Ապրիլ 20, 2024
exclusive
11689 դիտում

Հայկական հետք «Ռոստովում», չկայացած ռեկորդն ու «Լիդսի» կրկնակի ադրենալինը



Անհավանական զարգացումներով համեմված խաղեր՝ համաշխարհային ֆուտբոլի ներկա ու նախկին գերթիմերի կատարմամբ: «90+»-ում այս անգամ լուրջ դերակատարում ունի նաեւ «Ռոստովը» ներկայացնող հայազգի Խորեն Բայրամյանը: Mediamax Sport-ը ներկայացնում է եվրոպական առաջնությունների միակ անզոր չեմպիոնին, որը կատաղի պայքարի է հանդիպում նույնիսկ ետնապահների հետ դիմակայություններում:

«Մայնց» - «Հոֆենհայմ»

Բունդեսլիգայի 5-րդ տուրի «Մայնց»-«Հոֆենհայմ» մրցավեճը դասագրքային օրինակ է, թե ինչպես կարող է գերհարձակողական ֆուտբոլ դավանող  թիմը պաշտպանությունում թույլ տված բազմաթիվ կոպիտ սխալները փոխհատուցել առջեւի գծում գերմանական ճշգրտությամբ կառուցած գոլերով: Գերմանիայում նման բնորոշում կարելի է տալ միայն 30-ամյա Յուլիան Նագելսմանի գլխավորած «Հոֆենհայմի» խաղին: Եվ սա այն դեպքում, երբ Նիկլաս Զյուլե-Սեբաստիան Ռուդի քանդող դուետն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռացել է «Հոֆենհայմից»:

«Մայնցը» «Հոֆենհայմի» հետ տնային խաղի մեկնարկում պատռեց հյուրերի պաշտպանությունը՝ Օլիվեր Բաումանին ստիպելով 2 անգամ գնդակը դուրս բերել սեփական դարպասից: «Հոֆենհայմը» հակախաղ չէր կարողանում գտնել, իսկ գրոհները հաջորդում էին մեկը մյուսին: «Մայնցը» աստիճանաբար սկսեց չօգտագործել ընձեռված շանսերը, պատասխանն ավելի քան նոկաուտային էր:

«Հոֆենհայմը» նախ հավասարեցրեց խաղի հաշիվը, հետո մրցավարի կողմից ավելացված «90+2»-րդ րոպեին կաթվածահար արեց կառնավալայինների երկրպագուներին: Դիպուկ էր Մարկ Ուկը՝ 2-3: «Հոֆենհայմը» հաղթեց ֆանտաստիկ քամբեքով՝ գոլի վերածելով 4 իրական հնարավորություններից 3-ը: Սա երիտասարդ  Յուլիան Նագելսմանի մարզչական դասն էր Սանդրո Շվարցին:



«Ֆիորենտինա»-«Ատալանտա»

Ամառային տրանսֆերային պատուհանը զարմանալի ֆուտբոլային առեւտուր կազմակերպեց «Ֆիորենտինայի» ու «Ատալանտայի» համար: Եվրոպական ֆուտբոլային գրանդերն իրենց միլիոններով թիմերից տարան ամենահամեղ պատառները, բայց մոռացան ամենակարեւորի մասին: Պայքարի ոգին գնել չհաջողվեց:

Եթե դատենք իտալական Ա սերիայում խաղի որակով, եւ՛ «Ատալանտայում», եւ՛ «Ֆիորենտինայում» զգացվում է առաջատարների բացակայությունը: Նույնիսկ նման իրավիճակում ակումբները  շարունակում են համարձակ ֆուտբոլ խաղալ: Իտալիայի առաջնության վերջին տուրում մանուշակներն «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում ընդունել էին «Ատալանտային»:

«Ֆիորենտինան» հաղթում էր Ֆեդերիկո Կիեզայի անհավանական գոլի շնորհիվ, իսկ դարպասապահ Մարկո Սպորտիելոն ետ էր մղել «Ատալանդայի» 11-մետրանոց հարվածը: Այսքանից հետո մնում էր հավատալ 3 միավորին, բայց «Ատալանտան» «Ատալանտա» չէր լինի, եթե չհիշեր նախորդ մրցաշրջանում ցուցադրած կամային որակները: «90+4»-րդ րոպեին փոխարինման մտած Անդրեաս Կոռնելիուսի փոխանցումն անկասելի հարվածով գոլի վերածեց Ռեմո Ֆրոյլերը: 1-1, եւ թիմերը  կրկին  Ա սերիայի մրցաշարային աղյուսակի միջնամասում են:



«Ռոստով» - «Լոկոմոտիվ»

Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում Խորեն Բայրամյանի «Ռոստովը» տանն ընդունեց «Լոկոմոտիվին»: Հայ ֆուտբոլիստն աստիճանաբար բարելավում է մարզավիճակն ու վերածվում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստի: «Լոկոն» ռուսական պրեմիեր-լիգայում այս պահին միակ թիմն է, որը գոնե փորձեր է անում հասնելու Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»:

Չնայած մրցաշարային աղյուսակում «Ռոստովը» նկատելիորեն զիջում էր «Լոկոմոտիվին», այնուամենայնիվ, մրցավեճի ամբողջ ընթացքում ուներ նկատելի առավելություն: Առջեւի գծում մշտապես տարածություններ էին գոյանում Ալեքսանդր Բուխարովի համար: Երկաթուղայինները համբերատար սպասեցին իրենց շանսին մինչեւ մրցավարի ավելացրած «90+3»-րդ րոպեն:

Այն պահին, երբ մրցավարը պարտաստվում էր սուլել, «Լոկոմոտիվը» կազմակերպեց խաղում վերջին ու ամենավտանգավոր գրոհը: Այն բաղկացած էր երկու փուլից՝ առաջինում փայլեց  դարպասապահ Սերգեյ Պեսյակովը, 2-րդում՝ Էդերին կանգնեցնելն չեղավ: Տրանսֆերային պատուհանի վերջում «Լոկոմոտիվ» տեղափոխված պորտուգալացի հարձակվողն իր դեբյուտային խաղում փոխարինման դուրս գալով՝ 3 միավոր նվիրեց «Լոկոմոտիվին»: Հարվածի ժամանակ խաղից դուրս վիճակը փակել էր Խորեն Բայրամյանը: Յուրի Սյոմինի «Լոկոն» «Զենիթին» զիջում է 4 միավոր:



«Լիդս» - «Բյորնլի»

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 3-րդ փուլում «Բյորնլին» սեփական դաշտում ընդունեց «Լիդս Յունայթեդին»: Թիմերը հիմնական ժամանակում փոխանակեցին մեկական գնդակ, իսկ դրամատիզմը պահեցին «90+»-ի համար:

Թրիլլերը սկսվեց «90+4»-րդ րոպեին: Հանդիպման գլխավոր մրցավարը «Բյորնլիի» ֆուտբոլիստի կողմից խախտում հորինեց «Լիդսի» տուգանային հրապարակում, որից հետո նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Պաբլո Էռնանդեսը: «Լիդսը» հայտնվեց 7-րդ երկնքում, բայց այնտեղ մնաց ընդամենը 2 րոպե:

«90+6»-րդ րոպեին Ռոբի Բրեդին տուգանային հարվածով շքեղ գոլ արարեց, որից հետո թիմերը գնացին լրացուցիչ 2 խաղակես անցկացնելու: Ավելացված խաղակեսերն էլ արդյունք չտվեցին, եւ խաղի ելքը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարով: Այստեղ հաջողությունն ուղեկցեց «Լիդսին»: Նրանք ամեն դեպքում «90+4»-ին երկինք բարձրանալու ճանապարհը սովորել էին: «Բյորնլին» դուրս մնաց հետագա պայքարից:



«Սպարտակ»-«Անժի»

Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում գործող չեմպիոն Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ «բարդագույն» խաղում ուժերն էր չափում մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում գտնվող «Անժիի» հետ: Եթե միտքն ընթերցելուց հետո զգացողություն է առաջանում, թե ինչ-որ բան այն չէ, ապա շտապեմ ձեզ տխրեցնել: Ամեն ինչ կարգին է եւ առավել քան տեղին: Ռուսաստանի առաջնության գործող չեմպիոնն արդեն դժվարությամբ է փրկում խաղը ետնապահների հետ պայքարում: Արդեն բոլոր թիմերը սովորել են՝ գրոհում է «Սպարտակը», միավոր վաստակում հակառակորդը:

«Անժիի» հետ մրցավեճը առույգ սկսվեց «Սպարտակի» համար: 14-րդ րոպեին Լուիս Ադրիանոն առաջ մղեց կարմրասպիտակավուններին: «Անժին» 2-րդ կեսում կերպարանափոխվեց ու կարողացավ 2 անգամ հասնել հաջողության: Անզոր չեմպիոնը պարտվում էր մինչեւ «90+2»-րդ րոպեն:

Դժվար է ասել՝ գլադիոտորները կկարողանային փրկել խաղը, թե ոչ, եթե տուգանային հրապարակում անհամաձայնեցված չգործեին «Անժիի» պաշտպանները: Ինչեւէ, եղածը եղած է, ոչինչ չես փոխի: Փոխարինման դուրս եկած Լոռենցո Մելգարեխոյին հաջողվեց օգտվել մախաչկալյան թիմի պաշտպանների բացթողումից  ու «Սպարտակին» նվիրել մեկ միավոր՝ 2-2: Մոսկովյան թիմը մրցաշարային աղյուսակում այս պահին 7-րդն է:



«Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Բետիս»

Այս խաղի մասին գիտեն բոլորը: Ռեկորդը չկայացավ, պարտվեց Մադրիդը, կամ գուցե հաղթեց Անտոնիո Ադանը: Արդեն կարեւոր չէ: «90+4»-րդ րոպե. Անտոնիո Սանաբրիան 1998 թվականից ի վեր  առաջին անգամ «Բետիսին» հաղթանակ պարգեւեց «Ռեալի» հետ խաղում՝ դառնալով դիմակայության միակ գոլի հեղինակը:



Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին