exclusive
3059 դիտում

Իսպանական Պրիմերա՝ նորից ջախջախումներ


Լուսանկարը` performgroup.com

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` s.yimg.com

Լուսանկարը` ronaldo7.net

Լուսանկարը` http://static.goal.com/


Հավաքականների խաղերի հետ կապված երկշաբաթյա ընդմիջումից հետո վերսկսվեցին եվրոպական առաջնությունները: Ցավոք, մեր հավաքականը այդ ընդմիջման ընթացքում մեզ դրական հույզեր չպարգեւեց: Շալանդին տալու բազմաթիվ հարցեր են կուտակվել, սակայն դա, ինչպես ասում են, լրիվ այլ պատմություն է, որին մենք դեռ կանդրադառնանք: Իսկ այժմ խոսենք իսպանական Լա լիգայի 12-րդ տուրից:

Տուրում կենտրոնական էր համարվում մրցաշարային աղյուսակում հարեւան «Բարսելոնայի» ու «Սեվիլյայի» հանդիպումը: Թիմերին ընդամենը մեկ միավոր էր բաժանում: Կարո՞ղ էր արդյոք Էմերիի թիմը «Բարսայի» հետ կռիվ տալ: Հիշում եմ, դեռ «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոն զբաղացնելիս Էմերին կարողացել էր նյարդայնացնել կատալոնացիներին «Նոու Կամպում» եւ նույնիսկ խաղի ընթացքում 2-1 հաշվով առավելություն ունենալ: Միայն բավականին ջանքեր թափելով՝ «Բարսելոնային» հաջողվեց հաղթանակ տանել:



Այս անգամ Էմերիի թիմը կարողացավ միայն մեկ խաղակես դիմակայել: Հաշիվը բացեց Մեսսին՝ հիասքանչ տուգանային իրացնելով 21-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 47-րդ րոպեին Ալբայի ինքնագոլից հետո, ինտրիգը, կարծես, վերականգնվեց: Սակայն նույնպես արագ վերացավ. ընդամենը երկու րոպե անց Նեյմարը «Բարսային» առաջ մղեց: Դե, իսկ հետո «Սեվիլյան» պարզապես դաժան «ծեծի» ենթարկվեց:  Եւս երեք անգամ սեվիլյացիների դարպասապահը ստիպված եղավ իր կողմից պաշտպանվող դարպասից գնդակ դուրս բերել: Սկզբում Ռակիտիչը 65-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3:1, Մեսսին, 72-րդ րոպեին՝ 4:1, նույն ինքը 87-րդ րոպեին հեթ-տրիկ գրանցեց՝ դառնալով Պրիմերայի պատմության լավագույն ռմբարկուն: Նա այդպիսով առաջ անցավ Տելմո Սարայից, որը «Ատլետիկի» կազմում խաղալով 1940 թ-ից մինչեւ 1955թ-ը խփել էր 252 գնդակ: Այժմ Լեոյի հաշվին 289 խաղերի ընթացքում խփած 253 գնդակ կա: Դա չտեսնված արդյունք է:

«Բարսելոնայի» խոշոր 5:1 հաշվով հաղթանակի շնորհիվ կատալոնացիները «Սեվիլյայից» 4 միավորներով առաջ անցան: Իսկ վերջինս ցույց տվեց, որ դեռ պատրաստ չէ հավասար պայքար մղել գրանդ-ակումբների հետ: Հիշեցնեմ, որ նախորդ խաղը «Ատլետիկոյի» հետ սեվիլյացիները նույնպես պարտվեցին չորս գնդակների տարբերությամբ՝ 0:4 հաշվով: Միջին թիմերից ու հետնապահներից մշտապես միավորներ ստանալը լավ բան է, սակայն աղյուսակում արժանապատիվ տեղ զբաղեցնելու համար պետք է առաջատարներից էլ պատառներ պոկել, ոչ թե երկու խաղերում ընդհանուր 1:9 հաշվով պարտություն կրել:



Փոքրիկ իսպանական Էյբար քաղաքում շաբաթ օրը տոն էր: Այնտեղ ժամանել էր ինքը «Ռեալը»՝ Չեմպիոնների գավաթակիրը, երկրի ամենատիտղոսավոր թիմը: 5,5 հազար հանդիսատես տեղավորող մարզադաշտը լցված էր եւ առաջ էր մղում իր թիմը ուղիղ դեպի «Ռեալի» ամրոցները: Մադրիդացիները մի որոշ ժամանակ հետարքրքությամբ հետեւեցին «Էյբարի» ջանքերին, որից հետո որոշեցին անտեսել հյուրընկալությունը ու առանց ավելորդ լարվածության ջախջախեցին այդ քաջերին: Ամեն ինչ ավարտված էր արդեն առաջին խաղակեսում, երբ Խամեսը՝ 23-րդ, իսկ Ռոնալդուն՝ 43-րդ րոպեին հաշիվը դարրին 0:2: Երկրորդ խաղակեսում «Ռեալը» արժանավայել տեսքով գնդակ էր գլորում, ու այդպիսով եւս երկու գոլ խփեց: Աչքի ընկան Բենզեման ու Ռոնալդուն՝ 11-մետրանոց հարվածով: Այդ գոլը Ռոնալդուի համար դարձավ 20-րդը 11 խաղի ընթացքում: Այդպիսի արդյունքը հրաշքից բացի այլ բառով հնարավոր չէ բնութագրել (ա՜խ, Ռոնալդու, գոնե նոյեմբերի 14-ին դադար տայիր, երբ Հայաստանի հավաքականը քեզ հյուր էր եկել):

Նշեմ չեմպիոնի՝ մադրիդյան «Ատլետիկոյի» վստահ խաղըը: Թիմը միտք էլ չունի իրենից հեռու թողնել «Ռեալին» ու «Բարսելոնային»: Ինչ կարող է ստացվել դրանից, ցույց տվեց նախորդ մրցաշրջանը, երբ «Ատլետիկոն» երկու ֆավորիտներին էլ դատարկաձեռն թողեց: Այս մրցաշրջանում թիմը վարպետորեն հաղթեց «Մալագային» 3:1 հաշվով եւ ամրապնդվեց 3-րդ տեղում:



Իսկ վստահորեն առաջ ընթացող «Վալենսիան» անսպասելիորեն սայթակեց եւ միավորներ կորցրեց՝ «Լեվանտեի» հետ  դերբիում պարտվելով 1:2 հաշվով:
Առաջատարերի եռյակը կամաց-կամաց առաջ է անցնում: Տեսնենք, թե ինչ պատասխան կտան հաջորդ մրցաշրջանում «Վալենսիան» ու «Սեվիլյան»: 

12-րդ տուրի արդյունքները՝

Բարսելոնա - Սեվիլյա 5-1
Էյբար - Ռեալ 0-4
Ատլետիկո Մ.  - Մալագա 3-1
Ատլետիկ Բ - Էսպանյոլ 3-1
Վիլյառեալ  - Խետաֆե 2-1
Էլչե - Կորդովա 2-2
Լեվանտե - Վալենսիա 2-1
Ռայո Վալյեկանո - Սելտա 1-0
Դեպորտիվո - Ռեալ Սոսյեդատ 0-0

Մրցաշարային աղյուսակը՝

Ռեալ – 30 միավոր
Բարսելոնա - 28
Ատլետիկո Մ - 26
Վալենսիա - 24
Սեվիլյա – 23.

Ռմբարկուները՝

Ռոնալդու – 20 գնդակ,
Նեյմար - 11,
Մեսսի - 10.

Տեսությունը պատրաստեց Արսեն Սարգսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին