Ապրիլ 20, 2024
exclusive
2131 դիտում

Պատանեկան Օլիմպիադա. 7 մեդալներ, 50%-ոց արդյունավետություն ու չիրականացված երազանքներ


Նանջինգյան Օլիմպիադա
Նանջինգյան Օլիմպիադա

Լուսանկարը` nanjing2014

Նանջինգյան Օլիմպիադա
Նանջինգյան Օլիմպիադա

Լուսանկարը` nanjing2014

Հակոբ Մկրտչյանը
Հակոբ Մկրտչյանը

Լուսանկարը` nanjing2014

Հրաչիկ Բաբայանը
Հրաչիկ Բաբայանը

Լուսանկարը` nanjing2014

Սարգիս Հովսեփյանը
Սարգիս Հովսեփյանը

Լուսանկարը` nanjing2014

Սիմոն Մարտիրոսյանը
Սիմոն Մարտիրոսյանը

Լուսանկարը` masisspot.com

Վաղինակ Մաթևոսյանը
Վաղինակ Մաթևոսյանը

Լուսանկարը` nanjing2014

Զավեն Միքայելյանը
Զավեն Միքայելյանը

Լուսանկարը` nanjing2014

Նարեկ Մանասյանը
Նարեկ Մանասյանը

Լուսանկարը` nanjing2014


Նանջինգում ավարտվեցին 2-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ հավաքվել էին աշխարհի բոլոր ուժեղագույն պատանի մարզիկները: Նրանցից շատերին մենք դեռ կտեսնենք մեծահասակների մրցաշարերում փայլելիս ու սպորտային ամենաբարձր նվաճումներին հասնելիս: Պատանեկան տարիքում նմանատիպ մրցաշարի մասնակցելն ու առավել եւս մեդալներ նվաճելն, անկասկած, հետագա ողջ կարիերայի հիանալի սկիզբ կհանդիսանա:

Մեզ համար հատկապես ուրախալի է, որ նանջինգյան պատվոհարթակներին կանգնեցին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Օլիմպիական խաղերում մեր մարզիկների արդյունքներն իսկապես գոհացուցիչ էին ու տպավորիչ: 14 ներկայացուցիչներից մեդալներ են նվաճել 7-ը: Մեր մարզիկները հանդես են եկել 50 տոկոսանոց արդյունավետությամբ, իսկ ներկայացված 9 մարզաձեւերից  մեդալային են եղել 4-ը:



Հայ մարզիկները գերազանցել են Սինգապուրի Օլիմպիադայի արդյունքները

Նանջինգյան խաղերում հայ մարզիկներն անհամեմատ բարելավել են արդյունքները Սինգապուրի Օլիմպիադայի համեմատ: 2010-ին էլ Հայաստանի Օլիմպիական թիմը մրցավայր էր մեկնել 14 մարզիկներով, սակայն նրանք ներկայացնում էին 11 մարզաձեւեր: Մեդալներ նվաճել հաջողվել էր 4-ին, սակայն ոսկե ավար այն ժամանակ մեր գանձարանում չկար: Արծաթե մեդալով վերադարձել էր ծանրորդ Գոռ Մինասյանը, իսկ Սմբատ Մարգարյանը (ծանրամարտ), Դավիթ Ղազարյանը (ձյուդո) եւ Արտակ Հովհաննիսյանը (ըմբշամարտ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ:
Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանը գրավել էր 67-րդ տեղը:

Նանջինգում ավելացել է ոչ միայն մեդալների թիվը, այլ փոխվել է  նաեւ գույնը: Այս անգամ հաջողվել է ձեռք բերել 2 ոսկե, 2 արծաթե ու 3 բրոնզե մեդալ ու մեդալների թիմային հաշվարկում Սլովենիայի հետ կիսել 29-30-րդ  տեղը: Օլիմպիադային մասնակցել են 204 երկրների 3808 մարզիկներ:



Հայկական ծանրամարտը շարունակում է «ոսկե» մնալ

Ծանրորդները կրկին ապացուցեցին, որ իրենց վրա ոչ միայն կարելի է, այլ պետք է հույս դնել: Հայաստանում հենակետային համարվող մարզաձեւի ներկայացուցիչները կրկին մեզ երես տվեցին իրենց նվաճումներով:

2 ոսկե մեդալ, ու 2-ն էլ Հայաստանի հավաքականի համար ապահովեցին ծանրորդները: Նախ ուրախացրեց 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը, որը ցույց տվեց երկամարտի 319 կգ արդյունքը, այնուհետեւ նաեւ նրա թիմակիցը՝ Սիմոն Մարտիրոսյանը (94 կգ):

Դա  ծանրորդի 2-րդ ոսկե մեդալն էր այս տարի: Նախ նա գարնանը կայացած երիտասարդների Եվրոպայի առաջնությունում էր փայլուն ելույթ ունեցել ու սահմանել Աշխարհի 2 ու Եվրոպայի 1 ռեկորդ: Այդ էր պատճառը, որ նրանից լավ արդյունք էր ակնկալվում նաեւ Օլիմպիադայում:

Մարտիրոսյանն անչափ գեղեցիկ ու տպավորիչ ելույթ ունեցավ Նանջինգում: Նա մրցակցությունից դուրս էր, ու պարզապես ինքն իր հետ էր պայքար ծավալում ավելի մեծ քաշ բարձրացնելու համար: Արդյունքում Մարտիրոսյանը երկամարտում հավաքեց 391 կգ ու սահմանեց պատանիների Աշխարհի ռեկորդ: Երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկը հայ ծանրորդին զիջեց 55 կգ:



Օլիմպիական արծաթը հրաձգության ու ըմբշամարտի հաշվին է

1-ին արծաթե ու առհասարակ առաջին մեդալը Հայաստանի համար Օլիմպիադայում նվաճել է հրաձիգ  Հրաչիկ Բաբայանը: Չի կարելի ասել, որ մեդալն ասպասելի էր, սակայն ուրախալին այն է, որ նման խոշոր մրցաշարում հայ հրաձիգները վաղուց այսպիսի հաջողության չէին հասել:

Բաբայանը 10 մ հրացան ձեւում հանդես եկավ չափազանց հաջող ու 204,3  միավորով գրավեց 2-րդ տեղը:

Օլիմպիադայում արդյունավետությամբ երկրորդ տեղը զբաղեցրեց ըմբշամարտը, հենց այս մարզաձեւի ներկայացուցիչներն են նվաճել 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ:

Արծաթը հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանի (58 կգ) հաշվին է: Նա առանց դժվարության հասավ եզրափակիչ ու միակ պարտությունը կրեց Արսլան Զուբաիռովից (Ռուսաստան):

Մենապայքարային մարզաձեւերն էլ ապահովել են բրոնզը

Բրոնզե մեդալները Հայաստանի Օլիմպիական հավաքականի համար նվաճել են մենապայքարային մարզաձեւի ներկայացուցիչները:

Պատվոհարթակի 3-րդ աստիճանին են կանգնել բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (81 կգ), ազատ ոճի ըմբիշներ Վաղինակ Մաթեւոսյանն (54 կգ)  ու Սարգիս Հովսեփյանը (74 կգ):

3-րդ տեղի համար մենամարտում Մանասյանը 2-1 հաշվով առավելության հասավ բրիտանացի Վիդալ Ռիլեյի նկատմամբ:

Մաթեւոսյանը 3-րդ տեղի համար պայքարում 4-0 հաշվով հաղթեց Աբդուլա Ալի Էբրահիմին (Յեմեն), իսկ Հովսեփյանը 4-1 հաշվով ուժեղ էր Արտուրո Կառլոս Մենդեսից (Կոլումբիա):



Բացթողումները հետագայում կօգնեն ավելի մեծ նվաճումների հասնել

Օլիմպիադայից մեդալներով են վերադառնալու այդ մարզիկները, սակայն մնացած 7-ը մնացել են ձեռնունայն: Նրանցից ոմանց համար խաղերն իրենց ուժերին ծանոթանալու հնարավորություն տվեցին, ոմանք հասկացան, որ դեռ ավելի շատ աշխատելու տեղ ունեն, մյուսներն էլ պարզապես հանդես եկան իրենց հնարավորություններից ցածր:

Կրկին համոզվեցինք, որ որոշ մարզաձեւերում Հայաստանի ներկայացուցիչները դեռ դժվարանում են մրցակցություն ծավալել, ու բավականին ժամանակ է անհրաժեշտ իրենց խոսքն ասելու համար: Սակայն բոլորից էլ մեդալներ ակնկալելը մի քիչ անհավանական կլիներ:

Լավագույն հնգյակում կամ էլ տասնյակում հայտնվելն էլ սեփական ուժերին հավատալու ու նոր հաղթանակների ձգտելու ազդակ կլինի պատանի մարզիկների համար:

Օլիմպիական հայտացուցակում իրենց սպորտային կուռքերի անվան առաջ Ալբերտ Ազարյան, Վիկ Դարչինյան, Յուրի Վարդանյան, Հռիփսիմե Խուրշուդյան, Արսեն Ջուլֆալակյան, Դավիթ Համբարձումյան լրացրած մարզիկներն իրենք էլ կարող են տարիներ անց հայկական սպորտի լեգենդների ցանկը համալրել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին