Ապրիլ 20, 2024
exclusive
2332 դիտում

Ներդաշնակ, համերաշխ, թիմային. Օլիմպիադայի գործող հայ չեմպիոնները 4-րդ անգամ կփորձեն լինել լավագույնը


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` susanpolgar.blogspot.com

Լուսանկարը` susanpolgar.blogspot.com

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` chessguide.ru

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` (chess-news.ru


Վաղը Տրոմսոյում մեկնարկելու է 41-րդ շախմատային Օլիմպիադան: Կրկին բոլոր հայ շախմատասերների ուշադրությունը սեւեռված է լինելու Հայաստանի ընտրանուն ու նրանցից հաղթական ելույթ են ակնկալելու այս անգամ Տրոմսոյում:

Համաշխարհային Օլիմպիադայի եռակի ու 2011 թվականի Աշխարհի չեմպիոնները վերջին տարիներին շախմատի թիմային մրցաշարերում շատերի ահն ու սարսափն են դարձել: Միշտ մարտական ու հաղթանակի ձգտող հայ շախմատիստները հերթական անգամ մեկնել են բաղձալի ավարի հետեւից:

Համաշխարհային Օլիմպիադաներին Հայաստանի հավաքականը սկսել է մասնակցել հիմնադրման թվականից` 1992-ից։ Եվ հենց առաջին օլիմպիադայում կարողացել է դառնալ բրոնզե մեդալակիր: Հետագայում հայ շախմատիստները եւս երկու անգամ զբաղեցրել են երրորդ հորիզոնականը, իսկ 2006-2012 թվականներին կայացած չորս Օլիմպիադաներից երեքում նվաճել հաղթողի կոչումը:



Հայաստանի ընտրանու հաղթական մեկնարկն Օլիմպիադայում տրվել է 2006 թվականից: Թուրինում անցկացված մրցաշարում հայ շախմատիստները տոնելով թիմային 10 հաղթանակ, 3 անգամ ոչ ոքի խաղալով ու չկրելով ոչ մի պարտություն՝ առաջին անգամ Հայաստանի համար նվաճել են Օլիմպիադայի հաղթողի կոչումը: Այդ մրցաշարում առաջին անգամ օլիմպիական թիմի առաջատարը Լեւոն Արոնյանն է եղել:

Երկու տարի անց էլ Դրեզդենում կայացած Օլիմպիադայում հավասարը չեն ունեցել հայ շախմատիստները: Նոր մրցակարգով անցկացվող Օլիմպիադայում, որտեղ կրճատվել էին մասնակիցների (5) ու խաղափուլերի քանակը (11), մեր ընտրանին թիմային 9 հաղթանակով, 1 ոչ ոքիով եւ 1 պարտությամբ դարձյալ հաղթող է հռչակվել: Իրենց խաղատախտակների վրա փայլուն են հանդես եկել Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը, որոնք նվաճել են ոսկե մեդալներ։ Սարգսյանն, ի դեպ, իր գործակցի համեմատ այդ մրցաշարում ցույց է տվել լավագույն խաղը:

Երրորդ անգամ ոսկուն Հայաստանի հավաքականը տիրացել է 2 տարի առաջ Ստամբուլում կայացած Օլիմպիադայում: Այդ անգամ մեր շախմատիստները նույնպիսի արդյունք են գրանցել, ինչպիսին Դրեզդենում, սակայն միայն լրացուցիչ ցուցանիշներով են կարողացել առաջ անցնել ռուսներից ու հաղթող դառնալ: Ստամբուլում էլ իր խաղատախտակի վրա հավասարը չի ունեցել Լեւոն Արոնյանը:



Այդ նվաճումների շնորհիվ Հայաստանի ընտրանին Օլիմպիադաներում 5-րդ ցուցանիշն ունի` զիջելով ԽՍՀՄ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Հունգարիայի հավաքականներին:  

2004 թվականից սկսած Հայաստանի հավաքականի 3 խաղացողներ մասնակցել են անցկացված բոլոր օլիմպիադաներին: 10 երկար ու ձիգ տարիների ընթացքում թիմում անփոխարինելի են եղել Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը:

Հավաքականում ամենաշատը հանդես է եկել Հակոբյանը, նա 10 անգամ ելույթ է ունեցել օլիմպիադաներում: Ընդհանուր առմամբ, օլիմպիադաներին մասնակցել են 23 հայ շախմատիստներ, որոնցից հաղթողի կոչումը նվաճել են 9-ը՝  Լեւոն Արոնյանը,Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանն ու Սերգեյ Մովսիսյանը:



Այդ ողջ ընթացքում թիմի ղեկին կանգնած է եղել Արշակ Պետրոսյանը, որը մեր ընտրանին մարզում է 1996 թվականից: Նրա գլխավորությամբ են կերտվել 21-րդ դարում հայկական սպորտի ամենամեծ ու նշանակալից հաղթանակները: Պետրոսյանի ստեղծած հավաքականը ներդաշնակության, համերաշխության, թիմային ոգու ու կամային բնավորության իսկական օրինակ է ողջ աշխարհում:

Նման փառավոր ուղի անցած ու 8 տարվա ընթացքում հրաշալի պատմություն կերտած հավաքականից ակնկալիքները միշտ էլ շատ են: Հուսանք, որ նրանք իրենց հաղթանակներով հպարտանալու ու ուրախանալու նոր առիթներ կտան:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին