Ապրիլ 25, 2024
exclusive
7919 դիտում

Զինաթափված «Արսենալն» ու ՊՍԺ-ի ռմբարկու պաշտպանը



Լոնդոնում կրկին արդիական է Վենգեր հեռացիր երկրպագուների երազանքը: Mediamax Sport-ը պեղել է  նաեւ ազգային առաջնությունը, որտեղ մեկ տուրում ստացած կարմիր քարտերն ավելի շատ են, քան բոլոր հանդիպումները:

«Լիոն»-«Մոնակո»: Ֆրանսիական լիգա 1-ի 9-րդ տուրում կայացավ առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկը՝ Լիոնի «Օլիմպիկը» տանն ընդունեց «Մոնակոյին»: Մրցավեճն առանձնահատուկ էր նաեւ նրանով, որ հյուրերի կազմում խաղին չէր մասնակցում թիմի  առանցքային խաղացողներից մեկը՝ Ռադամել Ֆալկաոն, իսկ «Լիոնում» իրավիճակն այլ էր՝ կազմ ու պատրաստ էր Նաբիլ անունով ալժիրյան ֆրանսիացին: Սպասվում էր հակառակ բեւեռների բախում, որի հավասարակշռությունը նախապես խախտված էր:

Խաղի 90 րոպեից հետո թիմերի երկրպագուների աչքերում վառվում էր 2:2 հաշվիվը: Եթե լիներ Ֆալկաոն, «Մոնակոն» իր ստացած 100-տոկոսանոց հնարավորություներից գուցե մեկը կարողանար վերածել գոլի, բայց այդ երեկո հերոսանալու պատիվը վիճակված էր Ֆեկիրին: «Լիոնի» երիտասարդ ավագը մրցավարի կողմից ավելացրած «90+5»-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով 3 միավոր շնորհեց դաշտի տերերին: «Լիոնը» հաղթեց 3:2 հաշվով:



«Ուոթֆորդ»-«Արսենալ»: Լոնդոնի «Արսենալում» վաղուց ժամանակն է հասկանալ ու որոշել. թիմից հեռանում է գլխավոր մարզի՞չը, թե՞ այն ֆուտբոլիստները, ովքեր ամենավճռական պահին զբաղվում են ոչ իրենց բուն պարտականություններով: Դրանց  արդյունքում զինագործները, մեղմ ասած, անհաջող են հանդես գալիս Պրեմիեր լիգայում: Այն խաղերում, որտեղ «Արսենալը» պարտավոր է 3 միավոր վաստակել՝ առաջատարներին հասնելու ու չեմպիոնական մրցավազքին միջամտելու համար, Վենգերի թիմը պարտվում է: Արդյունքում գալիս է երկրպագուների վանկարարկած հանճարեղ միտքը՝ Վենգեր հեռացիր:

Անգլիայի առաջնության 8-րդ տուրի «Ուոթֆորդի» հետ արտագնա խաղում «Արսենալն» առաջինը հասավ հաջողության, բայց հետագայում ոչ միայն մրցակցին թույլ տվեց հավասարեցնել  խաղի հաշիվն, այլեւ մրցավարի կողմից ավելացրած «90+2»-րդ րոպեին գնդակ ընդունեց  դարպասն ու պարտվեց: Թոմ Քլեվերլիի հարվածի ժամանակ «Արսենալի» հենակետային կիսապաշտպան Գրանիտ Ջական մոտակայքում կանգնած շոյում էր քիթը, մինչդեռ Քլեվերլիին չեզոքացնելու պարտականությունը պատկանում էր հենց իրեն:



«Պանատինաիկոս»-«Լարիսա»: Հունաստանի առաջնության 7-րդ տուրն աչքի ընկավ կարմիր քարտերի հրավառությամբ: 8 խաղում գրանցվեց  9 հեռացում: Ինչպես տրամաբանությունն է թելադրում, կարմիր քարտ ստացած թիմերը հիմնականում պայքարում էին չպարտվելու համար: Բացառություն էր միայն «Պանատինաիկոս»-«Լարիսա» մրցավեճը , որտեղ դաշտի տերերը մնացել էին 9 ֆուտբոլիստով, բայց չէին դադարել հավատալ հաջողությանը:

Հիմնական ժամանակում թիմերը 1:1 հաշվի առկայությամբ կիսում էին միավորները: Վճռական դարձավ մրցավարի կողմից փոխհատուցած «90+3»-րդ րոպեն: «Պանատինաիկոսի» ֆուտբոլիստ Օսկար Հիլեմարկի եզրից կատարված փոխանցումից հետո թիմակիցը ցանկանում էր գլխով  գնդակի ուղղությունը շեղել դեպի դարպասը, արդյունքում հասնել չկարողացավ, բայց դարպասապահն էլ անզոր էր շվեդի փոխանցում-հարվածի առաջ: Գնդակը զավեշտալի կերպով հայտնվեց դարպասում, իսկ կանաչներն անհույս իրավիճակում վաստակեցին 3 միավոր:



«Կորիտիբա»-«Գրեմիո»: Բրազիլական Ա սերիայի  չեմպիոնական մրցավազքում «Գրեմիոն» փորձում է պահպանել շանսերն առաջատար «Կորինտիանսին» հասնելու համար: Ի տարբերություն ներքին առաջնության, թիմի գործերը հիանալի են ընթանում Լատինական Ամերիկայի կարեւորագույն ֆուտբոլային մրցաշարում՝ Լիբերտադորեսի գավաթում: Այնտեղ «Գրեմիոն» հասել է մինչեւ կիսաեզրափակիչ եւ չեմպիոնության դեպքում աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու լավ շանսեր ունի:

Մինչ այդ բրազիլական Ա սերիայի 28-րդ տուրում, Ռոնալդինիոյին «ծնած» պրոֆեսիոնալ  առաջին թիմը մրցակցի հարկի տակ խաղաց «Կորիտիբայի» հետ: Խաղն ընթացավ երկուստեք գրոհներով, բայց ելքը վճռվեց  «90+2»-րդ րոպեին: «Կորիտիբայի» պաշտպանի կոպիտ սխալի պատճառով Ռամիրոն խլեց գնդակն ու նվազագույն հաշվով հաղթանակ պարգեւեց «Գրեմիոյին::


«Դիժոն»-ՊՍԺ: 
Այս խաղում հարձակվողների համար անհավանական թվով գոլային հնարավորություններ եղան, բայց ամեն ինչ որոշեց ռմբարկու պաշտպանը: «Պարի Սեն Ժերմենում» է խաղում Բելգիայի հավաքականի աջ պաշտպան Տոմա Մյոնիեն, ով նույնիսկ հավաքականի մեկ խաղում կարողացել է իր անվան դիմաց հեթ-տրիկ ու 4 գոլային փոխանցում գրանցել: Լիգա 1-ի 9-րդ տուրի «Դիժոնի» հետ արտագնա խաղում Մյոնիեի առաջին գոլին, «Դիժոնից» ֆիզիկայի օրենքներին դժվարությամբ ենթարկվող  գոլով պատասխանեց Բենժամեն Ժանոն: 87-րդ րոպեին կատարված հարվածն անշուշտ ֆանտատիկայի ժանրից էր:

ՊՍԺ-ի համար գործը հասավ  «90+2»-ին, որտեղ ծերուկին բնորոշ հանգստությամբ Մյոնիեն վազեց տուգանային հրապարակ, արձագանքեց Կիլիան Մբապեի կատարած փոխանցմանն ու արտասովոր ոչինչ՝ Փարիզին պարգեւեց  2:1 հաշվով դժվարին հաղթանակ ու 6 միավորի հեռավորություն հետապնդող «Մոնակոյից»:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին