Ապրիլ 20, 2024
exclusive
7262 դիտում

2016-ը միջազգային կյանքում. Պորտուգալիայի ընտրանուց մինչեւ Մայքլ Ֆելփս


Լուսանկարը` sportingnews.com

Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` sportingnews.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


2016 թվականին միջազգային սպորտում տարբեր նշանակալից ու հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան:

Շատ մարզիկներ, ովքեր տարիներ շարունակ աշխատում են իրենց երազանքներին հասնելու համար, կարողացան նվաճել այդքան ցանկալի տիտղոսներ:

Mediamax Sport-ը փորձել է առանձնացնել այդպիսիններին:

Մադրիդի «Ռեալ»

2016-ի հունվարին Մադրիդի «Ռեալը» գլխավորեց Զինեդին Զիդանը: Ֆրանսիացու գալուց հետո Արքայական ակումբի ֆուտբոլիստները կրկին վերգտան իրենց ու սկսեցին ցուցադրել այն խաղը, որին սովոր են հետեւել երկրպագուները:

Իսպանիայի առաջնությունում ընդամենը մեկ միավորի տարբերությամբ «Ռեալը» զիջեց «Բարսելոնային» ու գրավեց երկրորդ տեղը: Սակայն «սերուցքայինները» չմնացին ձեռնունայն ու նվաճեցին Չեմպիոնների Լիգայի գավաթը:

Լուսանկարը` Real Madrid


Եզրափակչում նրանք մինչեւ 90+3 րոպեն 0:1 հաշվով զիջում էին Մադրիդի «Ատլետիկոյին», սակայն Սերխիո Ռամոսի գոլի շնորհիվ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Իսկ հետխաղյա 11-մետրանոցները հաղթանակ պարգեւեցին «Ռեալին» :

Տարեվերջը եւս հաջող դասավորվեց Զիդանի թիմի համար: Աշխարհի ակումբային առաջնությունում իսպանացիները կրկին հավասարը չունեցան ու նվաճեցին հերթական տիտղոսը: Արժե նշել, որ դրանից հետո «Ռեալի» միջազգային տիտղոսների թիվը հասավ 21-ի, նման արդյունք ոչ մի թիմ դեռեւս ցույց չի տվել:

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքական

Ամռանը նոր ձեւաչափով Ֆրանսիայում ընթացավ Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը: Մինչ մրցաշարի մեկնարկը եւ նույնիսկ ընթացքում ֆուտբոլային մասնագետները չէին էլ համարում, որ ապագա չեմպիոնը Պորտուգալիայի հավաքականն է: Ամենամեծ շանսերն, ըստ նրանց, ունեին Ֆրանսիան, Գերմանիան եւ Իսպանիան:

Լուսանկարը` uefa.com


Բայց ամեն ինչ այլ ելք ունեցավ: Խոշոր հաշվով աչքի չընկած Պորտուգալիայի հավաքականը, որը անգամ խմբային փուլը հաղթահարել էր 3-րդ տեղով, հասավ եզրափակիչ: Այստեղ էլ առանց առաջատար Ռոնալդուի, որը վնասվածք էր ստացել ու փոխարինվել, կարողացավ հաղթել տանտերերին՝ ֆրանսիացիներին:

Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության գավաթն ուղեւորվեց Պորտուգալիա: 

Էնդի Մարեյ

Բրիտանացին խոստովանել է, որ 2016-ն իր տարին էր: Նա կարողացավ տանել բազմաթիվ հաղթանակներ, գրանցել ռեկորդներ ու արժանանալ ցանկալի տիտղոսների:

Էնդի Մարեյն այս տարի մինչեւ մայիս կայացած մրցաշարերում կամ պարտվում էր եզրափակչում, կամ էլ պայքարը լքում ավելի վաղ փուլերում: Արդեն մայիսին նա Հռոմում առավելության հասավ Նովակ Ջոկովիչի նկատմամբ ու սկսեց առաջ շարժվել:

Լուսանկարը` eurosport.com


Ուիմբլդոնի մրցաշարում նա հաղթողի հավակնորդներից մեկն էր: Հաղթելով բոլոր մրցակիցներին՝ մտավ եզրափակիչ ու երեք սեթում հաղթեց Միլոշ Ռաոնիչին:

Ուիմբլդոնին հաջորդեցին Ռիոյի Օլիմպիական խաղերը: Մարեյը, որը Լոնդոնի խաղերում ոսկե մեդալակիր էր դարձել, այստեղ եւս անկասելի էր: Խուան Մարտին դել Պոտրոյի դեմ եզրափակիչ հանդիպումը տեւեց 4 սեթ ու ավարտվեց բրիտանացու հաղթանակով:

Սրանից հետո նա իրար հետեւից հաղթեց չորս մրցաշարում՝ Պեկին, Շանհայ, Վիենա, Փարիզ, եւ դարձավ աշխարհի առաջին ռակետը: Այսքանով էլ բրիտանացին չբավարարվեց ու տարվա վերջին՝ ATP ամփոփիչ մրցաշարի եզրափակչում ընդամենը երկու սեթում առավելության հասավ Նովակ Ջոկովիչի նկատմամբ:

Մայքլ Փելփս

2012-ի Օլիմպիական խաղերից հետո Մայքլ Ֆելփսը հայտարարեց, որ ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան: Լողի սիրահարները, սակայն, հավատացած էին, որ նա դեռ կարող է նոր տիտղոսներ նվաճել: Ռիոյի Օլիմպիադայից գրեթե երկու տարի առաջ ամերիկացին հայտնեց, որ վերադառնում է ու պատրաստվում է կրկին մեդալներ նվաճել:

Այս անհավանական ուժի տեր լողորդը, որն Օլիմպիական խաղերում նորամուտը նշել է 15 տարեկանում, Ռիոյում մասնակցեց իր 5-րդ խաղերին: Լողավազանում երկրպագուներից շատերը հավաքվում էին հենց Ֆելփսի ելույթներին հետեւելու համար:

Լուսանկարը` sportingnews.com


Օլիմպիական խաղերում նա նվաճեց 6 մեդալ, որից 5-ը ոսկե եւ 1-ն արծաթե: Նա իր Օլիմպիական մեդալների թիվը հասցրեց 28-ի՝ 23 ոսկե, 3 արծաթ եւ 1 բրոնզ: Ֆելփսը միակ մարզիկն է, ով կարողացել է նման արդյունք գրանցել:

Ուսեյն Բոլտ

Լավագույն աթլետներից մեկը Ռիո դե Ժանեյրո էր մեկնել հերթական մեդալների ակնկալիքով: Աշխարհի ամենահայտնի վազորդ Ուսեյն Բոլտը մեկ անգամ եւս ապացուցեց, որ լավագույնն է ու առայժմ անգերազանցելի:

Լուսանկարը` Getty Images


Ճամայկացին նույնիսկ խոստովանեց, որ իրեն համարում է մեծագույն մարզիկ, իսկ դրա մասին խոսում են իր ցույց տված արդյունքները:

Օլիմպիական խաղերում նա նվաճեց երեք ոսկե մեդալ՝ 100 եւ 200 մ վազք, 4x100 մ փոխանցումավազք: Օլիմպիադաներում նա իր տիտղոսների թիվը հասցրեց 9-ի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին