Ապրիլ 24, 2024
exclusive
1845 դիտում

Ինչո՞ւ արժե հետեւել Հայաստանի առաջնությանը


Լուսանկարը` www.ffa.am

Լուսանկարը` www.ffa.am

Լուսանկարը` www.ffa.am


Հայաստանի առաջնության նոր՝ 2014/15թթ. մրցաշրջանում արդեն տեղի է ունեցել 2.5 տուր: Արդյունքներից առայժմ վաղ է հետեւություններ անել, սակայն համեմելով դրանք ամառային զարգացումների հետ՝ Մեդիամաքս Սպորտը առանձնացրել է նոր մրցաշրջանի հիմնական ինտրիգները, որոնք հետաքրքիր են դարձնելու առաջնության ընթացքը:   

Կկարողանա՞ արդյոք “Բանանցը” պաշտպանել չեմպիոնական տիտղոսը

«Բանանցը» Չեմպիոնների լիգայում անդորրական թիմից կրած պարտությունից հետո արժեզրկեց իր նվաճած առաջին չեմպիոնական տիտղոսը: Երբ թիմը նախորդ առաջնության երկրորդ կեսում ընթացք էր հավաքել, իրոք արժանի էր թվում դառնալու Հայաստանի չեմպիոն: Սակայն Հայաստանը Չեմպիոնների լիգայում ներկայացնելու հնարավորությունը նույնքան մեծ նվաճում է, որը կարծես տրվում է որպես պարգեւատրվում եւ հանդիսանում նոր մակարդակ, նոր աստիճան առաջնության թիմերից ամենաուժեղի, նույնն է թե՝ նոր մարտահրավերների պատրաստ ու ծարավ կոլեկտիվի համար: «Բանանցը» ցույց տվեց, որ պատրաստ չէ առաջ քայլ կատարել ակումբային զարգացման իր ճանապարհին: Գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակն ինքը անդորրական խայտառակությունից հետո խոստովանեց, որ իր ֆուտբոլիստների մեծ մասի համար Հայաստանի առաջնության չեմպիոնությունը առաստաղն էր: Իսկ բարձրունքի վրա անշարժ կանգնել հնարավոր չէ: Կամ դժվար ճանապարհ դեպի առաջ, կամ էլ քեզ կգլորեն մի քանի աստիճան ներքեւ: Ցավոք, Հայաստանի առաջնությունում թիմերն այնքան քիչ են, որ մի քանի աստիճան ներքեւը նշանակում է վերջին հորիզոնական: Թերեւս, նման հեռանկարներ «Բանանցին», այնուամենայնիվ, չի սպառնում, քանի որ կա ավելի վատ թիմ, որը կրկին ներքեւ է գլորվել բարձրունքից:

«Բանանցը» ամռանը բավականաչափ չվերափոխվեց շարունակական զարգացում արձանագրելու համար: Թիմը լքեց ավագ Հովհաննես Համբարձումյանը՝ անմիջապես Չեմպիոնների լիգայի հանդիպումներից առաջ, ընդ որում՝ ոչ թե տեղափոխվելով եվրոպական ինչ-որ գրանդ, այլ մակեդոնական «Վարդար», որում միակ տարբերությունը վճարված գումարի չափն է: Սա, իհարկե, հոգեբանական կոտրվածք հասցրեց «Բանանցին», որը փորձում էր կայանալ որպես կոլեկտիվ, եւ քարուքանդ արեց այն արժեքային հիմքը, որը ձեւավորվել էր չեմպիոնությունից հետո եւ որի վրա կարելի էր ինչ-որ բան կառուցել: Թիմը լքեցին նաեւ Ուչա Գոգոլաձեն եւ Պետր Շտեֆանովսկին: Վերջինս նույնպես բավականին զգալի կորուստ էր: Համալրումները քիչ էին եւ ոչ շատ էական: Թիմ վերադարձած սլովակ Լյուբոշ Հանցելը մրցակցություն կստեղծի պաշտպանությունում: «Արարատից» «Բանանց» տեղափոխվեցին Նորայր Գրիգորյանն ու Գեւորգ Նռանյանը: Վերջինս առաջնության երկրորդ խաղում դուբլ գրանցեց իր նախկին թիմի հետ խաղում: Սակայն, ընդհանուր առմամբ, սա այն թարմացումը չէ, որ կարող է թիմին տանել առաջ: Առաջին չեմպիոնական տիտղոսը տրվեց ֆուտբոլիստների գերմոտիվացիայի եւ մրցակից թիմերի խնդիրների զուգադիպման արդյունքում: Նման բան ամեն անգամ չի կրկնվում:

Միեւնույն ժամանակ, բացառված չէ, որ թիմը շատ արագ շրջանցի կուտակված խնդիրների հերթական ցիկլը, եւ առաջնության երկրորդ կեսին ներկայանա որպես մարտունակ թիմ: Այդ ժամանակ կրկին կարելի է կիրառել «առիթից օգտվելու» մարտավարությունը, որը նախորդ առաջնությանը հաղթող բանաձեւ դարձավ:

Ո՞ւր կհասցնեն «Շիրակին» նոր լեգեոներները



Հայկական ֆուտբոլում ակումբը բիզնեսի տրամաբանությանը ենթարկելու միակ բանաձեւը ֆուտբոլիստների աճեցումն ու վաճառքն է: Այս մոդելը ժամանակին փորձում էր կիրառել «Փյունիկը», եւ որոշակի հաջողություններ եղան: Այժմ միակ թիմը, որ կարծես փորձում է շարժվել այս տրամաբանությամբ, Գյումրու «Շիրակն» է, որը փորձում է մասնագիտանալ աֆրիկացի լեգեոներների հայտնաբերման, նրանց աճեցնելու եւ եվրոպական ակումբներ ուղարկելու հարցում: Նախորդ տարի թիմը Բելգրադի «Պարտիզանին» վաճառեց հարձակվող Ֆոֆանա Բեկոյին: Այս ամառ Լի Լյամին Յորոն տեղափոխվեց պորտուգալական «Բոավիշտա», իսկ Դամե Դիոպը՝ չեխական «Սլավիա»: Ակումբը պնդում է, որ երկու ֆուտբոլիստների տրանսֆերների դիմաց էլ գումար չի ստացել: Նախագահ Արման Սահակյանի խոսքերից կարելի է ենթադրել, որ նրանք առայժմ աշխատում են եվրոպական ճանապարհը հարթելու վրա, իսկ որոշ ժամանակ անց, երբ «Շիրակը» Եվրոպայում կընկալվի որպես երիտասարդ ֆուտբոլիստների ձեռքբերման հարթակ, այն ժամանակ էլ կհետեւեն համապատասխան ֆինանսական մուտքերը: Հարկ է նշել՝ ակումբը բավականին հմտորեն եւ հետեւողականորեն է ընտրում լեգեոներներին՝ շատ հաճախ ելնելով ոչ թե թիմին օգուտ տալու, այլ հետագայում հարմար վաճառքի հեռանկարից:

Այս ամառ եւս հերթական աֆրիկական դեսանտը իջավ Գյումրի: Վարդան Բիչախչյանի թիմի կազմը համալրեցին Սթիվ Անոման, Դրիսսա Դիարասսուբան եւ Ժան-Ժակ Բուգուին: Վերջինս այժմ 3 գնդակով Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկուն է, չնայած մասնակցել է ընդամենը 2 հանդիպման: Եվս մեկ ֆուտբոլիստի՝ գանացի Էմանուել Գյամֆիի տրանսֆերի հաստատումը առայժմ ձգձգվում է Գանայի ֆուտբոլի ֆեդերացիայի պատճառով: Բոլոր այս ֆուտբոլիստները երիտասարդ են, նրանցից ամենատարեցը 22 տարեկան է եւ բավականին տաղանդավոր, ակտիվ ու կրակոտ: Իրենց թիկունքում ունենալով Բեկոյի, Յորոյի եւ Դիոպի փորձը՝ նրանք «Շիրակը» ընկալում են որպես կամուրջ դեպի Եվրոպա, ինչը ստիպում է նրանց ներդնել բոլոր ուժերը խաղադաշտում եւ ցույց տալ առավելագույնը: Շատ կարեւոր է, որ նրանք Հայաստան են եկել ոչ թե գումար վաստակելու, ինչպես շատ լեգեոներ ֆուտբոլիստներ, այլ եկել են իրենց երազանքի հետեւից: Հենց դա է ստիպում նրանց էականորեն տարբերվել մյուս լեգեոներներից եւ միաժամանակ օգուտներ արձանագրել «Շիրակի» համար:

Սա «Շիրակի» գլխավոր հաղթաթուղթն է արդեն մի քանի տարի: Բուգուիի խփած գոլերի շնորհիվ Գյումրվա թիմը 100 տոկոսանոց արդյունք ունի երկու տուրերից հետո: Անշուշտ, թիմը կշարունակի պայքար մղել չեմպիոնական տիտղոսի համար, եւ նվազագույնը կհավակնի եվրոգավաթների ուղեգրերի: Սակայն, տպավորությունն այնպիսին է, որ ակումբում ավելի շատ հետաքրքրված են բիզնես-ցիկլի այս նախնական ու դժվարին փուլի հաղթահարման գործընթացով, իսկ մարզական բաղադրիչն երկրորդ պլանում է: Ակումբը ամեն կերպ միջազգային համագործակցություն է կառուցում՝ մեր հարեւաններից սկսած մինչեւ օվկիանոսից այն կողմ: Ինչքանո՞վ «Շիրակը» լուրջ կմոտենա չեմպիոնական պայքարին եւ ու՞ր կհասցնեն նրան նոր լեգեոներները, սա եւս նոր առաջնության գլխավոր ինտրիգներից է:

Կշարունակե՞ն արդյոք նախկին հետնապահները մեր առաջնության ավանդույթը

2013թ. Բարձրագույն խմբի չեմպիոն հռչակվեց նախորդած առաջնությունում նախավերջին տեղը գրաված «Շիրակը»: Նույն այդ առաջնությունում վերջին տեղ գրաված «Բանանցը» այս տարի դարձավ առաջինը, իսկ նրա հիմնական մրցակիցը չեմպիոնական պայքարում «Արարատն» էր, որը մեկ մրցաշրջան առաջ նախավերջինն էր: Հայաստանի յուրաքանչյուր հաջորդ առաջնությունում թիմերի դասավորությունը գլխիվայր շուռ է գալիս ավազե ժամացույցի նման: Հաշվի առնելով ամառային զարգացումները հայկական ֆուտբոլում, կարելի է հստակ ասել, որ նման սցենարը բացառված չէ նաեւ այս մրցաշրջանում:
Նախորդ մրցաշրջանում Բարձրագույն խմբում իր առաջին քայլերը կատարող «Ալաշկերտը» մեկ մրցաշրջանում հասցրեց ավարտել նորեկին բնորոշ բոլոր անտրամաբանական քայլերի ցանկը՝ սկսած անհասկանալի լեգեոներների ձեռքբերումից մինչեւ մարզչի դերում ակումբի նախագահի հայտավորում: Հիմա արդեն ակումբն առաջ է շարժվում ավելի խելացի, գցում է կես քայլ, բայց հստակ ու անսասան: Ակումբի զարգացման գործի համար ներգրավվել են մի շարք ֆուտբոլային մասնագետներ՝ Արմեն Գյուլբուդաղյանցը՝ որպես գլխավոր մարզիչ, Աբրահամ Խաշմանյանը՝ որպես ակադեմիայի ղեկավար եւ Վարուժան Սուքիասյանը՝ որպես սելեկցիայի պատասխանատու: Պրոֆեսիոնալ աշխատանքը մի քանի ճակատներով վաղ թե ուշ տալու է իր արդյունքները, իսկ մինչ այդ «Ալաշկերտը» կատարել է մի քանի համալրումներ, որոնք կօգնեն թիմին այս մրցաշրջանում: Դրանք են՝ Էդգար եւ Գոռ Մալաքյանները, Տիգրան Գրիգորյանը, Արման Հովհաննիսյանը, Արտակ Անդրիկյանը, Սեմյոն Մուրադյանը եւ այլոք: Առաջնության երեք տուրերից հետո «Ալաշկերտը» հասցրել է ճաշակել թե հաղթանակի, թե ոչ ոքիի եւ թե պարտության համը: Կարծում ենք, թիմը տուրից տուր բարելավելու է իր խաղը եւ կարող է պայքարել առաջնությունը մրցաշարային աղյուսակի առաջին կեսում ավարտելու, ինչու չէ՝ նաեւ մրցանակային տեղերի համար:

«Ուլիսի» մոտ վիճակը ավելի խառն էր, ավելի տարերային: Դեռ մեկ ամիս առաջ թիմը դատապարտված էր դադարեցնելու իր գործունեությունը, սակայն շուտով գտնվեցին նոր հովանավորներ, ովքեր ստեղծեցին ամբողջովին նոր թիմ: «Ուլիսը» համալրեցին Աղվան Պապիկյանը, դարպասապահ Արսեն Բեգլարյանը, Արտակ Ալեքսանյանը եւ այլ հայ ֆուտբոլիստներ, Էդվարդ Կպոդոն, Սերգեյ Օվչիննիկովը եւ մի խումբ այլ լեգեոներներ, նույնիսկ ֆուտբոլիստներ, որոնք կարծես ավարտել էին պրոֆեսիոնալ կարիերան, ինչպես Արմեն Տիգրանյանը եւ Հովհաննես Գոհարյանը: Ակումբում առայժմ հախուռն վիճակ է, սակայն կատարված ներդրումները ենթադրում են վերահսկողություն եւ արդյունքներ, ինչը նշանակում է, որ շուտով թիմը կըկնի հունի մեջ եւ հավանաբար կսկսի նաեւ պայքար մղել մրցանակային տեղերի համար: Երկրորդ տուրի խաղում թիմը հաղթանակ տարավ չեմպիոն «Բանանցի» նկատմամբ, ինչը արդեն իսկ նշանակում է, որ թիմը որոշակի մակարդակ ունի: Մնում է այս ամենը վերածել արդյունքների:

Ի՞նչ է մտածել «Փյունիկը»

Նախորդ առաջնությունում գրանցած ոչ այնքան լավ արդյունքներից հետո «Փյունիկը» փոխեց ոչ միայն իր գերբն ու մարզահագուստը, այլեւ քաղաքականությունը՝ հետ կանգնելով միայն սեփական սաների վրա հիմնվելու գաղափարից: Թիմը ամառվա ընթացքում հրաժեշտ տվեց մի քանի ֆուտբոլիստների՝ Գոռ Մալաքյանին, Աղվան Պապիկյանին, Աշոտ Սարդարյանին, Դավիթ Զաքարյանին, Արման Հովհաննիսյանին եւ այլոց: Փոխարենը ձեռք բերվեցին մի քանի հայ ֆուտբոլիստներ՝ Արտավազդ Բոյաջյանը, Մասիս Ոսկանյանը, դարպասապահներ Արթուր Հարությունյանը եւ Անատոլի Այվազովը, որից հետո դիտակն ուղղվեց դեպի արտասահման: «Փյունիկը» փորձարկեց մի շարք ֆուտբոլիստների, սակայն պայմանագիր կնքել է միայն մեքսիկացի Սեսար Ռոմերոյի, ամերիկացիներ Ջոն Լանդա Մատկինի եւ Էդգար Գոնսալեսի հետ: Սեսար Ռոմերոն հասցրել է դառնալ մեկ գոլի հեղինակ եւ թողնել լավ տպավորություն:
Նման փոփոխությունները «Փյունիկում» ինչ-որ բան նշանակում են: Թիմը համեմատաբար նոր մարզչի հետ սկսել է թարմացման բավականին լայնածավալ գործընթաց: Այս գործընթացը միանշանակ թիմին ինչ-որ տեղ տանելու է, քանի որ ոչ մի բան պատահական չի արվում: Ընդ որում, պետք է հասկանալ, որ սա հետապնդում է ինչ-որ կարճաժամկետ նպատակներ, եւ հաշվի առնելով, որ «Փյունիկը» Հայաստանում ունի հավելյալ շարժիչներ միացնելու հնարավորություն, ապա կարելի է ենթադրել, որ շուտով թիմը հերթական անգամ կարող է նվաճել չեմպիոնական տիտղոսը: Միակ հարցն այն է, թե ե՞րբ է այդ շուտովը՝ ա՞յս, թե՞ հաջորդ մրցաշրջանում:

Միաժամանակ, տպավորությունն այնպիսին է, որ «Փյունիկը» հոգնեց ֆուտբոլիստներ աճեցնելուց եւ հիմա էլ որոշեց մարզիչներ աճեցնել: Սարգիս Հովսեփյանը իր մարզչական աշխատանքի առաջին ամիսներին լավ չէր նայվում, իսկ հիմա ավելի վստահ է ու հմուտ: «Փյունիկը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը երեք տուրերից հետո, այն դեպքում, երբ անցկացրել է միայն երկու հանդիպում: Սակայն երկու հաղթանակներից հետո էլ մարզիչը չվարանեց նշել, որ հաղթանակը տրվել է մրցակցի մարտավարության ուսումնասիրության եւ դրան համապատասխան գործողությունների մշակման արդյունքում՝ ոչ ուղղակիորեն մատնանշելով իր վաստակը այդ գործում: Իհարկե, առայժմ Սարգիս Հովսեփյանի մարզչական կարիերան զարգանում է բնականոն հունով, առանց վայրիվերումների, սակայն երբ նա արդեն բավարար փորձ հավաքի, նրան անհրաժեշտ կլինի նվաճումներ՝ առաջ գնալու համար: Հենց այդ ժամանակ էլ տեղ կհասնի չեմպիոնական տիտղոսը եւ կզարդարի մարզչի CV-ին:

Հայաստանի նոր առաջնության ինտրիգները այսքանով չեն ավարտվում: Հետաքրքիր է լինելու հետեւել, թե ինչի կարող է հասնել «Գանձասարը» նոր, բավականին լուրջ մարզչի հետ: Ի՞նչ է կարողանալու անել «Միկան» առանց էական թարմացումների: Մինչեւ ու՞ր կգլորվի «Արարատը», կլինի՞ արդյոք նրա համար վերջին հորիզոնականից ավելի խորը անդունդ: Կբացահայտի արդյո՞ք Հայաստանի հերթական առաջնությունը նոր կադրեր հավաքականի համար: Հայաստանի առաջնությունն էլ ունի իր համեստ հետաքրքրություններն ու ինտրիգները, եւ դրանց կարող եք հետեւել ինչպես մարզադաշտերում, այնպես էլ Մեդիամաքս Սպորտում:

Կարեն Ռաֆայելյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին