Ապրիլ 25, 2024
exclusive
4071 դիտում

«Արսենալի» հակահարվածը չեմպիոնին


Արսենալ - ՄՍ
Արսենալ - ՄՍ

Լուսանկարը` http://www.whoateallthepies.tv/

Լիվերպուլ - Ասթոն Վիլլա
Լիվերպուլ - Ասթոն Վիլլա

Լուսանկարը` http://i.dailymail.co.uk/

Չելսի - Սուոնսի
Չելսի - Սուոնսի

Լուսանկարը` http://informationng.com/

ՄՅ - ԿՊՐ
ՄՅ - ԿՊՐ

Լուսանկարը` http://img.bleacherreport.net/


Անգլիական Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի կենտրոնական հանդիպմանն «Արսենալը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»: Հետաքրքիր էր՝ կկարողանա՞ն արդյոք արսենալցիներն արժանի դիմադրություն ցույց տալ չեմպիոնին:

«ՄՍ»-ն «էմիրեյթս» մարզադաշտ դուրս եկավ նախորդ տուրում «Սթոք Սիթիից» կրած ցավալի պարտությունից հետո՝ հույս ունենալով վերականգնվել իր երկրպագուների առջեւ: Եվ «Արսենալից» ավելի լավ մրցակից դժվար էր մտածել: Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում «ՄՍ»-ն երկու հանդիպումներում խոշոր հաշվով վստահ հաղթանակ էր տարել Վենգերի թիմի նկատմամբ: Սակայն «Արսենալը» նահանջելու տեղ չուներ: Թիմն այնքան էլ հաջող չի մեկնարկել մրցաշարում եւ չէր ցանկանում թույլ տալ հակառակորդին շատ հեռուն գնալ:

Խաղը սկսվեց զգույշ, թիմերից ոչ մեկն առանձնապես չէր պատրաստվում ռիսկի դիմել: Դաշտի տիրոջ իրավունքով «Արսենալը» փորձում էր դիրքային հարձակումներ կազմակերպել՝ հույս ունենալով գտնել հակառակորդի պաշտպանության թույլ տեղերը: «Սիթին»՝ որպես փորձառու թիմ, այնքան էլ դեմ չէր խաղի նման ընթացքին եւ սպասում էր հակառակորդին արագ հակագրոհով հարված հասցնելուն: Եվ այդպիսի հնարավորություն ընձեռնվեց 28-րդ րոպեին: Նավասը եզրից մոտենալով՝ գնդակն ուղարկեց Ագուերոյին, արգենտինացուն մնում էր չվրիպել 6 մետրից, եւ նա չվրիպեց: «Արսենալին» մնում էր միայն առաջ նետվել մեծ ուժով, միաժամանակ, չմոռանալով պաշտպանության մասին. եթե «ՄՍ»-ն խփեր երկրորդ գնդակը, խաղը հետ բերելը գրեթե անհնարին կդառնար: Որոշ ժամանակ Պելեգրինիի թիմը վստահ պահում էր հաշվի նվազագույն առավելությունը, Հարթի դարպասի մոտ առանձնապես վտանգավոր պահեր չէին ստեղծվում: Սակայն 63-րդ րոպեին զինագործների ձեռնարկած գեղեցիկ գրոհը հաջողվում է: Պատ խաղարկելով՝ Ռեմսին եւ Ուիլշիրը ճեղքում են «ՄՍ»-ի պաշտպանությունը, եւ վերջինը գրավում է Հարթի դարպասի մոտակա անկյունը: Ոչինչ չես ասի, շատ դիտարժան կոմբինացիա էր՝ «Արսենալի» լավագույն ավանդույթներին համապատասխան: Քանի դեռ «Սիթին» «մարսում» էր առաջին գոլը, չհապաղեց վրա հասնել նաեւ երկրորդը: 74-րդ րոպեին «Արսենալի» նորեկ Սանչեսը անխոնջ Ուիլշիրի փոխանցումից հետո առաջ մղեց իր թիմին: Հաշիվը հավասարեցնելու համար չեմպիոնին մնում էր 20 րոպե, եւ ի պատիվ «Սիթիի», նրանք կարողացան դա անել: 83-րդ րոպեին Կոլարովի փոխանցումից հետո Դեմիկելիսը արձանագրում է վերջնական հաշիվը՝ 2:2: Դե ինչ, հանդիպման ելքն արդարացի էր, երկու թիմերն էլ արժանի չէին պարտության: Իսկ «Արսենալը» ցույց տվեց, որ կարող է հավասար խաղալ իր անմիջական մրցակիցների հետ, եւ արսենալցիների ձեռք բերած վստահությունը, թերեւս, ավելին արժե:



Մոուրինյոյի «Չելսին» շարունակում է առաջ ընթանալ: «Էվերթոնի» նկատմամբ 6:3 հաշվով հաղթանակին  հաջորդեց 4:2 հաշվով հաղթանակը «Սուոնսիի» նկատմամբ: 4 հանդիպումներում թիմը հասցրել է խփել 15 գնդակ՝ չկորցնելով ոչ մի միավոր: Չգիտեմ, սովորաբար պրագմատիկ թիմի նման արդյունավետությունը կապվա՞ծ է արդյոք Դիեգո Կոստայի գալու հետ, սակայն փաստն անհերքելի է. 15 գնդակից Կոստային է պատկանում գրեթե կեսը՝ 7-ը: Նույնիսկ ամենագետ Մոուրինյոն, հավանաբար, չէր սպասում այդպիսի հաղթական դեբյուտ բրազիլացի-իսպանացուց: «Սուոնսիի» հետ հանդիպմանը Կոստան աչքի ընկավ հեթ-տրիկով: Ընդ որում, «Չելսին» ստիպված էր վերականգնել հաշիվն այն բանից հետո, երբ Թերրին 11-րդ րոպեին գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Հաշիվը հավասարեցնելու համար ազնվականներից պահանջվեց գրեթե ամբողջ խաղակես: Միայն 45-րդ րոպեին Կոստան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Երկրորդ խաղակեսին «Չելսին» ջախջախեց «Սուոնսիին»՝ աչքի ընկնելով եւս երեք անգամ: «Սուոնսին» կարողացավ խփել ընդամենը մեկ գոլ, որը թույլ տվեց կրճատել հաշվի տարբերությունը: Չի կարելի չնշել նաեւ Ֆաբրեգասի հիանալի խաղը. գնդակների մեծ մասը թե թիմը, թե Կոստան խփել են հենց նրա փոխանցումների շնորհիվ: Այս պահին Սեսկը Պրեմիեր Լիգայի լավագույն խաղարկողն է: Կարծում եմ, Ֆաբրեգաս-Կոստա զույգը դեռեւս կփչացնի բազմաթիվ թիմերի նյարդերը թե առաջնությունում, թե ՉԼ-ում:  



Ի վերջո, պոռթկաց «ՄՅ»-ն: Վան Գալի սաները ջախջախեցին «ԿՊՐ»-ին 4:0 հաշվով: Գլխավոր դերում էր Դի Մարիան. նրա հաշվին գրանցվեց մեկ գոլ եւ գոլային փոխանցում: Այս հանդիպմանն աչքի ընկավ նաեւ «ՄՅ»-ի մյուս հզոր ձեռքբերումը՝ Ֆալկաոն: Տեսնենք, թե ինչպես կդրսեւորի իրեն «ՄՅ»-ի Ֆալկաո-Ռունի-վան-Պերսի հզոր հարձակման գիծը: Համաձայնեք, շատ սարսափազդու է հնչում:

4-րդ տուրի արդյունքները.

Լիվերպուլ - Ասթոն Վիլլա 0-1
Չելսի - Սուոնսի 4-2
Սաութհեմփթոն - Նյուքասլ 4-0
Կրիստալ Փելաս - Բյորնլի 0-0
Սթոք - Լեսթեր 0-1
Սանդերլենդ - Տոտենհեմ 2-2
Վեսթ Բրոմվիչ - Էվերթոն 0-2
Արսենալ - ՄՍ 2-2
ՄՅ - ԿՊՐ 4-0
Հալլ - Վեսթ Հեմ 2-2

Առաջատարներ.

Չելսի - 12 միավոր,
Ասթոն Վիլլա - 10,
Սուոնսի - 9:

Տեսությունը պատրաստեց Արսեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին