կատարվել, ՄՅՈւ-ում դրանք առավել քան ակնհայտ են: Թիմը սկսել է ավելի բաց ու հարձակողական գործել, չվախենալ խաղն իր ձեռքերում պահել ու դրական արդյունքի հասնել:

 

Շատերը նշում են, որ «Յունայթեդում» այդ փոփոխությունները հենց «Լիվերպուլի» հետ հանդիպումից հետո են սկսվել: Մարզիչը որոշել է ուժեղացնել թիմի կենտրոնական հատվածը, նա կիսապաշտպանական ու հարձակման գծերի հիանալի համագործակցության շնորհիվ կարողանում է հասնել այդքան ցանկալի արդյունքի:

Լուսանկարը` mirror.co.uk

«Լիվերպուլը» հիանալի խաղ է ցուցադրում արտագնա հանդիպումներում: 11 խաղերից 6-ում հաղթանակ է գրանցել: Սակայն Կլոպը հիմնականում կադրային խնդիրներ ունի: Սադիո Մանեն մեկնել է Աֆրիկայի գավաթին, Ջեյմս Միլներն ու Ջորդան Հենդերսոնը բուժվում են, իսկ ահա Ֆելիպե Կոուտինյոն վերջերս է ապաքինվել վնասվածքից ու դեռ անհրաժեշտ մարզավիճակ չի հավաքել:

 

Բայց մյուս կողմից էլ «Յունայթեդն» այդքան էլ լավ ցուցանիշներ չունի թոփ-5 թիմերի հետ հանդիպումներում: «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից բացի, մանկունիացիները գլուխ գովելու առիթ չունեն: Նույնիսկ խոշոր՝ 0:4 հաշվով զիջել են «Չելսիին»:

Լուսանկարը` mirror.co.uk

Թվում է ոչինչ չի կարող խանգարել Կլոպի ու իր թիմի տրամադրությանը, սակայն դժվար թե Մորուրինյոն առաջատարներից մեկի հետ այս լուրջ քննությունը ցանկանա տապալել: Հենց հիմա է, որ նա պահանջելու է իր սաներին ցույց տալ, թե ինչ են սովորել վերջին հաղթանակներից: Մեկ անհաջող հանդիպումը կարող է «Լիվերպուլին» միանգամից 5-րդ տեղ շպրտել:

Հենրիխ Մխիթարյան


Հայաստանում եւս «Յունայթեդ»-«Լիվերպուլ» դիմակայությունը ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում է: «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանում միշտ էլ նվիրված ու հավատարիմ երկրպագուներ է ունեցել:

 

Սակայն այն պահից սկսած, ինչ Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն սկսեց խաղալ «Յունայթեդում», այլ նաեւ հիմնական կազմում ընդգրկվել, ամեն ինչ միայն նրա շուրջն է պտտվում: Մխիթարյանի գործոնն առանձնակի փայլ է հաղորդում անգլիական թիմին, նրա ելույթներին հետեւում են բոլորն անխտիր, անգամ նրանք, ովքեր անտարբեր են Պրեմիեր Լիգայի նկատմամբ:

Լուսանկարը` Facebook

Մխիթարյանն աստիճանաբար հաստատվում է «Յունայթեդում», խաղադաշտ դուրս գալիս հիմնական կազմում, թեեւ միշտ գոլով աչքի ընկնել չի ստացվում, բայց իրեն քննադատելու ու խաղից դժգոհ մնալու առիթ էլ չի տալիս:

 

Խաղադաշտում նա լեզու է գտել Զլատան Իբրահիմովիչի հետ, ինչը չափազանց կարեւոր է, հաշվի առնելով թիմի գրեթե բոլոր գրոհներին նրա անմիջական մասնակցությունը: Թիմը մի տեսակ համախմբվել է, միասնական դարձել, ու շատերն են նշում դրանում նաեւ Մխիթարյանի դերը:

Լուսանկարը` skysport.com

Խաղից ընդամենը օրեր առաջ Ռիո Ֆերդինանդը նրան համաշխարհային կարգի ֆուտբոլիստ անվանեց ու նշեց թիմում կատարվող այն մեծ դրական փոփոխությունները, որոնց նպաստում է նաեւ հայ ֆուտբոլիստը:

 

Վերջին ամիսների ընթացքում հնարավոր չէ չնկատել Մխիթարյանի աճն ու խաղային որակների բարելավումը, ինչը շատ կարեւոր է եւ իր, եւ «Յունայթեդի» համար:

 

Պայքար խաղադաշտից դուրս

 

Ժամանակակից ֆուտբոլում պայքարը ոչ միայն խաղադաշտում է  լինում: Մրցավարի սուլիչից դեռ շատ առաջ են մարզիչներն ու ֆուտբոլիստները սկսում ճնշել մրցակցին ու տրամադրվել հաղթանակին: Բացառություն չէր նաեւ այս հանդիպումը, Կլոպն ու Մոուրինյոն արդեն իրենց խոսքն ասել են:

Լուսանկարը` irishmirror.ie

Յուրգեն Կլոպ. «Մենք կանենք հնարավորը, որպեսզի 3 միավոր վաստակենք: Իմ թիմերը մեկ անգամ չէ, որ հաղթել են Մոուրինյոյի թիմերին: Կարծում եմ, որ այս անգամ էլ «Լիվերպուլը» հավասար պայքար կծավալի: Գիտեմ, որ «Լիվերպուլը» չի կարողանում «Օլդ Թրաֆորդում» հաղթել 2014 թվականի մարտից սկսած: Բայց Մոուրինյոն Հատուկ մարզիչ է, հույս ունեմ, որ նրա օրոք թիմի անպարտելիների շարքը կավարտվի»:
 

 

Ժոզե Մոուրինյո. «Զգում եմ, որ կիրակի մեզ առանձնահատուկ խաղ է սպասվում: Ես երկրպագուներին թատրոն չեմ հրավիրում: Թող նրանք գան այստեղ խաղալու համար: Մեզ հետ խաղալու: Այդ օրը պետք է բոլորս ավելի լավը լինենք՝ ես, թիմն ու երկրպագուները»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին