Ապրիլ 19, 2024
exclusive
3962 դիտում

23-ամյա անկախ Հայաստանի սպորտային ամենակարեւոր ձեռքբերումները


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` huffingtonpost.com


23-ամյա անկախ Հայաստանն իր գոյության ոչ այդքան մեծ ժամանակահատվածում կարողացել է իր հետքը թողնել նաեւ համաշխարհային սպորտում: Հայ մարզիկները միշտ էլ աչքի են ընկնել իրենց բացառիկ տաղանդի, աշխատասիրության ու հայրենասիրության շնորհիվ:

Հայաստանն անկախության 23 տարիների ընթացքում ունեցել է Օլիմպիական խաղերի մեկ, աշխարհի առաջնության 11 եւ Եվրոպայի 40-ից ավելի չեմպիոններ:

1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերից մինչեւ 2012 թվականի Լոնդոնի խաղերը հայ մարզիկներին հաջողվել է հայրենիք բերել 12 մեդալ` մեկ ոսկե, 2 արծաթե եւ 9 բրոնզե:

Mediamax Sport-ը շնորհավորում է մեր երկրի 23-ամյակն ու ներկայացնում այդ տարիների ընթացքում ձեռք բերված մարզական ամենանշանակալի ու կարեւոր ձեռքբերումները:

Մութ ու ցուրտ տարիները չխանգարեցին մարզական հաջողություններին

Անկախացումից հետո մարզիկների համար եւս սկսվեցին ծանր ժամանակներ: Մարզագույքի պակասություն, մութ ու ցուրտ դահլիճներ, աշխատավարձի բացակայություն… սակայն, անկախ ամեն ինչից, նրանցից շատերը շարունակեցին պարապել ու ձգտել հաջողություններ գրանցել միջազգային ասպարեզում:

Իսկ արդյունքը երկար սպասել չտվեց: Հայաստանն Աշխարհի առաջնությունում առաջին չեմպիոնը տվեց արդեն 1993 թվականին: Ոսկե մեդալակիր դարձավ բռնցքամարտիկ Նշան Մունչյանը: Նույն տարի անկախ Հայաստանի Աշխարհի չեմպիոն ունեցավ նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտում, իսկ այդ պարգեւին արժանացել էր Աղասի Մանուկյանը:

Այնուհետեւ ամենակարեւոր մրցաշարերից մեկում՝ Աշխարհի առաջնությունում, Հայոց Եռագույնն ամենաբարձր տեղում ծածանվեց ի պատիվ Երջանիկ Ավետիսյանի (հրաձգություն), Արայիկ Գեւորգյանի (ազատ ոճի ըմբշամարտ), Վաղինակ Գալստյանի (հունահռոմեական ըմբշամարտ), Արամ Մարգարյանի (ազատ ոճի ըմբշամարտ), Նազիկ Ավդալյանի (ծանրամարտ,) Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանի (ծանրամարտ) ու Դավիթ Սաֆարյանի (ազատ ոճի ըմբշամարտ):



Անշուշտ, ամենաթարմ հիշողություններն ու ուրախությունը մի քանի օր առաջ Տաշքենդում կայացած ըմբշամարտի Աշխարհի առաջնությունից են:

Այստեղ Հայաստանը դարձավ միակ երկիրը, որը հունահռոմեական ոճի ըմբշամարտում տվեց երկու չեմպիոն: Իսկ այդ պարգեւին մեզ արժանացրին Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը: Անկասկած, Արսենի պատրաստվածությունը, նրա վարած գոտեմարտերի դինամիկան ու խոշոր հաշվով հաղթանակները հավատ էին ներշնչում, որ մեր մարզիկը կանգնելու է ամենաբարձր աստիճանին: Այդպես էլ եղավ: Մեր ըմբիշը հիանալի գործեց ու ապացուցեց, որ այս քաշային կարգի ամենաուժեղ մարզիկը Հայաստանի ներկայացուցիչն է:

Արթուր Ալեքսանյանն արդեն քանի տարի է, չնայած երիտասարդ տարիքին, միշտ մեդալներով է վերադառնում Հայաստան: Եվրոպայի եռակի չեմպիոնը, սակայն, Աշխարհի առաջնությունում միայն արծաթե մեդալ ուներ: Այս տարի նրան հաջողվեց լինել առաջինը: Վստահ, հանգիստ ու մտածված. ահա այսպես գործեց նա Տաշքենդում ու հռչակվեց Աշխարհի չեմպիոն:

1996-2012-ի Օլիմպիադաներում հայ մարզիկները ձեռք են բերել 12 մեդալ

Առայժմ Հայաստանի հավաքականի կազմում Օլիմպիական միակ ոսկուն տիրացել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը: Դա տեղի է ունեցել հեռավոր 1996 թվականին Ատլանտայում անցկացված Օլիմպիական խաղերում:



22-ամյա հայ մարզիկն անհաղթահարելի էր 26-րդ ամառային խաղերում, նա 5 վստահ ու փայլուն հաղթանակ է տոնել` իր ճանապարհին չխնայելով բազմաթիվ տիտղոսակիր մարզիկների: Նազարյանը եւս 2 մեդալ էլ նվաճեց Սիդնեյի ու Աթենքի Օլիմպիական խաղերում, բայց արդեն Բուլղարիայի հավաքականի կազմում: Նա հայազգի 3-րդ հունահռոմեական ոճի Օլիմպիական չեմպիոնն է Լեւոն Ջուլֆալակյանից եւ Մնացական Իսկանդարյանից հետո:

Ատլանտայի Օլիմպիական խաղերում երկրորդ մեդալը նվաճեց մեկ այլ ըմբիշ ու կրկին Արմեն անունով: Ազատ ոճում իր հաշվին մեդալ գրանցեց մինչեւ 48 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Մկրտչյանը: Դա Օլիմպիական խաղերում հայ ազատ ոճայինների նվաճած դեռեւս միակ մեդալն է:

Դրան հաջորդեցին 2000 թ. Սիդնեյի Օլիմպիական խաղերը, ու 25 հոգով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականը վերադարձավ մեկ մեդալով:  Մինչեւ 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ ծանրորդ Արսեն Մելիքյանը:

Օլիմպիական մյուս մեդալին հայ երկրպագուները ստիպված էին սպասել 8 տարի, այդ աննկարագրելի հաղթանակը նրանց պարգեւեց հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը (55 կգ): Հենց նրան էր վիճակված բացել մեր «բրոնզե» շքերթը Պեկինում:

Հունահռոմեականներին հաջողվեց եւս մեկ մեդալ էլ գրանցել իրենց հաշվին՝ աչքի ընկավ  Յուրի Պատրիկեեւը:

Պեկինում 3 օրերի ընթացքում մինչեւ 69, 77 ու 85 կգ քաշային կարգերում հանդես եկող հայ ծանրորդները զգալիորեն ավելացրին մեր հավաքականի մեդալների թիվը:



20 տարեկանում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր դարձավ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը: Նրա «բրոնզե» հաջողությունը կրկնեց նաեւ Գեւորգ Դավթյանը, իսկ ծանրամարտի հավաքականի 3-րդ մեդալը նվաճեց Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը: Վերջին մեդալին Պեկինում տիրացավ բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը:

2 տարի առաջ Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերում  էլ Հայաստանի հավաքականին հաջողվեց ձեռք բերել 3 մեդալ:

Առաջին մեդալը մեր թիմի համար ապահովեց ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ տիրանալով բրոնզի: Նա նորանկախ Հայաստանի առաջին մարզուհին է, ով Օլիմպիական խաղերում մեդալակիր է դարձել: Այդ նույն օրը մեր թիմի գանձարանում եւս մեկ մեդալ էլ ավելացավ: Օլիմպիական խաղերում եզրափակիչ հասած հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը կանգնեց պատվո հարթակի 2-րդ աստիճանին: Վերջին՝ 3-րդ, մեդալն էլ իր անվան դիմաց գրանցեց հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Թիմային ամենամեծ նվաճմանը Հայաստանի շախմատի հավաքականն է հասել

23-ամյա Հայաստանի պատմության մեջ թիմային պայքարում ամենամեծ հաջողությունը գրանցել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը: Իսկ «Ոսկե շրջանի» սկիզբը դրվեց 2006 թվականին, երբ առաջին անգամ Թուրինում կայացած Օլիմպիադայի չեմպիոն հռչակվեց Արշակ Պետրոսյանի գլխավորած թիմը՝ Լեւոն Արոնյան, Կարեն Ասրյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան եւ Արտաշես Մինասյան:




Հայաստանի հաջողությունը պատահական չէր: Իրենց բարձր կարգը հայ շախմատիստներն ապացուցեցին նաեւ երկու տարի անց: Այս անգամ Համաշխարհային Օլիմպիադայի ոսկե մեդալներին նրանք արժանացան Դրեզդենում: Անկասկած, ամենասպասված հաղթանակը եղավ 2012-ին թուրքական Ստամբուլում: Հայաստանի շախմատիստները կրկին անգերազանցելի էին, կրկին լարված ու հետաքրքիր պարտիաներ ու կրկին նրանք հայրենիք վերադարձան ոսկե պարգեւներով:

Իսկ մինչ այդ էլ, 2011-ին էլ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը առաջին տեղն էր գրավել նաեւ Աշխարհի թիմային առաջնությունում:

Mediamax Sport-ն ի սրտե շնորհավորում է բոլոր հայերին անկախության 23-ամյակի կապակցությամբ: Իսկ մարզիկներին մաղթում, որպեսզի միշտ բարձր պահեն Հայաստանի պատիվն ու շարունակեն հաղթանակած վերադառնալ մեր երկիր:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին