Ապրիլ 25, 2024
exclusive
20178 դիտում

Արոնյան. Փնտրում եմ նորը, բացահայտում գաղտնիքներն ու բազմաշերտությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` tsaghkadzor2015.fide

Լուսանկարը` grandchesstour.com


Լեւոն Արոնյանն այն եզակի մարդկանցից է, որի հետ կարող ես խոսել ամենատարբեր թեմաներից: Հետաքրքիր, բանիմաց ու ամեն ինչից տեղյակ զրուցակից ունենալը, թերեւս, ամենակարեւորն է:

Այս անգամ Լեւոնի հետ հանդիպելու հիմնական առիթը մեր հատուկ նախագծերից «Անմոռանալի հաղթանակ» -ին նվիրված նյութ պատրաստնել էր, սակայն ստացվեց բոլորովին այլ բան:

Մի բաժակ թեյն ու պարզապես զրուցելն աստիճանաբար վերածվեց շախմատի, գեղեցիկի, գրքերի ու ամեն ինչը խորն ուսումնասիրելու մասին զրույցի:

Ես սիրում եմ շախմատ պարապել, ուղղակի պետք է դրա համար ուժ գտնեմ: Յուրաքանչյուրն իր թերությունն ունի, միգուցե իմն էլ դա է: Հավատում եմ, որ ամեն մարդ ունի իր ճանապարհը եւ գտնում եմ, որ իմ առաքելությունը շախմատ խաղալն է, իսկ թե ինչի կհասնեմ դրա շնորհիվ՝ դեռ չեմ մտածել:

Լուսանկարը` Photolure


Իմ խնդիրը՝ ցույց տալ լավագույն խաղս եւ հաղթել: Ես մարզիկ եմ, իսկ մարզիկները պարտվել չեն սիրում: Եթե նստել եմ խաղատախտակի մոտ, ուրեմն պետք է հաղթեմ:

Շախմատիստ լինելը հեշտ բան չէ. տնից բացակայելը, հյուրանոցները կամ ինքնաթիռները հոգնեցնում են: Բայց ինձ պահում է իմ առաքելությունը՝ լավագույն խաղս ցուցադրելու մեծ ցանկությունը:

Անկեղծ ասած, գրեթե, միշտ դժգոհ եմ իմ խաղից: Շախմատը մի պարտիա չէ, դու խաղում ես մի ամբողջ մրցաշար, իսկ վրիպումներ միշտ լինում են: Ես անընդհատ փորձում եմ ուղղվել, ընդհանրապես, մարդը պետք է ժամանակի հետ փոխվի: Ինձ մոտ փոփոխություններն ամեն օր են լինում:

Երբ փոքր էի, մտածում էի, որ ուժեղագույն շախմատիստներն ուրիշ ձեւ են լինում: Հետո, երբ ծանոթացա ու շփվեցի նրանց հետ, հասկացա, որ իրականությունն ու պատկերացումները շատ տարբեր են:

Շատ ուժեղ շախմատիստները հստակ ճանապարհ են անցել ու դեռ շատ փոքր տարիքում կտրվել ամեն ինչից: Ինձ մոտ ամեն ինչ այլ կերպ է եղել, ոչ ոք չի ասել, որ 15 տարեկանում չեմպիոն կդառնամ: Նույնիսկ 19 տարեկանում մտածում էի շարունակե՞մ շախմատով զբաղվել, թե ոչ:

Լուսանկարը` grandchesstour.com


Ես շատ մոտ եմ ժողովրդին, նրա մեջ եմ, գիտեմ բոլոր դժվարությունները: Տարիների ընթացքում իմ ամբիցիաներն ավելի արագ աճեցին: Երբ ինչ-որ հաջողության էի հասնում ու ուզում էի ավելի ուժեղ մրցաշարերում խաղալ կամ ավելի շատ գումար վաստակել, իմ ընտանիքը չէր ըմբռնում դա: Իրենք չէին զգում, որ ես ավելիին եմ պատրաստ, կարծում էին, որ դա է իմ հնարավորությունների սահմանը: Իսկ ես գիտեի, որ ավելին եմ կարող:

Եթե ոչ այդքան ուժեղների հետ ես հանդիպում, հարմարվում ես նրանց, իսկ երբ ձգտում ես հանդես գալ ուժեղագույների հետ, առաջին հերթին ինքդ քեզ ես մարտահրավեր նետում ու պարտադրում լավ ելույթների:

Օրինակ բերեմ: Ես սիրում եմ վազել ու գիտեմ, որ առանց դժվարության կարող եմ 30 կմ հաղթահարել: Բայց եթե 10 կմ-ով բավարարվեմ, ինչքան էլ հետո ինձ համոզեմ, չեմ կարողանա ավելի շատ վազել: Ես իմ առջեւ ի սկզբանե դնում եմ հստակ նպատակ ու գնում դեպի այն:

Իմ կարծիքով ու խորհուրդներով միշտ կիսվում եմ, բայց չեմ սիրում պարզապես կողքից խոսել ու խանգարել:

Միշտ մեր շախմատիստներին ասում եմ, որ դուք կարող եք ավելին անել, բայց տեսնում եմ, որ ձգտում չկա: Զարմանում եմ, որ չեմ կարողանում գուշակել մարդու պոտենցիալը, չեմ կարողանում հստակ ասել, կդառնա՞ այս երեխան լավ շախմատիստ, թե ժամանակի ընթացքում կխամրի:

Ես փորձում եմ օգնել իրենց, բացատրել աշխարհի ուժեղագույն շախմատիստների մտածելակերպը: Բայց մի բան էլ եմ հասկացել, որ ինչքան էլ քո փորձով կիսվես, մինչեւ ամեն մեկը չցանկանա ու ինքը չհաղթահարի ինչ-որ դժվարություն, չի ընկալի ասածդ: Մարդ պետք է ինքնուրույն անցնի ճանապարհը, հասկանա ու այդ ժամանակ նոր կընդունի խորհուրդդ:

Լուսանկարը` tsaghkadzor2015.fide


Պետք է խնդիրը խորքային ուսումնասիրել, վերլուծել, ճանաչել ու նոր լուծումներ գտնել:

Վասիլի Իվանչուկն իմ սիրած շախմատիստներից է: Ամեն անգամ, երբ նա շատ հայտնի սկզբնախաղ է խաղում, 15-20 րոպե մտածում է, որովհետեւ փորձում է տեսնել, հնարավո՞ր է նոր լուծում գտնել, որը մինչ այդ չի արել: Կրիտիկական մտածելակերպ, ահա թե ինչ ունեն մեծ շախմատիստները:

Փնտրել նորը, հավատալ, գաղտնիքները բացահայտել, երեւույթի մեջ տեսնել ու գտնել բազմաշերտությունը: Նման ձեւով ես վարվում եմ ինչպես շախմատում, այնպես էլ կյանքում:

Մինչեւ ինչ-որ սկզբնախաղ սկսելը դրա պատմություններն եմ ուսումնասիրում, ուզում եմ իմանալ դրա իմաստությունը: Ես շատ ֆանատիկ եմ ու ոչ միայն շախմատում, ինչով զբաղվում եմ խորը ուսումնասիրության եմ ենթարկում:

Օրինակ հիմա նայում եմ հեռախոսին, իսկ գիտե՞ք ինչու են ստեղնաշարի վրա տառերն այսպես դասավորված (մեզ է հարցնում- խմբ.): Առաջին ստեղնաշարերը տպելու ժամանակ շատ օգտագործվող տառերը իրար կպչում էին ու խանգարում: Դրա համար էլ միմյանցից հեռացրին, ու այսօր ստեղնաշարերի տառերն ունեն այսպիսի դասավորություն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարդալ շատ եմ սիրում: Մի քանի օր առաջ վերջացրի Վարլամ Շալամովի ստեղծագործությունները: Քանի որ շատ ուրախ մարդ եմ, միշտ տխուր գրքեր եմ կարդում կամ տխուր երաժշտություն լսում: Երեւի այդպես ուրախն ու տխուրն իմ մեջ հավասարակշռում են իրար:

Դրական լիցքեր ստանում եմ իմ հարազատներից, երաժշտությունից, գեղեցկությունից: Ամեն օրը կարող է գեղեցիկ լինել, պարզապես քայլես փողոցում ու տեսնել գեղեցիկը: Դա ինձ ապրելու մեծ էներգիա է տալիս: 

Լեւոն Արոնյանի հետ զրուցել են Գոհար Նալբանդյանն ու Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին