exclusive
15954 դիտում

Հելլադայի աստվածները հրաժարվում են «Օլիմպիակոսից»


Լուսանկարը` Facebook


Հունական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ակումբը՝ «Օլիմպիակոսը» գտնվում է ճգնաժամի մեջ: Հելլադայի  երբեմնի ահեղ թիմը դժվարությումբ է փրկվել պարտությունից: Անդրադարձը՝ «90+»-ում: Mediamax Sport-ի ուշադրության կիզակետում այս անգամ հայտնվել են նաեւ թիմեր ՄԼՍ-ից  ու Արգենտինայի առաջնությունից:

«Ապոլլոն»-«Լիոն»

Եվրոպա լիգայի խաղարկության մեկնարկը չար կատակ է խոստանում Լիոնի «Օլիմպիկին»: Առաջին տուրում թիմի մրցակիցը կիպրոսյան «Ապոլլոնն» էր: Էլ ում, եթե ոչ «Ապոլլոնին» «Լիոնը» նույնիսկ մրցակցի հարկի տակ պարտավոր է հաղթել՝ հաշվի առնելով, թե ինչ խմբում է հայտնվել: Ինչպես ֆրանսիացիների խաղն է ցույց տալիս, նրանք այս անգամ Եվրոպա լիգային մատների արանքով էին նայում: 90 րոպեից հետո թիմը Մեմֆիս Դեպայի 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ հաղթում էր նվազագույն առավելությամբ: Բայց օդում կախված 3 միավորն այդպես էլ չգնաց Ֆրանսիա: «90+3»-րդ րոպեին Նիկոլաս Մարտինեսի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո «Ապոլլոնի» ֆուտբոլիստ Սարդիներո Ադրիանը, Լիոնի պաշտպան Մարսելոն ու ուղղահայաց դարպասաձողը համատեղ ուժերով գնդակն ուղարկեցին ֆրանսիական թիմի դարպասը, ու Բռունո Ժենեզիոյի թիմը զրկվեց անչափ կարեւոր 3 միավորից՝ 1:1: Այժմ «Օլիմպիկը» ստիպված կլինի հաղթել անգլիական «Էվերոտոնին» ու իտալական «Ատալանտային»:



«Օլիմպիակոս»-«Աստարես» 

Հելլադայի երկրում «Օլիմպիակոսի» անհաջողությունները շարունակվում են: Թիմն օրեր առաջ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում սեփական հարկի տակ տանուլ տվեց մեկնարկային խաղը Լիսաբոնի «Սպորտինգին», բայց մեկ վայրէջքով չբավարարվեց: Սուպերլիգայի հերթական՝ 4-րդ տուրի խաղում, այն էլ կրկին տանը, «Օլիմպիակոսը» խաղաց «Աստարեսի» հետ: Հունական ֆուտբոլի ետնապահներից մեկն արժանի մրցակցություն ապոհովեց երկրի ամենատիտղոսակիր թիմին ու կարողացավ անգամ միավոր տանել «Գիորգիոս Կարաիսկակիս» մարզադաշտից: «Աստարեսը» հիմնական ժամանակում հաղթում էր նվազագույն 1-0 հաշվով, բայց վերջում սեփական տանջանքը ջուրը գցեց՝ իր դարպասին բերելով 11-մետրանոց հարված: «90+4»-րդ րոպեին Ուրոշ Ջուրջեւիչը անվրեպ իրացրեց հարվածն ու «Օլիմպիակոսին» նվիրեց մեկ միավոր: Թիմը հունական սուրպերլիգայում  առաջատարի դիրքը զիջեց ԱԷԿ-ին:

Լուսանկարը` http://www.olympiacos.org


«Վանկուվեր»-«Կոլոմբուս»

Մինչ «Օռլանդո Սիթին», «Լոս Անջելես Գելեքսին» ու մյուս ամերիկյան թիմերը մտածում են եվրոպական ֆուտբոլի ծերացած աստղերի ձեռքբերման մասին, ՄԼՍ-ի արեւմտյան կոնֆերենցիայում առաջատար դարձավ համեստ «Վանկուվերը»: Թիմը տնային խաղում մեծ դժվարությունների հանդիպեց «Կոլոմբուսի» հետ պայքարում եւ միայն հրաշքով կարողացավ փրկել մեկ միավորը: Դրամատիկ ելք ունեցած մրցավեճում նույնիսկ դժվար էր հաշվել գոլային պահերն ու վտանագավոր գրոհները: Խաղադաշտում 90 րոպեից ավելի ընթացավ հիանալի տեմպային ֆուտբոլ: «Վանկուվերը» առաջինն էր հասել հաջողության, բայց «Կոլոմոբուսը»՝ Օլա Կամարայի առաջնորդությամբ կարողացել էր 2  գեղեցիկ գոլ խփել ու առաջ անցնել հաշվի մեջ: Դաշտի տերերին առաջատար դառնալու համար բավարար էր նույնիսկ մեկ միավորը: Թիմն առաջ գնաց: Վճառական հարվածը եղավ «90+2»-րդ րոպեին: Ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գրագետ կոմբինացիան եզրափակեց Թոնի Չանը՝ հաշիվը դարձնելով 2-2: «Վանկուվերը» բարդագույն խաղում հասավ նպատակին: Այս նույն կոնֆերենցիայում է խաղում նաեւ Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ-Լեյքը», որը «Վանկուվերին» զիջում է 7 միավոր եւ գտնվում մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում:



«Գենգամ»-«Լիլ»

Ֆրանսիական լիգա 1-ի 6-րդ տուրը մրցաշարային աղյուսակի հետնամաս ուղարկեց «Լիլին»: «Գենգամի» հետ արտագնա խաղերը մշտապես բարդ են դասավորվում ֆրանսիական ցանկացած առաջատար թիմի համար: Այս մրցաշրջանի առաջին 6 տուրից հետո բրետանյան թիմն այն ակումբներից է, որը կամ հաղթում է, կամ պարտվում: Այս նույն տրամաբանությամբ Անտուան Կամբուարեյի թիմն առաջ նետվեց նաեւ «Լիլի» հետ մրցավեճի ավելացրած ժամանակում: «90+3»-րդ րոպեին Էթիեն Դիդոն հեռահար հարվածով գնդակն ուղարկեց Մարսելո Բիելսայի մարզած թիմի դարպասն ու «Լիլին» ստիպեց մտածել մրցաշարջանում տեղը պահպանելու մասին: «Գենգամն» առավելության հասավ 1-0 հաշվով:



«Ինդեպենդիենտե»-«Լանուս»

Արգենտինայի առաջնության սկզբում իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս երկրի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ «Ինդեպենդիենտեն»:  Հերթական՝ 4-րդ տուրի՝ «Լանուսի» հետ խաղում արգենտինական ֆուտբոլի կարմիր սատանաները չգիտեին, որ ցավալի հարվածը հասցնելու է այն ֆուտբոլիստը, որին ամիսներ առաջ էին վաճառել մրցակցի ճամբար: Տնային խաղում «Ինդեպենդիենտեին» ոչ մի կերպ չհաջողվեց հաղթանակի նժարն իր կողմը թեքել: Դա էլ դեռ քիչ էր, խաղավարտին «Լանուսի» ֆուտբոլիստ Աուտարո Ակոստան  կայծակնային հակագրոհի արդյունքում ստիպեց «Ինդեպենդիենտեի» դարպասապահին խախտել կանոնները սեփական տուգանային հրապարակում: 11-մետրանոցն իրացնելու եկավ Հերման Դենիսն ու գրավեց դեռ ամիսներ առաջ հարազատ համարվող թիմի դարպասը՝ 0:1: Դենիսն այս կերպ վրեժ լուծեց «Ինդեպենդիենտեից» իրեն թիմից հեռացնելու համար: «Լանուսը»  վաստակեց մրցաշրջանի առաջին միավորները:



Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին