Ապրիլ 23, 2024
exclusive
1996 դիտում

Հաղթահարելով ստվերը. 3 արգելապատնեշներ, որոնք պետք է փշրի Յուրա Մովսիսյանը


Լուսանկարը` zimbio.com

Յուրա Մովսիսյանը
Յուրա Մովսիսյանը

Լուսանկարը` http://www.zastavki.com

Լուսանկարը` http://www.spartak.com

Լուսանկարը` footballtop.ru

Յուրա Մովսիսյանը եւ Մուրատ Յակինը
Յուրա Մովսիսյանը եւ Մուրատ Յակինը

Լուսանկարը` spartak.com

Լուսանկարը` spartak.com


Ռուսաստանի առաջնության վերջին տուրում Յուրա Մովսիսյանը վերջապես  առաջին հանդիպումն անցկացրեց այս մրցաշրջանում՝ փոխարինման դուրս գալով 71-րդ րոպեին: Լուրջ դերակատարություն ունենալ այդ 20 րոպեների ընթացքում հարձակվողին չհաջողվեց, եւ նրա վերադարձը մեծապես ստվերվեց Ռոման Շիրոկովի նորամուտով, ով խաղի վերջում նաեւ հավասարեցրեց հաշիվը՝ դառնալով «Սպարտակի» հերոսն այդ խաղում: Ու ընդհանրապես, Յուրայի բացակայության ընթացքում մոսկովյան այս անհանգիստ ակումբում այնքան բան է փոխվել, որ մեր ֆուտբոլիստը, ով անցած մրցաշրջանում միայնակ իր հետեւից քարշ էր տալիս «Սպարտակի» դին, այսօր հայտնվել է ստվերում:

Mediamax Sport-ը փորձել է հասկանալ, թե ինչ արգելապատնեշներ պետք է փշրի մեր մարտիկը՝ ստվերից դուրս գալու ու արեւի լույսից իր բաժինը ստանալու համար:

Ոչ միայն անորոշ մարտավարությամբ, այլ նաեւ անորոշ ազգությամբ մարզիչ

Մուրատ Յակինի նշանակման առաջին ռեակցիան հայ ֆուտբոլասերների կողմից կանխատեսելի էր՝ արդյո՞ք ազգությամբ թուրք մարզիչը կկարողանա մեր ֆուտբոլիստի հետ հարաբերություններում դրսեւորել պրոֆեսիոնալ անկանխակալություն, ինչը ենթադրում է նրա շվեյցարական անձնագիրը: Այսօր արդեն ակնհայտ է, որ Յակինն ավելի լուրջ խնդիրներ ունի «Սպարտակում», քանի որ ռուսների հետ աշխատանքը, թերեւս, ավելի բարդ է, քան հայ-թուրքական հարաբերությունները:


Յուրա Մովսիսյանը եւ Մուրատ Յակինը
Լուսանկարը՝ spartak.com կայքից

Սակայն արդյոք Յուրա Մովսիսյանը կտեղավորվի մարզչի մարտավարական դասավորությունում: Առաջին հայացքից՝ այո, քանի որ մարզիչը հիմնականում նախընտրում է 4-2-3-1 սխեման, եւ մեկ առաջ քաշված հարձակվողը այստեղ առանցքային դեր ունի: Մարզիչը հիմնականում նախընտրում է խաղալ պաշտպանությունից, իսկ այս դեպքում շատ կարեւոր է ունենալ հարձակվող, ով կօգտագործի իր սակավաթիվ հնարավորությունները՝ այն, ինչ անում էր Յուրան նախորդ մրցաշրջանում: Սակայն մեր ֆուտբոլիստը այսօր միակը չէ այդպիսին, իսկ վերջնական որոշումը մնում է Յակինի հայեցողությանը: Վերջին խաղից հետո մարզիչը նշել էր, որ Մովսիսյանը կարող է վտանգավոր լինել, սակայն դա ընդամենը ակնարկ էր, որ նա դեռ կստանա իր հնարավորությունը: Իսկ թե ինչպես կօգտվի՝ կախված է միայն Յուրայից:

Արտյոմ Ձյուբա

«Սպարտակի» սան հանդիսացող Արտյոմ Ձյուբան, ամռանը վերադառնալով հարազատ թիմ, տպավորիչ մեկնարկ ունեցավ այս մրցաշրջանում: Մեկնարկային խաղերում նա ոչ միայն դարձավ թիմի գոլահարն ու առաջատարը, այլեւ կարողացավ վերականգնել իր տեղը Ռուսաստանի հավաքականում: Թվում էր, թե Ձյուբան վերջապես գտել է իր խաղը եւ ստիպելու է Յուրային վերադարձից հետո ավելի շատ ժամանակ անցկացնել  պահեստայինների նստարանին, քան դաշտում: Ռուս հարձակվողի օգտին խոսում էին ոչ միայն մարզավիճակն ու ակումբի սան լինելու հանգամանքը, այլեւ Ռուսաստանում գտնվող հայերին մշտապես պակասող ռուսական անձնագիրը, որը լեգեոներների սահմանափակման կանոնի պայմաններում ավելի նախընտրելի էր դարձնում Ձյուբային:


Արտյոմ Ձյուբան
Լուսանկարը՝ uefa.com կայքից

Այսօր արդեն առաջնության մեկնարկից երեք ամիս անց Ձյուբայի դիրքերն այլեւս նույնքան անխախտ չեն թվում: Մի կողմից նա դադարեց գնդակներ խփել, մյուս կողմից էլ չդիմացավ առանց աղմուկի իր անվան շուրջ, եւ վերադարձավ ռուսական մամուլի առաջին էջեր: «Սպարտակի» հետ հարձակվողի պայմանագրի երկարաձգման շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ պարզվեց, որ հարձակվողը բավականին մեծ գումար է պահանջում: Դրան գումարվեց նաեւ տեղեկատվությունը, թե Ձյուբան մերժել է ակումբի նախնական առաջին առաջարկը՝ սպասելով ավելի բարելավված պայմանների: Անմիջապես հետեւեցին «Լոկոմոտիվի» ու ԲԿՄԱ-ի հետաքրքրության մասին լուրերը: Արդյունքում վերջին խաղը Ձյուբան սկսեց պահեստայինների նստարանին:

Թե ինչպես կավարտվեն Ձյուբայի արկածները «Սպարտակում», մեծապես կախված է նաեւ Յուրա Մովսիսյանից: Եթե մեր հայրենակիցը առաջիկա խաղերին վերականգնի իր նախկին մակարդակը, ապա դա կամ վերջնականապես կհանգեցնի Ձյուբայի հերթական տեղափոխությանը, կամ էլ կհանգստացնի ռուս հարձակվողին եւ կմղի նրան առողջ մրցակցության:

Ծանր կյանք «Սպարտակում»

Մովսիսյանը հանդես է գալիս Ռուսաստանի ամենահավակնոտ ակումբներից մեկում, որը, սակայն, վերջին տիտղոսը նվաճել է 11 տարի առաջ: Վերջին տարիներին նվաճումների ծարավը այս ակումբին ստիպում է ոչ թե միավորվել եւ ամրանալ, այլ ավելի շուտ՝ պարբերաբար ցնցվել եւ քայքայվել: Մարզիչների շարունակական փոփոխությունները եւ ակումբի համակարգում առաջացող սկանդալները «Սպարտակի» վերջին տարիների տարբերակիչ առանձնահատկությունն են դարձել:

Նոր մարզչի գալուստը եւս շատ բան չփոխեց: Առայժմ արդյունքը ուշանում է, եւ երկրպագուների դժգոհությունը սպասելի է: Սակայն վերջերս տեղեկատվություն տարածվեց ֆուտբոլիստների եւ մարզչի միջեւ կոնֆլիկտի մասին: Չնայած ակումբում անմիջապես շտապեցին հերքել այս լուրը, սակայն առանց կրակի ծուխ չի լինում: Սա վկայում է, որ Յակինը չդարձավ այն ամուր բռունցքը, որ կկարողանար կարգ ու կանոն հաստատել մոսկովյան ակումբում: Իսկ դա նշանակում է, որ արդյունքին ստիպված կլինենք ավելի երկար սպասել, գուցե եւ անվերջ: Թերեւս, իր առաջին մրցաշրջանը գլխավոր մարզչի դերում ավարտելը կլինի Յակինի ամենամեծ ձեռքբերումը:


Լուսանկարը՝ spartak.com կայքից

Ի՞նչ ունի այստեղ անելու Յուրա Մովսիսյանը:  Տեղափոխությունը «Կրասնոդարից»«Սպարտակ» անշուշտ ընկալվեց որպես առաջընթաց կարիերայում: Սակայն Յուրան արդեն 27 տարեկան է, եւ դեռ չի մասնակցել Չեմպիոնների լիգային, եւ քիչ են հույսերը, որ գոնե այս տարի «Սպարտակը» կկարողանա մրցաշրջանն ավարտել ուղեգրով: Իհարկե, դեռ պետք է սպասենք, թե ինչ խաղամակարդակ կապահովի Յուրան վնասվածքից հետո, սակայն մի բան պարզ է դարձել արդեն հիմա՝ այսօրվա «Սպարտակը» անկարող է մեր ֆուտբոլիստին աճելու հնարավորություն տալ:  Եթե նույնիսկ Յուրան հասնի իր լավագույն մարզավիճակին, թիմի խնդիրները չեն թողնելու նրան իրացնել իր ամբողջ ներուժը: Հաշվի առնելով նաեւ այն, որ Յուրայի տրանսֆերային արժեքը կլինի ոչ պակաս, քան 10 մլն եվրո, նրա տեղափոխությունն այլ ակումբ մոտակա մեկ տարում բավականին բարդ գործարք է դառնում:

Իսկ «Սպարտակի» հետ երկարատեւ պլաններ կապելը ռուսական ռուլետկայի նման մի բան է: Հնարավոր է՝ Յակինին վստահեն եւ նրան հաջողվի գոնե հաջորդ տարի ստեղծել այն «Սպարտակը», որին երկրպագուները սպասում են ավելի քան 10 տարի: Սակայն դա ոչ ոք երաշխավորել չի կարող: Ավելին, Յուրային Մոսկվայում խանգարող գործոնները թերեւս ավելի շատ են, քան օգնող: «Սպարտակի» երկրպագուներն առայժմ ոչ միանշանակ են ընդունում մեր ֆուտբոլիստին, ինչի մասին է վկայում նաեւ նախորդ մրցաշրջանում նրան հետ շպտրված մարզաշապիկը: Ռուսական ֆուտբոլային հանրությունը ւս բարեհաճ չէ հայ ֆուտբոլիստի նկատմամբ, եւ միայն 16 խփված գնդակները նախորդ մրցաշրջանում լռեցրեցին քննադատողներին: «Սպարտակի» նման կոնֆլիկտային կոլեկտիվում Յուրան ամեն րոպե պետք է պատրաստ լինի թիկունքից հարվածի, եւ սա եւս մեկ խոչընդոտ է մեր հայրենակցի համար:

Այնուամենայնիվ, չնայած կուտակված խնդիրներին, բոլորս էլ գիտենք, որ Յուրան հզոր մարտիկ է՝ թե խաղադաշտում, թե դրանից դուրս: Հուսանք, որ վնասվածքներն այլեւս չեն խանգարի մեր ֆուտբոլիստին, իսկ մյուս բոլոր խնդիրները լուծելի են, այդ թվում նաեւ մեր՝ հայ երկրպագուներիս աջակցությամբ:

Կարեն Ռաֆայելյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին